Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ օլիգարխների վրա թանկ կնստի, եթե օր ու մեջ իրենց լողավազանի ջուրը փոխեն (Տեսանյութ)

Հունիս 15,2012 14:28

Ի՞նչ կլինի, եթե երկու օլիգարխ որոշեն նույն օրն իրենց լողավազանների ջրերը փոխել: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի հարց ուղղեցին «Երեւան Ջուր» ընկերության պատասխանատուներին: «Այն ջուրը, որը մատակարարում ենք, բավականին սառնորակ է եւ այդ ջրով լողալ հնարավոր չէ, եթե չտաքացնես, հնարավոր չէ ֆիզիկապես ջուրն անընդհատ լցնել-դատարկել, որովհետեւ իրենց ծախսերը կտասնապատկվեն, կհարյուրապատկվեն, այսինքն` նման խնդիրներից խուսափելու համար օլիգարխ կլինի, թե ով կլինի, նա տարվա մեջ մեկ անգամ է լցնում ջուրը եւ այսօր կան ֆիլտրման ժամանակակից համակարգեր, որոնք մաքրում են ջուրը, հնարավոր է՝ նա ավելացնի այն ջուրը, որը գոլորշիանում է: Լողավազանների ջրի սպառումն այնքան մեծ չէ, ինչքան որ ներկայացվում է»,-պարզաբանեց ընկերության հաղորդակցության եւ հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը: «Երեւան ջուր» ընկերության պաշտոնյաները «Ջրաշխարհի եւ Դելֆինարիումի աշխատանքները խափանում են ջրամատակարարման հուսալիությունը» թեմայով ասուլիս էին հրավիրել:

Ամեն տարի ամռան սեզոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը վատթարանում է: Հատկապես՝ ջուր չեն ունենում Նոր Նորքը, Նորք- Մարաշը, Չարբախը եւ բոլոր այն թաղամասերը, որտեղ բնակիչներն այգիներ ունեն եւ ոռոգման ցանցի բացակայության պատճառով իրենց այգիները խմելու ջրով են ոռոգում: Նոր Նորքի բնակիչները տարիներ ի վեր, իրենց համայքնում տեղի ունեցող ջրազրկումները պայմանավորում են Ջրաշխարհով, սակայն մայրաքաղաքի ջրամատակարարման համար պատասխանատուները նորքեցիների բողոքներին ի պատասխան՝ վստահեցնում են, որ ժամանցի այդ օբյեկտը ոչ մի կապ չունի: Գագիկ Մարգարյանն ասաց. «Ամեն տարի մենք այս մասին պարզաբանում ենք, բայց, չգիտես ինչու, լրատվամիջոցները միակողմանի եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են դրսեւորում իրենց հրապարակումներում»:

«Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքերով, Ջրաշխարհը իրենցից գնում է միայն կենցաղային կարիքների համար նախատեսված ջրաքանակ, որը միջին հաշվով փոքր բազմաբնակարան շենքի չափ ջուր է կազմում. «Ջրաշխարհը դեռեւս չի աշխատում,  բայց մեր ջրատարում նախորդ շաբաթ ունեցանք կտրուկ նվազում՝ կապված ոռոգման սեզոնի հետ եւ մի քանի ժամվա ընթացքում շատ մեծ ծանրաբեռնվածություն եղավ ցանցի վրա, ինչի պատճառով Նոր Նորք վարչական շրջանը եւ Սարի թաղը մոտ 2 օր ունեին ջրամատակարարման խնդիր: Մենք հարկադրված բարձր ճնշման ջուր ենք մատակարարում ցանց, որպեսզի պակասը լրացվի»:

Aravot.am-ի հարցին, թե ջրի սակագինը նվազելո՞ւ է, ինչպես որ ամրագրված է կառավարության հետ կնքած պայմանագրում, պարոն Մարգարյանի պատասխանը՝ տեսանյութում

Շենգավիթցիների այն բողոքներին էլ, թե Դելֆինարիումի կառուցումից ի վեր հարակից շենքերի ջրամատակարարումը կտրուկ վատացել է, Կարապետ Օհանյանն ասաց.«Դելֆինարիումը Շենգավիթ վարչական շրջանի ընդամենը մի փոքրիկ հատվածի մեջ է գտնվում, եւ այն շենքերը, որոնք իրենց ջրամատակարարումը կապում են Դելֆինարիումի հետ, գտնվում են այլ սխեմայով սնվող համակարգում եւ սնվում են այլ համակարգից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930