Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի կալանքի դեմ պայքարողը «Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամ է

Հունիս 15,2012 15:40

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակից ֆիլմերն ու ժյուրիների կազմերն արդեն հայտնի են: Փառատոնը կպահպանի 4 ավանդական մրցույթները՝ 1250 հայտերից ընտրված 65 ֆիլմերը կներկայացվեն խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) եւ Հայկական համայնապատկեր բաժիններում: Վերջինս իր հերթին բաժանված է խաղարկային եւ վավերագրական ենթաբաժինների:

Այսօր «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով Խաղարկային մրցույթն ասաց, որ ընտրվել են 12 ֆիլմեր՝ Չիլիից մինչեւ Նիդեռլանդներ: Դրանց թվում են՝ Օսջան Ալպերի «Ապագան հավերժ է», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պիեռ  Շոլլերի «Նախարարը»: Վերջին երկու գործերը Կաննի կինոփառատոնի Ֆիպրեսի ժյուրիի մրցանակակիրներ են: Խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր եւ 2011-ի ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն: Ժյուրիի կազմը ներկայացնելիս, պարոն Ստամբոլցյանն առանձնացրեց լեհ կինոքննադատ Հանուս Կազդային, ով ժամանակին նպաստել է Փարաջանովի արվեստի տարածմանը եւ պայքարել, որ նրան կալանքից ազատեն:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը խոսեց վավերագրական  ֆիլմերից, ասելով, որ դրանք դիտելիս հաճույք կստանան ոչ միայն կինոսիրողները, այլեւ մասնագետները: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը անդրադարձավ «Հայկական համայնապատկեր» ծրագրին, իսկ Արամ Շահբազյանը՝ կարճամետրաժ ֆիլմերին:

Հարցին, թե ինչու խաղարկային մրցույթում հայ ռեժիսորի ֆիլմ չկա, Միքայել Ստամբոլցյանը պատասխանեց, որ մի քանի տարի առաջ նման «սխալ» թույլ են տվել. հայ ռեժիսորի ֆիլմը մրցանակ չի ստացել, հետո  հեղինակը եւ նրա շրջապատը սկսել են «Ոսկե ծիրանին» մեղադրել հայկական կինոն հալածելու մեջ: «Իսկ եթե ավելի լուրջ, եթե այնպիսի հայկական ֆիլմ լիներ, որ որակով չզիջեր ներկայացված 12 ֆիլմերին, առանց վարանելու կդնեինք»,-հավելեց  նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930