Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլերենը դիմորդին պետք չէր՝ ուղղակի ուժերն էր փորձում

Հունիս 15,2012 15:49

Aravot.am-ն այսօր այցելեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձեւավորված քննական կենտրոն, որտեղ  անգլերենի միասնական քննություն էր: Պատասխանատուները դիմորդներին նախ ծանոթացրին անցկացման կարգին, զգուշացրին, որ արտագրելու դեպքում կհեռացվեն, ապա տեղեկացրին` քննությունը կտեւի 2 ու կես ժամ:

Ձեւաթղթի գլխամասը կտրելուց հետո, Բժշկական համալսարանում ձեւավորված քննակենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը տվեց քննության մեկնարկը: Կանչվեց մի քանի ծնող ու դիմորդ, որպեսզի հենց իրենք բացեն ծրարները` հավաստիանալու, որ ամեն ինչ արդար է : Դրանից հետո պատասխանատուները բաժանեցին միասնական քննության թեստերը, եւ դիմորդները սկսեցին աշխատել: Քննությանը ներկա էր 192 դիմորդ, բացակայում էր 7-ը:

Զրուցեցինք քննություն հանձնողների հետ:
Դիմորդներից Անժելան ցանկանում է ընդունվել Ագրարային համալսարան: Մինչեւ հիմա եղած քննությունները հաջող է հանձնել,  իսկ անգլերենին, իր կարծիքով, լավ է պատրաստվել:
Համալսարանի բակում դրված էր մոնիտոր, որի միջոցով ծնողները կարող էին տեսնել ներսում գտնվող իրենց երեխաներին:

Քննության մեկնարկից մեկ ժամ հետո դուրս եկավ մի աղջիկ՝ Մարիամ Ռոստոմյան անունով: Նա Aravot.am-ին ասաց, որ ընդունվել է գեղարվեստի ակադեմիա, ուղղակի իր ցանկությամբ եկել էր անգլերեն հանձնելու՝ ուժերը փորձելու համար, թեեւ այդ գնահատականը իրեն պետք չի գալու:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930