Ընկերոջս՝ Դավիթ Հարությունյանի հիշատակին
Օրեր առաջ հունիսյան անանձրեւ ամպրոպը դղրդում էր Երեւանի վրա եւ անսովոր մշուշ էր իջել քաղաքին: Անհետացել էին բոլոր շենքերը, եւ ես իմ ընկերոջ Հին Նորքի տան պատշգամբից նայում էի ու չէի գտնում իմ տունը: Համատարած պղտոր մշուշից դուրս էր մնացել միայն Էրեբունի ամրոցն ու Վարդաշեն թաղամասը, որտեղ տարիներ առաջ ես իմ ընտանիքի հետ յոթ տարի վարձով էի ապրել:
Քաղաքը պատած անսովոր մշուշը, անշուշտ, ժամանակավոր էր եւ ցրվելու էր վերահաս անձրեւից հետո: Այն, որ մշուշը կանցներ, իհարկե, ես գիտեի, ինչպես որ գիտեի նաեւ, որ մեր կյանքն է անցնում: Եվ մենք թերեւս երբեք էլ չենք գտնի մեր տան հաստատուն հասցեն, քանի որ փողոցների անունները կարող են փոխվել, եւ մեզանից հետո մեր զավակները նոր տուն են կառուցում՝ նոր հասցեներով: Ու այդ նորահայտ հասցեներում իրենց բաժակով կհիշեն՝ ողորմի մեր ծնողաց, ողորմի մեր անցավորաց, որոնց ապրած հասցեն, թերեւս, կարող են նաեւ մոռանալ…
Փողոցների անունները փոխվում են եւ, անշուշտ, էլի կփոխվեն, բայց մի հասցե հավերժական է: Դա մեր հայրենիքի հասցեն է:
Կարդացեք նաև
Եվ ես Հին Նորքի բարձունքից շարունակելով նայել մշուշի մեջ թաղված մեր քաղաքին՝ մտածում էի, որ այդպես էլ կլինի: Մեր զավակները նոր տներ կկառուցեն, մեր թոռները՝ նույնպես: Եվ խաղաղ էի նայում ի վերուստ տրված մեր բախտին: Ուրախանալով, սակայն, որ ես չմոռացա Ջավախքի իմ հայրական տունը, ինչպես չմոռացա Էրզրումի Ձիթով եւ Ջրսուն գյուղերը, որտեղից իմ երկու պապերը հարկադրված գաղթել էին, եւ ուր ես դեռեւս չեմ եղել: Ինչպես նաեւ չմոռացավ իր հայրենի Արցախի Գիշի գյուղը իմ Դավիթ ընկերը եւ գնաց կռվելու իր գյուղի փրկության համար:
Ու հիմա հիշելով այդ օրը Երեւանը պատած տարաշխարհիկ մշուշը, որ թվում էր, թե այլեւս սուզվում է քաղաքը անվերադարձ՝ ինձ սկսեցին այցելել տագնապներ կյանքի եւ մահվան սահմանագծում, որոնք ծովի ալիքների պես քսվում էին ինձ ու հեռանում՝ շարունակ հուշելով անդարձության մասին:
Մահը կյանքի շարունակությունն է, մխիթարում էի ինքս ինձ ու չէի համոզվում: Բայց չէ՞ որ հարյուր տարի առաջ մենք չկայինք, հարյուր տարի հետո էլ չենք լինելու: Եվ որտեղ է մեր կյանքը այդ երկու դաժան թվերի արանքում: Ա՞յն՝ ինչ արեցինք, ա՞յն՝ ինչ թողեցինք մեզանից հետո, թե՞ այն՝ ինչ, որը շատ էինք ուզում, բայց, ափսոս, չհասցրեցինք անել:
Ես գիտեմ, որ կյանքը որպես կենդանի ջուր հոսում է մեր միջով, մեր երակներով դեպի մեր զավակների երակները, մեր խոսքի միջոցով՝ դեպի մեր զավակների խոսքը: Եվ ամեն ինչ թվում է բնականոն, քանի դեռ չի հայտնվել անսպասելին, եւ ժամանակից շուտ կյանքի գետը չի փոխել իր հունը՝ շրջանցելով երկու ափերը իրար կապող, երկու աշխարհներն իրար կապող կամուրջը խռոված:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ