Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելյան բարքեր

Հունիս 15,2012 13:09

CNN-ը մի նախագիծ ունի, որի ընթացքում պարբերաբար ցուցադրվում են Աֆղանստանի, Պակիստանի եւ այլ ասիական երկրների մանկահասակ կանայք, որոնք դարձել են իրենց ամուսինների խոշտանգումների զոհը: Այդ աղջիկներից մեկի անասուն (ուրիշ բառ չունեմ) ամուսինը ոչ ավելի, ոչ պակաս՝ կտրել էր նրա քիթը: Հիմա խոշտանգման զոհի հետ աշխատում են հոգեբանները, նրան սպասում է բարդ վիրահատություն: Ժամանակ առ ժամանակ Հայաստանում էլ ենք լսում նման սադիզմի դրսեւորումների մասին, բայց հաճախ ոճրագործի դերում հանդես են գալիս ոչ թե ամուսինները, այլ սկեսուրները: Հավանաբար, դա մեր ազգային յուրահատկությունն է. հենց կինն է կնոջ նկատմամբ դաժանություն դրսեւորում՝ որդու կամային թույլ հատկությունների ֆոնի վրա: Նման մի դեպք էր երեկ քննվում Արարատի եւ Վայոց ձորի դատարանում: Ընդհանուր սկզբունքը, բնականաբար, նույնն է թե Հայաստանում, թե Աֆղանստանում՝ քո լավ օրերը պրծան, ընկել ես, պիտի քաշես, ծպտուն չհանես, թե չէ՝ խայտառակ կլինես եւ այլն: Այդ հոգեբանությունը հատուկ է արեւելյան թերզարգացած հասարակություններին: Լավ է, որ այս դեպքում Մարիամն իր մեջ ուժ է գտել գործը դատարան հասցնելու: Իսկ քանի՜սն են լուռումունջ տանում բռնությունները:

Ինչի՞ մասին է երազում ստրուկը: Նա երազում է ոչ թե ազատության, այլ ստրուկ ունենալու մասին: Նույն տրամաբանությամբ հարսը, որպես կանոն, մտածում է՝ «այ, մեծանա իմ տղան, ամուսնանա, տուն բերի մի աղջկա, ու ես իմ այսօրվա բոլոր նվաստացումների տեղը կհանեմ»: Դա նաեւ մեր հարմարվողականության դրսեւորումներից մեկն է. տեսնելով անօրինականությունը, անարդարությունը՝ մենք սովորաբար մտածում ենք ոչ թե ընդվզելու, այլ խաղաղ ապրելու եւ այդ անարդարությունից օգտվելու մասին: Սեփական արժանապատվությունը պաշտպանելը շատ ավելի դժվար է, քան կուլ տալով վիրավորանքը՝ սկսել վիրավորել ուրիշին: Ճիշտ նույն ձեւով` խաբվելուց հետո մարդիկ ձգտում են իրենց հերթին ուրիշին խաբել, կաշառք տալուց ցանկանում են կաշառք վերցնել եւ այլն: Անբարոյականությունն ու կամայականությունն այսպիսով մտնում են «շրջապտույտի» մեջ: Հենց այդ պատճառով էլ՝ երբ ասում են, թե նման սկեսուրներին կամ ամուսիններին պետք է վառել, կախել եւ այլն, ես կարծում եմ՝ դա սխալ է. նրանց պետք է դատել եւ մեկուսացնել հասարակությունից:

Կա, սակայն, մի տարբերություն մեր եւ Աֆղանստանի միջեւ՝ այնտեղ աղջիկներին ամուսնացնում են առանց հարցնելու՝ ուզում են, թե չեն ուզում: Հայաստանում աղջիկների մեծ մասը «կամավոր» է գնում ստրկության: Այստեղից էլ խորհուրդ. սիրելի աղջիկներ, եթե հանդիպում եք տղայի հետ եւ մտադիր եք նրա հետ ամուսնանալ, մի շտապեք: Սկզբում խորապես ուսումնասիրեք ձեր ապագա սկեսրոջը: Եթե որեւէ կասկածելի բան գտնեք, մի ամուսնացեք: Որքան էլ այդ տղային սիրեք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930