Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում սպասում են հարցի պատասխանին

Հունիս 15,2012 13:17

Ինչո՞ւ են «Օսկանյանի գործում» քրեական գործից «բխել» եւ «նշանակվել» հարկային ստուգումներ

Արդեն երկրորդ շաբաթն է՝ քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ծավալվող իրադարձություններն են: Իրադարձությունների առաջին իսկ օրը, երբ պարոն Օսկանյանն իր հայտարարությամբ ամրագրեց, որ այդ ամենի ետեւում քաղաքական ենթատեքստ է տեսնում, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Առավոտին» ասել էր, որ ուշադրությամբ հետեւելու են իրադարձությունների հետագա զարգացմանը, իրավապահ մարմինների գործողություններին եւ ըստ այդմ էլ՝ հայտարարություններ են անելու: Այս ընթացքում հնչեցին ամենատարբեր կարծիքներ՝ կողմ եւ դեմ, վերհիշեցին անցյալի իրադարձություններ, եղան հրճվանքներ եւ հիասթափություններ, ԱԱԾ-ն հրապարակեց գործի մանրամասները: Երեկ «Առավոտը» ԲՀԿ մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ կուսակցությունում քննարկումներ եղա՞ն, ձեւավորված միասնական-կուսակցական տեսակետ կա՞ այս հարցի վերաբերյալ: «Վարդան Օսկանյանի բոլոր կուսակցական ընկերները եւ հատկապես ԲՀԿ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները, բնականաբար, անընդմեջ քննարկում են: Մեր կուսակցական գործընկերոջ հետ կապված խնդիրը մեզ համար առաջնային խնդիր է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ վերահաստատելով առաջին իսկ օրն արած այն հայտարարությունը, որ ամենայն ուշադրությամբ հետեւելու են իրավապահների գործողություններին եւ ոչ իրավաչափ պահվածքի դեպքում անմիջապես կարձագանքեն շատ կոշտ, օրենքի եւ բարոյականության շրջանում կձեռնարկեն միջոցներ:

«ԱԱԾ համապատասխան բաժնի տարածած հաղորդագրության մեջ հաջորդ օրն ինձ համար արդեն զարմանալի եւ տարօրինակ թվացող դրույթներ տեղ գտան, որից հետո ես հայտարարեցի, որ խիստ մտահոգություն է առաջանում, որ որոշակի կողմնապահություն, միգուցե նաեւ քաղաքական պատճառաբանություններով կամ խնդիրների հետ կապված հարցեր կարող են տեղ գտնել: Մասնավորապես, ինձ զգոնացրեց այն հանգամանքը, որ վարչական գործողություններ իրականացվելու կամ վարչական վարույթ հարուցվելու փոխարեն՝ հարկային ստուգումներ իրականացվեն, եթե կա խնդիր, ինչպես ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ էր նշվում, որ որոշակի պայմանագրային ձեւակերպումներ չիրականացնելու պատճառով առաջացել են չկատարված պարտավորություններ եւ այլն: Եթե խնդիրը ֆինանսական հարցերի մեջ է, տրամաբանական կլիներ, որ վարչական գործողություններ իրականացվեին, ապա, եթե հանցակազմ կբացահայտվեր, քրեական գործ հարուցվեր»,- ասում է Տիգրան Ուրիխանյանը՝ ուշագրավ համարելով այն, որ ներկայացված այս փաստարկներին որեւէ հակափաստարկ դեռ չի հնչել, մանավանդ, որ նույն ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ հարկային ստուգումները բխել են արդեն իսկ հարուցված քրեական գործից:

Այնուհանդերձ, քանի դեռ որեւէ մեղադրանք ներկայացված չէ, ԲՀԿ մամուլի խոսնակը բոլոր գործիչներին, լրատվամիջոցներին կոչ է անում իրենց մեկնաբանություններում ավելի կոռեկտ լինել եւ հարգել անմեղության կանխավարկածը, հարգել մարդու, անձի, անհատի արժանապատվության եւ բարի համբավի հետ առնչվող հարցերը: «Առավոտի» դիտարկմանը՝ այս իրադարձությունները հիմք հանդիսացան եւս մեկ անգամ վերհիշելու 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունները եւ դրանցում պարոն Օսկանյանի դերակատարությունը, արդյոք այդ ամենը ԲՀԿ-ին ավելի զգուշավո՞ր են դարձնում, մեր զրուցակիցն ասաց. «Այդ առթիվ Օսկանյանն ինքը բավականին շիտակ խոսել է, ես ավելացնելու որեւէ բան չունեմ: Կարծում եմ՝ իր բոլոր պատասխաններն այդ առումով էլ, մնացյալ հարցերի մասով էլ թերեւս սպառիչ են: Հիմա փորձ է արվում տարբեր առիթներով եւ պատճառաբանություններով Օսկանյանի անունը նսեմացնել, ստվերել: Բոլոր դեպքերում կան հակընդդեմ հարցեր եւ հարցադրումներ, այս օրերին ես դրանցով հանդես եկել եմ եւ կարծես թե պատասխաններ չեմ ստանում»:

Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ում 2013 թվականի նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությամբ հանդես գալու մասին խոսակցություններ եղե՞լ են: Որքանո՞վ է հավանական, որ այս իրադարձությունները կանխարգելիչ նպատակ ունեն, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «ԲՀԿ-ն պաշտոնապես հայտնել է, որ 2013-ի նախագահական ընտրությունների հետ կապված որոշում ունենք, թե ոչ՝ այլ հարց է. մեզ համար ընդունելի համապատասխան պատեհ պահին մենք այդ որոշման մասին կհայտարարենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930