«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը անդրադառնալով մայիսի 5-ի «Լռության օրվան»՝ ասաց, որ չնայած օրենքն արգելում է, բայց ամեն դեպքում իրենց կողմից մշտադիտարկման ենթարկված 10-ը կայքերում (1in.am, 7or.am, A1plus.am, Azatutyun.am, Civilnet.tv(am), Lragir.am, News.am,Tert.am, Panarmenian.net, Panorama.am:) կուսակցություններին վերաբերող անդրադարձեր կային:
«Մշտադիտարկված կայքերում մայիսի 5-ին արձանագրվել է 88 հրապարակում, որոնցում կուսակցություններին վերաբերող 152 անդրադարձ է եղել: Առավել շատ անդրադարձերը վերաբերել են ՀՀԿ-ին՝ 74 անգամ, ԲՀԿ-ին՝ 28 եւ ՀՅԴ-ին՝ 25 անգամ»,-ասաց Դեհերյանը՝ ավելացնելով, որ այդ հրապարակումները հիմնականում եղել են մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի, ինչպես նաեւ Կոտայքի Ալափարս գյուղում ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի միջեւ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
«Լռության օրը» խախտվել է նաեւ Սահմանադրական դատարանի նիստի եւ վճռի հետեւանքով, որը վերաբերում էր ԱԺ պատգամավորների դիմումին, քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը հրապարակելու վերաբերյալ, ինչպես նաեւ այն պատճառով, որ ԱԺ ընտրությունները լուսաբանելու նպատակով թուրք լրագրողները հանդիպել էին «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի պատգամավորների հետ:
Մայիսի 5-ին մշտադիտարկված կայքերից առավել զուսպ են եղել A1plus.am, Azatutyun.am, Panarmenian.net կայքերը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մայիսի 6-ին՝ ընտրությունների օրվան, ապա 1in.am-ի 151 անդրադարձերից 119 չեզոք են եղել, 7or.am-ի 126-ից 93-ն է չեզոք եղել, A1plus.am-ում՝ 129-ից՝ 108-ը, Azatutyun.am-ում՝ 41-ից՝ 33-ը,
Civilnet.am-ում՝ 92-ից՝ 64-ը, Lragir.am-ում՝ 100-ից՝ 66-ը, News.am-ում՝ 145-ից՝ 119-ը, Tert.am-ում՝ 206-ից՝ 167-ը, Panarmenian.net-ում՝ 328-ից՝ 320-ը՝ եւ Panorama.am-ում՝ 219-ից՝ 185 չեզոք հրապարակում է եղել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ