«Հունիսի 15-ը՝ Հայաստանի պետական խորհրդանշանների օր» թեմայի շուրջ այսօր «Հենարան» ակումբում խոսեցին «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը, Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը:
Վերջինս փաստեց, որ Սիմոն Վրացյանի հուշագրությունների շնորհիվ են հայտնի ՀՀ զինանշանի հեղինակները՝ Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը. «80-ականներին գաղտնի են պահել այն հանգամանքը, որ Թամանյանը համագործակցել է դաշնակների հետ: Մոսկվաբնակ մեր հայրենակից Սամվել Գրիգորյանը, ով զբաղվում է նշանագիտությամբ, եկել է այն եզրակացության, որ Թամանյանը լավ էր տիրապետում նշանագիտությանը, պատմությանը, հատկապես՝ արքայական գերդաստանների զինանշաններին»: Հ. Թամանյանը միաժամանակ նշեց, որ Ալ. Թամանյանը վրիպակ է թույլ տվել. «Արծիվը չպետք է լիներ երկգլխանի, բայց Թամանյանի ժամանակ հավաստի աղբյուրներից օգտվելը սահմանափակ էր»:
Անուշ Ամսեյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության համար խորհրդանիշերն այցետոմս են հանդիսանում. «1918թ-ին ընդունված մեր դրոշի գույները պատահական չէին ընդունվել, քանի որ հայկական միջնադարյան մանրանկարչության մեջ տարածված են եղել հատկապես կարմիրը, կապույտը եւ ծիրանագույնը, կամ՝ ոսկեգույնը»: Տիկին Ամսեյանը հավելեց, որ ժողովրդի շրջանում խորհրդանշաններից առավել արմատավորված է դրոշը. «Այն ավելի երկար ժամանակահատված է ուղեկցել մեզ, քան մյուս խորհրդանշանները: Բացի այդ, դրոշ կրելն ավելի գործածական է, դա մտել է մեր ինքնագիտակցության մեջ»:
Խոսելով այսօր սպասվող միջոցառումներից, Պավել Սարգսյանն ասաց, որ տոնական քայլերթին մասնակցելու են շուրջ 5000 երիտասարդներ մարզերից, մայրաքաղաքից եւ ուսանողական խորհուրդներից. «Մատենադարանից շարժվելու ենք Հանրապետության հրապարակ եւ մասնակցելու համերգային ծրագրի: Բացի այդ՝ ռազմական ինքնաթիռները կանցնեն Մայր Հայաստանի արձանի վրայով՝ բաց թողնելով եռագույն ծուխ»: Սարգսյանը հավելեց, որ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի վերջին հարցումների արդյունքում՝ մինչեւ 25 տարեկաններն իմացել են հանրապետության օրհներգը, մինչդեռ 25 տարեկանից բարձր հարցվողների մեծամասնությունը՝ ոչ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ