Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին քննադատում են, բայց արձանագրում, որ նա այլընտրանք չունի

Հունիս 15,2012 13:21

Թուրքիայում ներկայումս ամենաշատը քննարկվող թեմաներից մեկը Թուրքիայի նոր Սահմանադրությունն է, դրա մշակումը, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի առաջ քաշած օրինագիծը՝ աբորտներն արգելելու մասին:

Մայիսի 24-ից հունիսի 6-ը SATR ծրագրի շրջանակներում կայացած Թուրքիա-Հայաստան ավտոբուսային շրջագայության ժամանակ հայ եւ թուրք լրագրողների խումբը բազմիցս առիթ ունեցավ առնչվելու այդ թեմաներին:

«Դուրս մեր անկողնուց, Էրդողան», «Ձեռքերդ հեռու՝ մեր մարմիններից»՝ սրանք այդ օրերին թուրքական մամուլում, բլոգոսֆերայում, հանդիպումներում եւ քննարկումներում ամենաշատը հնչող եւ կրկնվող մտքերն էին: «Բոլոր կանայք վրդովված են: Ի՞նչ իրավունք ունի նա մտնելու մեր անկողինները: Ո՞վ է նրան թույլ տվել որոշելու մեր փոխարեն»,- ասում էին մեր թուրք գործընկերները:

Չնայած վրդովմունքին, թուրքական քաղաքներում ծավալված շարժումներին՝ ընդդեմ աբորտների արգելման, մեր գործընկերները գիտեին, որ միեւնույն է՝ Էրդողանն անելու է այն, ինչ որոշել է: «Ցավոք սրտի, այսօրվա Թուրքիայում նա այլընտրանք չունի: Ընդդիմությունը շատ թույլ է, եւ նա կրկին հաղթելու է: Այս անգամ նա ուզում է նախագահ դառնալ»,- ներկայացնում էին նրանք: «Առավոտի» հարցին՝ իսկ Էրդողանի ինչի՞ն է պետք նախագահ դառնալը, չէ՞ որ Թուրքիայում վարչապետն ավելի հզոր ֆիգուրա է, թուրք լրագրողները բացատրեցին, որ նոր Սահմանադրությամբ, որն ամենայն հավանականությամբ կընդունվի մինչեւ տարեվերջ, նախագահին կշնորհվեն բացառիկ լիազորություններ: «Էրդողանը չի ուզում, որ իր հպատակները կրթված, գիտակ, մտածող մարդիկ լինեն: Նա ամեն ինչ անում է, որպեսզի իրեն կուրորեն հետեւող, առանց մտածելու ձայն տվողները շատանան: Նա չի ուզում, որ Թուրքիայի շրջանները զարգանան, քանի որ զարգացումը կնշանակի նաեւ մարդկանց բարեկեցության եւ գիտակցության ծաղկում: Նրան շատ հարմար է աղքատ, անկիրթ զանգվածներին կառավարելը: Անգամ աբորտներն արգելելու միջոցով ծնելիությունը բարձրացնելը այդ նպատակն ունի: Նա շատ լավ գիտի, որ գրագետ, առաջադեմ եւ աշխատող մայրերը շատ երեխաներ չեն կարող ունենալ՝ ժամանակ չունեն, իսկ նա շեշտը դնում է ծնելիության խթանման վրա, իսկ ովքե՞ր են ավելի շատ երեխաներ ունենալու՝ պարզ չէ՞, որ սոցիալական ցածր աստիճանի վրա գտնվողները»,- քննադատում էին Թուրքիայի վարչապետին մեր գործընկերները:

Էրդողանը քննադատվում էր նաեւ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության համար: «Նա (Էրդողանը) հայտարարում էր՝ «զրո պրոբլեմ հարեւանների հետ», եւ ի՞նչ՝ այսօր մենք չունենք ոչ մի հարեւան, որի հետ խնդիր չունենանք՝ Իսրայել, Սիրիա, Հայաստան, Իրան, Հունաստան, Բուլղարիա…»,- արձանագրում էին մեր գործընկերները:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930