Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը զարմացած է, որ Քաջարանը ՀՀԿ-ին ձայն տվեց

Հունիս 15,2012 12:54

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզկենտրոնում հանդիպում է ունեցել կապանցի կանանց հետ, որի շրջանակներում քնարկվել եւ խոսվել է անցած խորհրդարանական ընտրությունների, կապանցի կանանց հուզող հիմնախնդիրների, մարզի հանքարդյունաբերության ոլորտի եւ դրանով պայմանավորված մի շարք հարցերի մասին: Անդրադառնալով անցած ընտրություններին` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ թելադրելու իր կամքը իշխանություններին: «Անցավ 2012թ. ընտրությունների շրջանը, եթե դա համարենք ընտրություններ: Մեր հասարակությունը դեռ չի հանձնել այսպես ասած ընտրությունների քննությունը, անկախ նրանից, որ մեր իշխանությունները մշտապես ցանկացել են կեղծել եւ պատկերը փոխել քվեների, այնուամենայնիվ, մեր հասարակությունը դեռ չունի այն պատրաստվածությունը, որ իրեն դրսեւորի որպես քաղաքացիական հասարակության մի մաս: Այդ քաղաքացիների թիվն անցնում է 100 հազարից, սակայն հասարակությունը դեռ պատրաստ չէ, որ ինքը թելադրի իր կամքը այսօրվա իշխանություններին»,- կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է պատգամավորը:

Խոսք ուղելով հանքարդյունաբերության ոլորտի եւ այդ բնագավառում տիրող մենաշնորհային ներկայիս իրավիճակին, տիկին Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում գործող հանքերի` հատկապես հանրապետության համար մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եկամուտների ճիշտ բաշխման դեպքում հնարավոր կլինի իրականացնել այնպիսի ծրագրեր, որպեսզի ժողովուրդն աղքատ չլինի: «Նախ, այդ կոմբինատի սեփականաշնորհումը տեղի ունեցավ ապօրինի, որի վերաբերյալ հարցը բարձրացրել ենք, նաեւ եկամուտների հարցն ենք բարձրացրել, որ պետք է հետ վերադարձվի ժողովրդին: Այդ հանքի միջոցով կարելի է շատ սոցիալական խնդիրներ լուծել, նաեւ այն հետեւանքները, որ առաջացնում է կոմբինատը: Ժողովուրդը չլինի ծիծաղելի ու ողբերգական վիճակում: Նույն Քաջարան քաղաքի տներ եմ գնացել, տեսնելու թե ոնց են ապրում: Բայց հանքում աշխատելով՝ նրանք եւս չքավոր են ապրում: Ո՞նց կարող է, որ այդ հանքը մեծ եկամուտներ կարող է բերել մի քանի հոգու, բայց կոմբինատի աշխատողը լինի չքավոր, անարդարացի վիճակ է: Այսօր քննարկվում է բյուջեն, պետք է հասկանանք, ինչի վրա պետք է հիմնվենք, ինչ բաշխումներ պետք է արվեն: Դեմ եմ նոր հանքերի բացմանը, բնապահպանական տեսանկյունից եմ ասում: Եղածները հերիք են, բայց պետք է եկամուտները հավասար բաշխվեն: Քաջարան գյուղը հանրապետական կուսակցությանը ձայն է տվել: Սա ինձ համար զարմանալի է, քանի որ այդ կուսակցությունը գյուղը վերացնելու որոշում է կայացրել, բայց իրենք ձայն են տալիս, կարող էին ոչ մեկի օգտին չքվեարկել: Չեմ ուզում մտածել, որ այդ չնչին գումարով են ձայն տվել: Խնդիրը այն է, որ այդ քաղաքացիների մոտ ինչ-որ օրինակելի պահ կա, որ իրենք պետք է իրենց մեջ հաղթահարեն: Մեր պայմանագիրը խզելու, պահանջները հստակեցնելու մշակույթը չի ձեւավորվել մեր մեջ: Այդ գործում շատ եմ կարեւորում այսպիսի հանդիպումները»,- ասել է Զ.Փոստանջյանը:

Մասնակիցները կին քաղաքական գործչի հետ կայացած հանդիպման ժամանակ կարծիք հայտնեցին, որ գրված օրենքները միայն երեւանցիների համար են, դրա համար էլ մարզկենտրոնից բնակիչներն ուզում ենք թողնել ու գնալ Երեւանում ապրել: «Աշխատավարձները Երեւանից երկու անգամ ցածր է, ամեն ինչ թանկ է Երեւանի համեմատ: Երեւանում ավելի հարմար է ապրելը: Սահմանից եկող ապրանքն այստեղ ավելի թանկ է, քան մայրաքաղաքում: Ամեն ինչ` սննդամթերքը, հագուստը, շինանյութը հսկողությունից դուրս է: Այսօր խնդիր դարձել, թե ի՞նչ անենք, որ վնաս քիչ կրենք», -բարձրաձայնեցին կապանցի կանայք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930