Այսօր Aravot.am-ը խնդրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին Վարդան Օսկանյանի վարկանիշը գնահատել նախագահական ընտրություններին: Ադիբեկյանի խոսքերով` «Սիվիլիթասից» հետո պարզ չի, թե ինչ կլինի: Տեսնենք հլը կբարձրանա՞ վարկանիշը: Եթե նա ընդդիմության վրա է հենվելու, նա չի անցնի, ծայրահեղ ընդդիմությունը ընտրողների 10%-ն է, իսկ 10%-ի վրա չես կարող իշխանություն ստանալ»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ԲՀԿ-ն հենվեց ընդդիմութան վրա եւ ձայներն ավելացրեց` նա պատասխանեց. «Մասամբ է հենվել, իր ձայների միայն 1/3-ն է ընդդիմական: Հիմա հաջորդ ընտրություններին, չլինելով կոալիցիայում, այդ ձայների մի մասը կկորցնի»:
Պարոն Ադիբեկյանը վստահեցնում էր, որ հիմա ԲՀԿ-ն լուրջ խնդիրներ ունի. «Քանի հազար մարդ անիծում են Ծառուկյանին, որ կորցնելու են պաշտոնը, գործը, որովհետեւ փոխվելու են նախարարներ, այդ մարդիկ իրենց թիմն են բերելու: Մարդիկ աշխատում էին, տուն էին պահում, հիմա դուրս են գալիս գործազուրկ, ի՞նչ պիտի անեն»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք` այսինքն Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը խնդիրնե՞ր ունեն պարոն Ծառուկյանի հետ` նա պատասխանեց. «Իրենք կարող է չունենան, որովհետեւ իրենց տակը լցրած է, խոսքը գնում է մյուսների մասին` տեղակալ, վարչության պետ, հիմնարկի ղեկավար: Դրա համար, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը մեկտեղվում են, ամեն քայլ պետք է լուրջ հաշվարկվի, ամեն քայլ: Տնտեսական ցավը ամենամեծ ցավն է: 25 տարեկան տղա վերջերս գցեց իրեն Կիեւյան կամրջից: Կորցրել է պաշտոնը ու չգիտի, էլ պաշտոն չի կարող ստանալ, որովհետեւ պիտակավորված է ինչ-որ մի կուսակցության կողմից: Կյանքը դառնում է անիմաստ, ու դա իրենց խղճի վրա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ