Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Պատերազմը բացառված չէ»

Հունիս 15,2012 12:24

Հատված Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության եվրոպական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցազրույցից:

– Պարոն Գրիգորյան, ի՞նչ գնահատական կտաք օրերս հայադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սադրիչ գործողություններին։

 

– Ադրբեջանցիները պայքարում են իրենց շահերից ելնելով։ Նրանք համարում են, որ պետք է վերականգնեն այլսպես կոչված իրենց տարածքային

ամբողջականությունը՝ դրա համար տարբեր ձեւեր օգտագործելով: Նրանք այդպես են ընկալում հակամարտությունը։ Պարզ է՝ սխալ է սրել հարաբերությունները սահմանին, բայց իրեն սրման են գնում մի շարք պատճառներով։ Առաջին հերթին նրանք աշխարհին ուզում են ցույց տալ, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, դա «գործող» հակամարտություն է, որը չպետք է մատնել մոռացության, այն պետք է լուծել։ Ահա թե ինչու այս խնդիրը  լուծելու համար  նրանք անընդհատ պետք է «տաք» պահեն իրավիճակը։

– Փաստորեն, Ադրբեջանն այս քայլով ուզում է մեծ տերությունների ուշադրությունն իր վրա հրավիրել։

– Ավելի կոնկրետ, Ադրբեջանն ուզում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել։

– Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքերը վկայում են, որ պատերազմ գոյություն ունի, եւ այն ամենեւին էլ սառեցված չէ։

– Սա վկայում է, որ պատերազմը բացառված չէ, չեն բացառվում լայնամասշտաբ ընդհարումները։ Չեմ կարող ասել, ոք պատերազմի հավանականությունը շատ մեծ է, բայց, այնուամենայնիվ, դեպքերը ցույց են տալիս, որ իրավիճակը բավական լուրջ է։ Նկատենք, որ ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ենք մենք տեսնում սադրանքներ, պրովոկացիաներ, այլեւ սադրանքներ ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին։ Դա էլ պատահական չէ։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ այստեղ միայն Ղարաբաղի չլուծված խնդիրը չէ հարցը, այստեղ մեծ է նաեւ Հայաստանի ներգրավվածությունը, այսինքն՝ սա ոչ միայն Ղարաբաղի ինքնորոշման խնդրի, այլեւ Հայաստան-Ադրբեջան տարածքային խնդրի հակամարտություն է։ Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի այս քայլերի մեջ ակնհայտ երեւում է հստակ գիծը:

– 2014-ին լրանում է զինադադարի պայմանագրի 20-ամյակը. գուցե Ադրբեջանը հենց դրա՞ն է սպասում, որ պատերազմ սկսի։

– Չեմ կարծում, որ դա կապ ունի, ու չեմ կարծում, որ Ադրբեջանը մեծ ցանկություն ունի մեծ պատերազմ սկսելու։ Համոզված եմ, որ նա այս քայլերով ուսումնասիրում է մեր մարտունակությունը, մեր ուժեղ եւ թույլ կողմերը. դա ակնհայտ է։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հասկանում է, որ եթե զինադադարը խախտի, աշխարհի կողմից շատ կոշտ գնահատականի կարժանանա, որ իր նկատմամբ նույնիսկ պատժամիջոցներ կկիրառվեն։ Ադրբեջանը նաեւ շատ

լավ հասկանում է, որ եթե պատերազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կրեն, ՌԴ-ն, հաշվի առնելով իր շահերը մեր տարածաշրջանում, կարող է անսպասելի քայլեր անել, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության գոտում իր խաղաղապահ ուժերը տեղակայել։ Պատերազմի վտանգը կարող է մեծանալ, եթե Իրանի դեմ որոշ ռազմական գործողություններ կիրառվեն։ Այդ դեպքում ընդհանուր աղմուկն օգտագործելով՝ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի ղարաբաղյան հարցը լուծել ուժով։ Մեկ այլ պարագայում չեմ կարծում, որ նման բան լինի, եթե անգամ ինչ-որ պահի Ադրբեջանը հավատա, որ ինքը Հայաստանից ուժեղ է։

– Ո՞րը կլինի Ադրբեջանի հաջորդ քայլը։

– Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի վիճակը լարված պահելու իր քաղաքականությունը ե՛ւ շփման գծում, ե՛ւ Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Գուցե մեծ չի լինի զոհերի թիվը, գուցե ժամանակ առ ժամանակ թուլանա լարվածությունը, բայց այդ քաղաքականությունից Ադրբեջանը չի հրաժարվի։ Եթե այս հարցի շուրջ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ բանակցային գործողություններ չընթանան, Ադրբեջանը կփորձի այլ ատյանների միջոցով Ղարաբաղյան հարցը առաջ տանել եւ աշխարհին հիշեցնել այդ մասին՝ մշտապես «տաք» պահելով հակամարտությունը։

Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930