Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում միջինացված տվյալներով Հայաստանը տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր: Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի մոտ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանցից մոտ 7200-ը աղջիկ երեխաների ծնունդը կանխել են` աբորտ են արել: Սա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի` «Սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքներն են, որոնք իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության,վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ:
Ըստ հետազոտության, աղջիկ երեխաների աբորտների հետեւանքով, սկսած 1993 թվականից, Հայաստանում սեռերի հարաբերակցությունը 110-120 տղամարդու դիմաց 100 աղջիկ է ծնվում: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունը 100-106 տղայի դիմաց` 100 աղջիկ է: Հարցումների ընթացքում յուրաքանչյուր 5 կնոջից 2-ը նշել են, որ ցանկանում են առաջնեկը տղա լինի, իսկ աղջիկ երեխա ցանկացել է ունենալ ամեն 7 կնոջից միայն մեկը:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում հետազոտության արդյունքները ներկայացնելու ժամանակ սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը նշեց, որ հարցվածների մեծ մասը տղա երեխաներին նախապատվություն տալը պատճառաբանել են ցեղը շարունակելու, ազգանունը կրելու հանգամանքով: Սակայն ամենակարեւոր պատճառը տղա երեխա ունենալու հայերի բուռն ցանկությունը հիմնականում կապված է օջախը պահող, ծնողներին տիրություն անող եւ հետագայում աշխատանք գտնելու մեծ հնարավորություն ունենելու հանգամանքով:
«Հայերի սեռային այս «ջոկողությունը» մոտ 15 տարի հետո ժողովրդագրական լուրջ խնդիրների կհանգեցնի` կլինի կանանց «դեֆիցիտ», եւ կնոջ համար թեժ պայքար կգնա տղամարդկանց միջեւ: Մեծ մասը կամ շատ ուշ կամուսնանա, կամ էլ ընդհանրապես չի կարողանա ընտանիք կազմել եւ հայ հասարակության մեջ կավելանա մարմնավաճառությունն ու թրաֆիքինգը»-վստահեցրեց միջազգային փորձագետ Քրիստոֆ Գիլմոտոն, որն այս թեմայով Հայաստանում խորքային հետազոտություն է անում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ