Մեր երկրի ղեկավարները տարբեր առիթներով իրենց ելույթներում հաճախակի են կրկնում՝ «Սիրեցեք ձեր մայր հողն ու ջուրը, ծաղկեցրեք մեր հայրենի երկիրը, այն ձեզ է պատկանում»: Եթե դուք լինեք Տավուշի մարզի համայնքների հողահանդակներում, կտեսնեք, որ նախկին բերքառատ հողերը չեն մշակվում, դրանք դարձել են արոտավայրեր կամ խոտհարքների տարածքներ: Հանրապետության օգտագործվող հողերը բաժանված են 320 հազարից ավելի ընտանիքների միջեւ: Դրանցից մի մասը հնարավորություն չունի սեփականաշնորհված հողերը մշակելու, որովհետեւ գյուղտեխնիկայի խիստ պակաս կա, շատ թանկ են վառելիքը, թունաքիմիկատները, պարարտանյութերը, որոնք հիմնականում դրսից են ներկրվում: Մարզը գտնվում է չոր մերձարեւադարձայինից բարեխառն անցման կլիմայական գոտում, խոնավության գործակիցը 0,3-0,5 է, այդ պատճառով օգտահողերը ոռոգման խիստ կարիք են զգում եւ համարվում են մեր մարզի մելիորացիայի կարեւորագույն հարցերից մեկը: Մարզի տարածքով են անցնում Դեբեդ, Աղստեւ, Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը, որոնց ջրի ծախսի շատ փոքր մասն է օգտագործվում մարզի տարածքում, իսկ մնացածը ոռոգում է մեր հարեւանի հողատարածքները: Աղստեւ գետի օրինակով կարող եմ ասել, որ մեզ պատկանող այդ թանկ բնական ռեսուրսը օգտագործվի մեր տարածքում: Տավուշում Աղստեւի երկարությունը մոտ 60 կմ է, այն հոսում է հարավ-արեւմուտքից դեպի հյուսիս-արեւելք: Գետի եւ նրա վտակների հովիտներում են գտնվում Դիլիջանը, Իջեւանը եւ 15-ից ավելի գյուղական համայնքներ: Այդ բնակավայրերը եւ նրանց հողահանդակները գտնվում են մայր գետի եւ նրա վտակների միջին ու ստորին մասերում: Աղստեւի եւ նրա վտակների հովիտները խորն են, բայց հնարավոր է այդ բնակավայրերը եւ նրանց հողահանդակները ինքնահոս ջուր անցկացնել՝ կառուցելով ջրատար ուղիներ՝ որոշ հատվածներում օգտագործելով խողովակներ կամ կիսախողովակներ: Հարկ եղած դեպքում կառուցել փոքր ջրամբարներ եւ ջրհան կայաններ: Հնարավորության դեպքում այնպես անել, որ մայր գետ թափվող վտակների ջուրը օգտագործվի իր ջրավազանում: Օրինակ՝ Բլդան վտակի ջուրը օգտագործել Դիլիջանի եւ Շամախյանի հողահանդակներում, Պարզ լճից եկող վտակի ջրով հնարավոր է ոռոգել Դիլիջանի ազգային պարկի որոշ հողատարածքներ, Հաղարծին վտակի ջուրը օգտագործել Թեղուտ եւ Հաղարծին գյուղերի բնակավայրերում եւ հողահանդակներում, Գետիկ վտակի ջրի որոշ մասը օգտագործել Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Ճերմակավան, Գեղատափ բնակավայրերի համար, Դեղնաղբյուր վտակի ջուրը լավ հնարավորություն կա օգտագործել Իջեւան քաղաքի հարավային մասում գտնվող հողատարածքներում:
Պայտաջուր վտակի ջուրը կարելի է օգտագործել Իջեւանի, Գանձաքարի, Լուսահովտի, Խաշթառակի համար: Դիտավան վտակը Կիսավրի հետ կարող է ոռոգելի դարձնել Դիտավանի, Ազատամուտի, Այգեհովիտի հողահանդակները: Պաղջուր, Մթնաձոր, Հաչաջուր վտակներով լավ հնարավորություն կա ոռոգելու Գետահովիտ, Լուսաձոր, Ակնաղբյուր, Աչաջուր բնակավայրերի հողահանդակները: Լալիգետ վտակի ջուրը կարող է ոռոգել Վազաշենի հողահանդակների որոշ մասը: Քարահան (Ջողազ) վտակի ջուրը հնարավոր է օգտագործել Աճակուտ, Կիրանց, Ծաղկավան, Սեւքար, Սարիգյուղ, Բերքաբեր բնակավայրերը ոռոգելու համար: Այս ամենը կախված են ոչ միայն ծրագրերից, բարերարներից, այլեւ համայնքի ղեկավարների կազմակերպչական հմտություններից:
Եթե վտակների ջրերը լավ օգտագործվեն իրենց ջրավազանների բնակավայրերում եւ նրանց հողահանդակներում, ապա հնարավոր է մայր գետի վրա կառուցել միջին մեծության ջրամբար՝ գարնանային ջրերի կուտակման համար:
Կարդացեք նաև
Արհեստական ջրամբարների ջրանցքների, ոռոգիչ պոմպակայանների համար մեծ ծախսեր են պահանջվում, դա բոլորս էլ գիտենք, բայց դրանք ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ ավելի շատ ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական նշանակություն: Ջրամբարները կդառնան մեր մարզի ձկնաբուծական, տուրիստական եւ հանգստի տարածքներ: Հնարավոր կլինի ոռոգման դեպքում ստանալ 2 բերք: Մարզում լավ են աճում թուզը, նուռը, արքայախնձորը, հոնը, խաղողը, դեղձը, սերկեւիլը, ձմերուկը, սեխը, լոլիկը, սմբուկը, ծխախոտը եւ այլն: Նման մոտեցումը մեր հարեւանի վրա տնտեսապես մեծ ազդեցություն կունենա: Նրանք կզրկվեն այդ թանկարժեք բնական ռեսուրսից: Այժմյան ծաղկուն հողահանդակները կդառնան անջրդի կիսաանապատ եւ ստիպված կլինեն 15-ից ավելի բնակավայրերի բնակիչներ թողնել-հեռանալ՝ գիտակցելով, որ մեր հայրենիքում է գտնվում իրենց վախեցնող ամենաթանկ զենքերից մեկը:
Ն. ԹԱՆԱՆՅԱՆ
«Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն
«Առավոտ» օրաթերթ