Խմբային մրցաշարի մեկնարկային խաղում Ուկրաինային 1:2 հաշվով պարտվելուց հետո, Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները դեպրեսիայի մեջ էին ընկել: Սակայն եղածը` եղած է եւ այն փոխել չես կարող: Դրա փոխարեն անհրաժեշտ էր արագ մոռանալ պարտության մասին ու նախապատրաստվել գալիք հանդիպումներին: Ու սկանդինավցիները գտել էին սթրեսից դուրս գալու անչափ հետաքրքիր ձեւ:
Հաջորդ օրը նրանք գնացել են մարզման ու մինչեւ այն սկսելը, պահեստային դարպասապահ Իոհան Վիլանդն ի տես աշխարհի, մերկացրել է հետույքը, մոտեցել պատին ու կռացել է: Իսկ թիմակիցները մեկական գնդակ վերցնելով` հերթով հուժկու հարվածներով սկսել են «գրավել նրա դարպասը»:
Մարզումային-վերականգնողական այս ինքնատիպ մեթոդը խիստ վրդովվեցրել է Շվեդիայի պրեմյեր Ֆրեդրիկ Ռեյնֆելդտին, որը հայտարարել է, թե դրանից սեռական բռնության հոտ է գալիս: Իսկ լրատվամիջոցները գրում են, որ նա իրականում զայրացել է նրա համար, որ ֆուտբոլիստներն այդքան հեշտ աշխարհին բացահայտել են իրենց ժողովրդական բժշկության գաղտնիքները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ