Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խնդիրները միակողմանի չեն լուծվում. քաղաքացու ակտիվությունն էլ կարեւոր նախապայման է»

Հունիս 15,2012 13:36

32-ամյա Մենուա Բրուտյանի համար Վանաձոր քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծում տալը բոլորի համար անհրաժեշտություն է դարձել:

Նա ասում է, որ արդեն 7 ամիս է, ինչ 100-ի հասնող մասնագիտական կադրերի անմիջական ջանքերի շնորհիվ ստեղծված «Ապագա Վանաձոր» ակումբի նպատակն էլ քաղաքի զարգացմանը նպաստելն է:

Քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերը մի հարկի տակ են միացրել տարբեր մասնագիտություններ ունեցող վանաձորցիների՝ իրենց կարողություններն ու գիտելիքները ի նպաստ քաղաքի շահերին ծառայեցնելու:

«Մենք ապագա Վանաձորի կերտողները չենք, մենք ուղղակի փորձում ենք նպաստել այդ կերտմանը մի քիչ ավելի կազմակերպված տեսքով»,- ասում է ակումբի ներկայացուցիչը:

Թեեւ առկա առաջնային խնդիրներից նա առանձնացնում է աշխատատեղերի պակասը, մարդու իրավունքների, շահերի պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ պետական ապարատի հետ առնչվելիս կապված խոչընդոտները, այնուամենայնիվ, մասնագիտությամբ տնտեսագետ Մենուա Բրուտյանի գնահատմամբ՝ խնդիրները միակողմանի լուծում չեն կարող ստանալ, քաղաքացու ակտիվությունն էլ կարեւոր նախապայման է:

«Մենք քաղաքացու մտածողության հետ խնդիր ունենք, մենք պետք է մեր մտածողությունը փոխենք, պետք է հասկանանք, որ նախ անհրաժեշտ է ճիշտ ապրել, հետո նոր՝ պահանջել: Քաղաքացին էլ պետք է ակտիվ մասնակցի հասարակական գործընթացներին, իր ներդրումն ու տեսակետն ունենա համաքաղաքային խնդիրների լուծման գործընթացում»,- իրենց առջեւ դրված խնդիրների մասին է պատմում Մենուան:

Բացի քաղաքացիների հետ ակտիվ կապ հաստատելը՝ «Ապագա Վանաձոր» ակումբի տեսադաշտից չեն վրիպում հ/կ-ները, լրատվամիջոցները, Տեղական ինքնակառավարման մարմինները:

«Մեր գործունեության շրջանակը ծավալելու համար այսուհետ որոշել ենք ստեղծել Հոգաբարձուների խորհուրդ, որին կարող է միանալ ՀՀ ցանկացած քաղաքացի, ինչպես նաեւ մտադիր ենք կոնկրետ աշխատանքներ տանել գործող նորընտիր պատգամավորների եւ քաղաքի գործարարների հետ»:

Ակումբի մշակման փուլում գտնվող կրթամշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերը ուղղված են միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, որոնց շրջանակներում Վանաձորի երեխաները հնարավորություն կստանան անվճար հաճախելու նկարչության, պարի դասընթացների, ինչպես նաեւ խորացնել գիտելիքները հայոց լեզվից, անգլերենից, համակարգչից:

«Սոցիալական աջակցության ծրագրով էլ նույն թիրախային խմբի համար նախատեսվում է կապ հաստատելով տեղական արտադրողների, ներմուծողների հետ՝ վերջիններիս արտադրանքից որոշակի քանակություն բարեգործական հիմունքներով հատկացնել այս երեխաներին»,-իրենց ծրագրերի մասին է պատմում զրուցակիցս՝ նշելով, որ այդ երեխաները իրականում ունեն հոգատարության ու խնամքի կարիք:

«Իրականում այս խնդիրը բոլորինս է: Եթե հասարակության մեջ կա թիրախային խումբ, որը մի բանի անհրաժեշտություն ունի ու դա չի լրացնում, ապա հետեւանքները ողջ հասարակության համար են ողբերգական լինում: Մենք պետք է կանխարգելենք, նպաստենք, որ հասարակության համար այդ նույն երեխան որպես չարիք չմեծանա, քանի որ  խնամքից դուրս մնաց երեխան վաղը կարող է հանցագործ ուղի ընտրել, ու այդ հանցագործը վտանգ կներկայացնի ինչպես պատգամավորին ու գործարարին, այնպես էլ հասարակության բոլոր անդամներին»,- եզրափակում է ակումբի ներկայացուցիչը:

 

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930