Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնությունը:
Առավոտյան հերթում պայքարի մեջ մտան 44, 48, 53 եւ 58 կգ քաշային աղջիկները: Ըստ այդ հերթականության առաջին տեղերը գրավեցին Նվարդ Մնացականյանը` երկամարտի 70 կգ արդյունք, Հերմինե Եղիազարյանը` 91 կգ, Ծովինար Հարոյանը` 113 ու Եվրոպայի անցած տարվա պատանիների չեմպիոն Իզաբելա Յայլյանը` 180 կգ:
Այս պահին մրցում են 63, 69 եւ 69+ քաշայինները (աղջիկների առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 27 մարզուհի), որոնց պայքարի ավարտից հետո մրցահարթակը կտրամադրվի պատանիներին: Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն Aravot.am-ին ասաց, որ առաջնության արդյունքներով կազմավորվելու են Հայաստանի տղաների եւ աղջիկների պատանեկան հավաքականները, որոնք նախապատրաստվելու են օգոստոսին կայանալիք Եվրոպայի եւ աշնանը` աշխարհի առաջնություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ