Չնայած ոլորտի զարգացման համար մի շարք խնդիրներ կան, բայց հայերը տարեցտարի ընդլայնում են իրենց հանգստյան աշխարհագրությունը:
Տարեցտարի հայերի հետաքրքրությունը վրացական ծովափնյա հանգստավայրերի նկատմամբ նվազում է: Պատճառն այն չէ, որ հայերի սերը ծովի նկատմամբ մարել է, պարզապես վրացական ընկերություններն իրենց սերվիսներն արդիականացնելուն զուգահեռ՝ նաեւ գներն են բարձրացրել: Ուստի մերոնք նախընտրում են մի քիչ ավելի վճարել, բայց գնալ եվրոպական երկրներ՝ անունն էլ դնել «Զոլոտիե պեսկիում» կամ Բարսելոնայում են հանգստացել: Դատելով տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ մեր զրույցից՝ եվրոպական ծովափնյա երկրներ մեկնողների թիվն ավելացել է, ընդ որում՝ գործակալություններում հերթեր են առաջանում, աշխատակիցները նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չեն ունենում:
Ցավոք, նման հերթեր չեն գոյանում ներգնա տուրիզմի համար: «Առավոտի» հետ զրույցում գործակալությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ թեեւ Մասիս սարն ու Սեւանա լիճը տեսնելու ու Հայաստանից կարոտն առնելու համար բավականին թվով սփյուռքահայեր են գալիս, սակայն սպասարկման ոլորտի ծառայությունների գներն այնքան թանկ են, որ նրանց մոտ կարոտի զգացումն ակնթարթորեն վերանում է:
Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա «Ավանգարդ» գործակալությունից մեզ վստահեցրին, որ պահանջարկը մեծ է դեպի Հունական կղզիներ, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա: Իսկ թե ինչո՞ւ են հենց այս երկրներն ընտրել, գործակալությունից վստահեցրին, որ այս դեպքում ճարտարապետությունն ու ծովը համադրվում են:
«Եվրազիա ինթերնեյշնլ թրեվլ էյջենսի» գործակալության տնօրեն Գագիկ Մկրտչյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ Անթալիա մեկնող հայերի թիվը պակասել է, մերոնք Անթալիան փոխարինել են Բուլղարիայով: Գագիկ Մկրտչյանի կարծիքով՝ եթե մի ժամանակ Անթալիայի՝ հայերին մատչելի հյուրանոցային ծառայությունների որակը, վճարած գնի համեմատ, բավականին գոհացուցիչ էր, ապա վերջին շրջանում ամեն ինչ փոխվել է. «Գուցե պատճառն այն է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում, եւ չեն հասցնում որակ ապահովել: Համենայնդեպս, մեր զբոսաշրջիկներից շատերը վերադառնալուց հետո ասում են՝ Անթալիան էլ առաջվանը չէ»: Ըստ տնօրենի՝ Անթալիա մեկնողների թիվը նվազել է նաեւ քաղաքական դրդապատճառներով. «Ժամանակին պետական մակարդակով որոշում կայացվեց, որ պետական պաշտոնյաներն այլեւս չմեկնեն Թուրքիա: Հիմա հայերն ավելի շատ գերադասում են Բուլղարիա մեկնել: Սա էլ, իմ կարծիքով, մի տեսակ խորհրդային տարիների նկատմամբ նոստալգիան է: Այն ժամանակ էլ Բուլղարիա շատ էին մեկնում»:
Պարոն Մկրտչյանի դիտարկմամբ՝ կան որոշ թերություններ, որ դուրս մեկնող, մասնավորապես՝ Աջարիա, տուրիստների համար ավելորդ խնդիրներ են առաջացնում: Գործակալության տնօրենի խոսքերով՝ իրենք Աջարիայի տուրիզմի եւ կուրորտի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում, քանի որ երկաթուղային ճանապարհ էլ կա, շատերը կարծում են, որ գնացքով ավելի ձեռնտու է: Սակայն երբ փորձում են օգտվել այդ «հաճույքից», 2-րդ անգամ հաստատ հրաժարվում են. «Խնդիրն այն է, որ մենք մի քանի անգամ «Հարավ-կովկասյան երկաթուղիների» հետ փորձել ենք բանակցել, որպեսզի իրենց գրասենյակում մենք էլ գրասենյակ վարձենք եւ հենց տեղում զբոսաշրջության փաթեթ առաջարկենք: Այսինքն՝ մարդիկ, երբ գնացքի տոմսը կգնեն, անմիջապես իրենց հյուրանոցի կամ հանգստյան տան փաթեթն էլ կգնեին: Սակայն երկաթուղիների ղեկավարությունն այդպես էլ չհամաձայնվեց նման առաջարկին: Իսկ այսպես, փաստորեն, մարդիկ մի հատ պիտի գնան տոմսը գնեն, հետո կամ դիմեն որեւէ գործակալության, կամ էլ՝ ոչ. պարզապես ժամանեն Վրաստան ու սկսեն վարձով տուն կամ մատչելի հյուրանոց փնտրել: Այսինքն՝ այս տարբերակը ձեռնտու է նաեւ երկաթուղիներին, իսկ հիմա մարդիկ ստիպված են լինում մի տեղից մյուսը գնալ, հարմար տարբերակներ փնտրել եւ այլն: Բացի այս, գնացքով նաեւ Սեւան մեկնելու տարբերակ կա, բայց այս դեպքւոմ էլ մարդիկ ստիպված են ինքնուրույն գտնել հանգստյան տուն, մինչդեռ եթե երկաթուղին համագործակցի գործակալությունների հետ, գնացքով Սեւան մեկնողների թիվն էլ կավելանա»:
Պարոն Մկրտչյանի վստահեցմամբ՝ տուրիստական ոլորտում ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «Խեցգետինը, կարապն ու գայլաձուկը» ստեղծագործության տարրեն են գործում, երբ փորձում են սայլը տեղից միասին շարժել, բայց յուրաքանչյուրն իր կողմն է քաշում. «Ամեն մեկը փորձում է տուրիստին իր կողմը քաշել, հաճախ՝ ոչ արդար պայմաններով: Այսինքն՝ տուրիստ փախցնոցի է»: Ըստ տնօրենի՝ դաշտը զարգանալու մեկ այլ խնդիր էլ կա. «Օրինակ՝ զբոսաշրջության սեզոնը հենց բացվում է, հայտնվում են տուրիստական գործակալություններ ու իբր թե փաթեթներ են առաջարկում, ու հենց սեզոնը փակվում է, այդ գործակալություններն էլ են փակվում: Սա լուրջ չէ, ստացվում է՝ այն գործակալությունները, որոնք տարիներով աշխատել են, համբավ ձեռք բերել, հիմա այդ 2 ամսով աշխատող գործակալությունները մեր գործին խփում են»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ