2012թ. հունվարի 19-20-ին ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտություն, մշակույթի նախարարները համատեղ հրաման են ստորագրել պատմամշակութային հուշարձանները պահպանելու եւ պատանիների, երիտասարդների քաղաքացիական ու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը բարելավելու միջոցառումների մասին: Պաշտպանության նախարարության կողմից կատարվել է զորամասերի ամրագրում համայնքների տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններին: Ըստ այդ՝ պետք է ապահովվի եռակողմ՝ զորամասեր-համայնքապետարաններ-դպրոցներ համագործակցություն:
Հունիսի 12-ի Տավուշի մարզխորհրդի նիստում հրապարակվեց մարզի տարածքում տեղակայված զորամասերի հետ համագործակցող դպրոցների անունները եւ զորամասերի ու դպրոցների կողմից պահպանման, մաքրման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկը: Նոյեմբերյանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գրիգորյանն ասաց, որ հուշարձաններ կան, օրինակ՝ Կողբի անտառում գտնվող Մշկավանքը, որոնք բնակավայրից բավական հեռու են, երեխաներին այնտեղ տեղափոխելը խնդրահարույց է, եթե հնարավոր է՝ մարզպետարանն այդ նպատակով դպրոցներին տրանսպորտային միջոցներ տրամադրի:
– Եթե խնդիր լինի, մենք դիմելու ենք գնդին,- կես լուրջ, կես կատակ ասաց մարզպետը:
– Գունդը միշտ պատրաստ է օգնելու,- հայտարարեց փոխգնդապետ Գրիգորյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ