Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նույնն էր, ինչ սոված արջին տակառով մեղր տաս»

Հունիս 15,2012 13:41

Կամ հայաստանցի երիտասարդ գիտնականները՝ ամերիկյան հնարավորությունների ու հայաստանյան սղության մասին

Անահիտ Գոգյանը, Արամ Զեյթունյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Հովիկ Փանոսյանը:

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի հետ համատեղ, «Աջակցություն երիտասարդ գիտաշխատողների հետազոտություններին ԱՄՆ-ում եւ դրանց շարունակությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, մրցութային հիմունքներով ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել 7 երիտասարդ գիտաշխատողների: Նրանք իրենց հետազոտական մտահղացումների իրականացման նպատակով մինչեւ երեք ամիս տեւողությամբ ԱՄՆ լաբորատորիաներում են անցկացրել։

14 դիմորդներից մրցույթով ընտրվել էր 7-ը՝ հիմնվելով հայկական եւ ամերիկյան անկախ փորձաքննությունների արդյունքների վրա։

«Առավոտը» հանդիպեց երիտասարդ գիտնականներից 4-ին՝ Դավիթ Գեւորգյանին, Անահիտ Գոգյանին, Հովիկ Փանոսյանին եւ Արամ         Զեյթունյանին: Նրանց խնդրեցինք պատմել, թե ինչ տվեց ԱՄՆ-ում անցկացրած 3 ամիսը եւ շփումները արտերկրի գործընկերների հետ:

Դավիթ Գեւորգյանը, որ ներկայացնում էր Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, այցելել էր Էմորի համալսարան (Ատլանտա, Ջորջիա): Ամերիկյան փորձը նա ոգեւորիչ է գնահատում, ասում է՝ չի ցանկանում բացասաբար արտահայտվել ազգային գիտության մասին, բայց միեւնույն ժամանակ համեմատության եզր էլ չի գտնում: Այն լաբորատորիան, որտեղ երիտասարդ գիտնականն է աշխատել, ապշեցրել է սարքավորումներով եւ ամեն ինչով: Դավիթ Գեւորգյանին հարցրինք՝ ի՞նչ է պետք Հայաստանում երիտասարդ գիտնականին:

«Հարցին կարելի է պատասխանել 2 տարբերակով՝ վերացական եւ կոնկրետ: Վերացականի պարագայում կարելի է անվերջ փիլիսոփայել, իսկ եթե ավելի լուրջ՝ գիտությունը շատ թանկ հաճույք է, դրա համար մենք պետք է որոշենք, թե մեր երկրի սահմաններում ո՞ր բնագավառներն են կարեւոր: Հակառակ դեպքում կհայտնվենք ինչ-որ թղթերի դիմաց, որոնք, ի վերջո, ոչ մի գործողություն չեն ենթադրում»,-պատասխանեց մեր զրուցակիցը: Նա փաստեց, որ, օրինակ, ԱՄՆ-ում գիտահետազոտական հիմնարկները չունեն կոնկրետ ֆինանսավորման աղբյուր. գումարի մի մասը պետությունն է տալիս, մյուս մասը գոյանում է տարածքները վարձակալությամբ տալուց, որոշ գումար էլ գալիս է դրամաշնորհներից. «Դա համարյա 100 տարվա ընթացքում դասավորված ֆինանսավորման այնպիսի համակարգ է, որ նույնիսկ այս ճգնաժամի պայմաններում առանձնապես չի տուժել»:

Իր ապագան Հայաստանո՞ւմ է, թե՞ հայրենիքից դուրս է տեսնում:

«Ես երկու տարբերակն էլ փորձում եմ իրականացնել. իլյուզիաներ չունեմ, եթե էստեղ չստացվի, փորձելու եմ դրսում»,- նշում է երիտասարդը:

Անահիտ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) եղել է Բերկլիի համալսարանում (Կալիֆոռնիա): Հյուրընկալողին՝ նույն համալսարանից Դմիտրի Բուդկերին, երիտասարդ գիտնականը ճանաչում է 2007 թվականից, եւ ուրախ է, որ ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհով հենց Բերկլիում է հայտնվել: Անահիտը նույնպես ցնցված է եւ բուհից, եւ լաբորատորիայի տեխնիկական զինվածությունից: «Չնայած ես տեսաբան եմ, բայց լաբորատորիա մտնելուց՝ ցանկություն էր առաջանում աշխատել էքսպերիմենտների վրա, ազատ ժամանակ փոքր-մոքր բաներում օգնում էի փորձարարներին»: Զուգահեռներ տանելով հայաստանյան եւ ամերիկյան «գիտական» իրականությունների միջեւ, նա նշում է, որ Հայաստանում գիտնականը ստիպված է ամեն չնչին բանի համար պայքարել, դեմ առնել բյուրոկրատական քաշքշուկների, գումար հայթայթել ծրագրերի կամ սարքավորման համար. «Հայաստանում գիտնականի ժամանակը կորում է տեխնիկական խնդիրներ լուծելու վրա, փոխանակ գիտությամբ զբաղվելու: ԱՄՆ-ում լաբորատորիայում ամեն ինչ կա, իսկ եթե որեւէ մաս է պակասում, ասպիրանտը կարող է առանց ղեկավարին հարցնելու պատվիրել եւ օգտագործել»:

ԵՊՀ Գերարագ օպտիկայի եւ լազերային ֆիզիկայի լաբորատորիայի ներկայացուցիչ Արամ Զեյթունյանը «Առավոտին» պատմեց Քորնելի համալսարանի (Նյու Յորք նահանգի Իթակա քաղաք) իր փորձից: Ասում է՝ ԵՊՀ լաբորատորիայում էլ լավ սարքավորումներ կան, այդ «մասով» չի կարող բողոքել, բայց Քորնելի համալսարանում ամեն ինչ այլ էր. «Ուսանողը, առանց ղեկավարի հետ քննարկելու, կարող է պատվիրել իրեն անհրաժեշտ սարքավորումը՝ 2000 դոլարի սահմաններում: Տարվա վերջում էլ պետք է զեկույց ներկայացնես, թե ինչի համար էր դա անհրաժեշտ: ԱՄՆ-ում աշխատելու բոլոր պայմանները կան, բայց նաեւ ծանր է: Օրինակ՝ ես առավոտյան ժամը 9-ին գնում էի, գիշերը 12-ին վերադառնում»:

Հովիկ Փանոսյանը, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետից է, եւ մանրէաբանության ամբիոնի դոցենտ, ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհի շրջանակներում գործուղվել էր Նեւադայի համալսարան՝ Լաս Վեգաս: Նա տեղեկացրեց, որ հայկական եւ ամերիկյան համալսարանների հնարավորությունները չի կարելի բաղդատել: Աշխատանքը, որ կատարվել է նրա կողմից, զուտ փորձարարական էր, վերաբերում էր Հայաստանի մանրէային կենսաբազմազանության ուսումնասիրությանը: Հովիկը հույս ունի, որ այն շարունակություն կունենա: «Ես գտնվում էի ոչ թե գիտահետազոտական լաբորատորիայում, այլ մի համալսարանում, որտեղ զուգահեռ ընթանում էին նաեւ ուսուցողական աշխատանքներ, այսինքն՝ մեկ ամբողջության մեջ էին գիտությունն ու կրթությունը»,- պատմում է մեր զրուցակիցը: Նա փաստում է, որ այնտեղ գիտնականները, եթե պետք է՝ կարող են 24 ժամ աշխատել լաբորատորիայում, մի բան, որ Հայաստանում հնարավոր չէ, Հայաստանում ռեկտորի ստորագրությամբ ընդամենը մի քանի ժամով կարող են ավելացնել աշխատաժամանակդ լաբորատորիայում: «Չէ՞ որ փորձարարություն է, կարող է ժամեր ձգվել: Եվ եթե մենք չենք խրախուսում գիտությանը մոտ մարդու աշխատանքի հանդեպ ձգտումը, ու նա սահմանափակ աշխատաժամանակի մեջ գալիս պարտականությունը կատարում-վերադառնում է, շատ կներեք՝ դա արդեն գիտություն չէ»,- ընդգծում է նա, նաեւ հավելում, որ հայաստանցի երիտասարդ գիտնականները մուտք չունեն անհրաժեշտ կայքեր, գիտական առաջատար ամսագրեր, ինտերնետի հնարավորությունն էլ է սահմանափակ:

Դավիթ Գեւորգյանը նշում է, որ ԱՄՆ-ում բոլոր համալսարաններում եւ լաբորատորիաներում մշտապես ստեղծագործական «թափթփվածություն» է տիրում, բոլորը զբաղված են աշխատանքով, ամեն ինչ հասու է գիտնականին, բավական է մոտենալ ցանկացած համակարգչի եւ 1-2 «քլիկով» վաստակել հարկավոր գիտական հոդվածը կամ տեղեկատվությունը՝ ամենաշատ օգտագործվող տվյալների բազաներից. «Դա նույնն էր, ինչ սոված արջին տակառով մեղր տաս»:

Անահիտը խոստովանում է, որ հայաստանցի գիտնականները զրկված են նման հնարավորություններից, դրա համար էլ հաճախ իրենց «դրսի» ծանոթներին են խնդրում, որ պետք եղած հոդվածը ուղարկեն:

Արամն էլ ասում է, թե կա էլեկտրոնային հասցե, որով ԵՊՀ-ից կարող ես պատվիրել ցանկացածդ նյութը, բայց դա էլ կես օր ժամանակ է խլում, ինչը գիտնականի համար շռայլություն է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930