Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Մուրադյանի փչացած ձայնասկավառակը

Հունիս 15,2012 12:08

Հայաստանում մարդիկ կան, ովքեր ամեն ինչ գիտեն: Գիտեն թե Հայաստանում կատարվող ամեն ինչի եւ թե տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ամեն մի բացահայտ ու գաղտնի  անցուդարձի մասին: Այդ մարդկանց թվին է պատկանում նաեւ, ոչ անհայտ, Իգոր Մուրադյանը: Եւ որովհետեւ ինքը ամեն ինչ գիտի, իսկ ուրիշները ոչինչ չգիտեն նա իր պարտքն է համարում ոչ միայն քամահրաբար գնահատել բոլորին, այլեւ որոշել, թե ով ինչ պետք է անի, որ չի անում: Հատուկ գայթակղություն չունենալով սույն տեսաբանի մտքի գոհարները ներկայացնելու, կատարեմ մեկ փոքրիկ մեջբերում` վերն ասվածն ապացուցելու համար: 2011 թվականի սեպտեմբերի 8-ին, հանդես գալով լրագրողների առաջ Իգոր Մուրադյանն ասում է «Մեր էլիտան ընդհանրապես չի հասկանում, թե ինչպես է զարգանում աշխարհը, իսկ ամենակրթված մարդիկ, որոնք իրենց դասում են ինտելիգենցիային, իրենք էլ դժվարությամբ են հասկացել աշխարհի հիմնական կենտրոնների շահերը»:

Ինչպես տեսաք մարդուն դժվար է մեղադրել ինքնագոհ ամբարտավանության պակասի մեջ: Եւ ի դեպ սա միակ օրինակը չէ:

Իգոր Մուրադյանի մշտական  թիրախներից մեկն էլ  Դաշնակցություն կուսակցությունն է: Խիստ մտահոգ լինելով այս կուսակցության ճակատագրով ու անելիքների հարցով  մեծ տեսաբանը  թե «բացահայտում է» կուսակցության ներքին «արատները» եւ թե շանտաժի դիմելով,  փորձում է պարտադրել, որ Դաշնակցությունն անի այն ինչ իր կարծիքով  կուսակցությունը պետք է անի: Մեղմ ասած շատ միամիտ ցանկություն չէ՞ որեւէ կազմակերպության վարկաբեկելով պարտադրել, որ նա  շարժվի քո ուզածով: Ընդ որում պարոն Մուրադյանի գաղափարա-քարոզչական թիրախները նույնքան հին են, որքան բոլոր այն հակադաշնակցականներինը, ովքեր վաղուց հայտնվել են պատմության աղբանոցում:

Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Իգոր Մուրադյանը  հայտարարում է, թե Դաշնակցության ղեկավարությունը հեռացել է այս կուսակցության արժեհամակարգից եւ խիստ մտահոգ ու բորբոքված շարքերը  շատ շուտով հեղափոխություն են անելու կուսակցության ներսում: Անցնող տարիներին, Իգոր Մուրադյանի բանդագուշանքներից ոչ մեկը չիրականացավ, ինչը կարելի է համարել իր «ճշմարտությունները» հերքող  լավագույն փաստարկ, բայց փոխարեն  սսկվելու Իգորը  շարունակում է նույն եռանդով պտտեցնել փչացած ձայնասկավառակը: Իգոր Մուրադյանն, օրինակ ամեն անգամ որոշում է, թե Ղարաբաղում նախագահի որ  թեկնածուին պետք է սատարի Դաշնակցությունը եւ երբ կուսակցությունը նրա որոշումով չի շարժվում նա մի տեւական ժամանակ զլում է իր նվագարկիչը: Ահավասիկ այժմ էլ նրան հունից հանել է այն, որ Արցախի ՀՅԴ կառույցը հայտարարել է գալիք ընտրություններում, գործող նախագահ Բակո Սահակյանին  պաշտպանելու մասին: Հավանաբար ցանկանալով շարքերին մղել կուսակցական ղեկավարության եւ կայացված  որոշման դեմ, նա հայտարարում է, թե  այս որոշմանը շարքերը խիստ դեմ են: Արցախի ՀՅԴ կազմակերպության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը  հարցազրույցով հավելյալ բացատրություն էր տվել, թե ինչու են որոշել պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: ԼՂՀ հարցի վերաբերյալ Բակո Սահակյանի արտահայտած դիրքորոշումները հիմնականում արտահայտում են այս հարցում Դաշնակցության սպասելիքները: Բակո Սահակյանը կողմ է նաեւ ազատագրված տարածքների  բնակեցման գաղափարին եւ ինչպես այս, նույնպես եւ այլ առիթներով Դաշնակցության հետ մասնակցել է տարբեր ձեւաչափի քննարկումների: Կարելի է ենթադրել որ, նախագահի վերընտրության դեպքում, համահայկական նշանակության այս խնդիրների շուրջ, թե մոտեցումները չեն փոխվի, եւ թե կշարունակվեն կուսակցություն-ԼՂՀ իշխանություն արդյունավետ փոխշփումները: Արդյո՞ք  սրանք  հիմնավոր  պատճառներ չեն, որպեսզի  կուսակցությունը որոշի սատարել մեկին:

Ամբողջ աշխարհում դաշնակցական կառույցները տվյալ որոշումը, ընդունեցին ի գիտություն, իսկ Դաշնակցության հետ կապ  չունեցող  Ի. Մուրադյանը  խառնվեց իրար:

Իգոր Մուրադյանը, ՀՅԴ-ին սեւացնելու համար, հայտարարում է, թե այս կուսակցությունն այլեւս գոյություն  չունի: Եթե գոյություն չունի, ապա  ավելի ճիշտ չէր լինի, եթե  մեծ տեսաբանը հուզվեր իր մասշտաբներին համապատասխան, գլոբալ հարցերի առիթով: Իգոր Մուրադյանն ասում է, թե  Դաշնակցությունը ընտրություններում հինգ տոկոս էլ չի հավաքել: Հետաքրքրական է, որ նա խոսք չի ասում երկրի վարկին  ու ապագային վնաս բերած խայտառակ ընտրությունների մասին, բայց հարկ է համարում ասելու բաներ, որոնք թերեւս հաճո կարող են լինել իշխանության քիմքին: Եվ նման պահվածքը, երեւի ոչ պատահականորեն, ոմանց առիթ է տալիս պարոն Մուրադյանի անունը դնել իշխանական դհոլների ցուցակում:

Ինչպես բոլորն են վկա Դաշնակցությունը թե այս թե նմանատիպ ցեխարձակումներին հազվադեպ է արձագանքում: Պատճառն այն է, որ դրանց մեծ նշանակություն չի տրվում: Այս մասին լավ կլիներ հասկանար Իգոր Մուրադյանը եւ ոչ միայն նա: Հաճախ հայհոյանքը վնաս չի բերում հասցեատիրոջը, բայց վարկաբեկում ու նսեմացնում է հայհոյողին: Այս վերջին  դիտարկումը բարեկամաբար` գուցե եւ տեղ հասնի:

 

Արտաշես Շահբազյան

16 Հունիս, 2012

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930