Նա նաեւ աֆորիզմների գրքեր է գրում եւ յոգայով բուժում անպտղությունը
Երաժշտարվեստում չափից ավելի պրոֆեսիոնալ պահանջներ ներկայացնելով, հաճախ մոռանում ենք, որ շատ ու շատ հիթային ստեղծագործություններ (հիմնականում՝ երգեր ու պարեղանակներ) հորինել են երաժշտական գրագիտություն չունեցող մարդիկ: Հնամենի վեճը պրոֆեսիոնալների ու ինքնուսների միջեւ շարունակվում է, մեկ-մեկ էլ մոռացնել տալով, որ, օրինակ, մասնագիտությամբ բժիշկ Մխիթար Մնացականյանի ստեղծած «Կարոյի պարը» (այսպես է ժողովուրդն անվանում պարեղանակը) ջութակահար Կարապետ Հայրապետյանի անկրկնելի մատուցմամբ շատերին էր պարի հրավիրում, այդ թվում՝ նաեւ պրոֆեսիոնալներին: Բանասեր Հասմիկ Մանասերյանի երգերը, այդ թվում՝ «Ծփում է Սեւանը», կամ ինժեներ-լեռնագործ Սասուն Պասկեւիչյանի ստեղծագործությունները շուրջ կես դար ճանաչված կատարողների երգացանկում են:
«Առավոտին» հետաքրքրեց նաեւ 32-ամյա մասնագիտական փորձով բժիշկ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի՝ վերջերս հրատարակված «Երազ» CD-ն, որն արժանացել է ջազմեն Լեւոն Մալխասյանի, երգահան Ռուբեն Հախվերդյանի, դերասան Միքայել Պողոսյանի, բալետի արտիստ Ժակլին Սարխոշյանի եւ այլ ճանաչված արվեստագետների գնահատանքին: Այն 7 մասից բաղկացած գործիքային ստեղծագործություն է, տեղ-տեղ՝ ուղեկցվելով վոկալիզով, որը ներդաշնակվում է երգչուհի Լուսինե Ազարյանի սոպրանոյով:
Մեզ հետ զրույցում Էդ. Համբարձումյանն ասաց, որ հիշյալ CD-ն, որի ստեղծման վրա տարիուկես աշխատել է գործիքավորող Վահան Նահապետյանի հետ, 12-ից մինչ օրս՝ 56 տարեկանը, իր հորինած մեղեդիների հավաքածուն է. «Ինձ անչափ ոգեւորեցին ոչ միայն գործընկերներս, այլեւ արվեստագետներ, օրինակ՝ Միշան (նկատի ունի Միքայել Պողոսյանին- Ս. Դ.) այս երաժշտությունը տեսնում է իր ապագա ֆիլմում, բալետի աստղն էլ (Ժակլին Սարխոշյանը- Ս. Դ.) այնքան է ոգեւորված, որ պատրաստվում է այն առաջիկայում ներկայացնել մեկ գործողությամբ բալետի տեսքով: Մալխասն ու Ռուբիկն էլ հորինածս մեղեդիները գերագնահատելով՝ որակեցին իբրեւ հայտնություն: Պատրաստվում եմ հանդիպել Ռոբերտ Ամիրխանյանին՝ անվանի կոմպոզիտորից կարծիք լսելու ակնկալիքով»: Գինեկոլոգ-երաժիշտը ժպտալով հավելեց, թե գործընկերների շրջապատում «իրարանցում» է. շատերն են ոգեւորվել եւ ուզում են ստեղծագործել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով CD-ին, մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին մասում օգտագործել է հայտնի «Երազ» երգի մեղեդին. «Ինչ վերաբերում է իմ «Երազին», երաժշտության միջոցով ցանկացել եմ ցույց տալ կյանքի շարունակականության ֆենոմենը»: Էդուարդ Համբարձումյանն ասաց նաեւ, որ իր տնօրինությամբ գործող Մարդու պտղաբերության կենտրոնում սեփական եւ որոշ կոմպոզիտորների երաժշտությամբ մեկ ամիս է, ինչ անցկացվում է յոգա՝ հղիների համար: Հավելեց, որ շուրջ տասը տարի աշխատելով Բոստոնում, արձանագրել է այս մեթոդի արդյունավետությունը, նշելով, թե անպտղությունը էմոցիոնալ-հորմոնալ-նյարդային կծիկ է, ինչը երբեմն շատ ավելի արագ կարգավորվում է երաժշտության միջոցով, քան դեղորայքով: Հարցին, թե հնարավո՞ր է առաջինին հաջորդի երկրորդ CD-ն, մեր զրուցակիցն ասաց. «Շատ չեմ ուզում շեղվել, վերջին հաշվով՝ բժիշկ եմ»:
Հետաքրքրությանը, թե բացի երաժշտարվեստից, ունի՞ այլ հոբի, Էդուարդ Համբարձումյանը պատասխանեց. «Աֆորիզմների երկու գիրք ունեմ, որից մեկը անգլերեն հրատարակվել է ԱՄՆ-ում, մյուսն էլ պատրաստվում է հրատարակության»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ