Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Վրաստանը` «Ռուսաստանի թիվ մեկ թշնամի»

Հունիս 15,2012 12:02

Տեսարան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից

Ռուսների մեծ մասի համոզմամբ` իրենց երկրի թիվ մեկ թշնամին Վրաստանն է, ամենամերձավոր դաշնակիցը` Բելառուսը։ Համենայն դեպս, այդ է փաստում հասարակական կարծիքի ուսումնասիրման «Լեւադա» կենտրոնի վերջին զեկույցը։ 

Հարցումների համաձայն` բարեկամների շարքում Հայաստանին հիշատակել է տասը ռուսաստանցուց միայն մեկը։ Արդյունքում` մերձավոր դաշնակից պետությունների ցանկում Հայաստանը գրավել է վեցերորդ հորիզոնականը` Բելառուսից, Ղազախստանից, Գերմանիայից, Չինաստանից եւ Ուկրաինայից հետո։

Հայաստանից հետո` չնչին տարբերությամբ, ռուսները մերձավորագույն բարեկամներ են համարել Ադրբեջանին, Ֆրանսիային եւ Հնդկաստանին, որոնք էլ եզրափակում են բարեկամ երկրների տասնյակը։

Ընդ որում, հատկանշական է, որ Ադրբեջանին բարեկամ համարող ռուսների թիվը 2005 թվականի համեմատ այժմ գրեթե կրկնապատկվել է` 5 տոկոսից հասնելով 9-ի։

Փոխարենը, ընկել է դաշնակից պետության` Բելառուսի վարկանիշը։ Եթե տարիներ առաջ Ռուսաստանում երկուսից մեկը հենց այդ երկիրն էր առաջին հերթին նշում բարեկամների շարքում, ապա այժմ ցուցանիշը կրճատվել է 20 տոկոսով։

Գրեթե նույնն է պատկերը նաեւ Ուկրաինայի դեպքում։

Մինչ այդ, արդեն հինգերորդ տարին անընդմեջ անփոփոխ է ռուսների կարծիքը թշնամի երկրների վերաբերյալ։

Հարցումների համաձայն` Ռուսաստանի թիվ մեկ թշնամին Վրաստանն է, երկրորդը` Միացյալ Նահանգները, հնգյակը եզրափակում են մերձբալթյան երեք երկրները։

Ընդ որում, թշնամի պետությունների շարքում ռուսները գնալով ավելի հաճախ են հիշատակում Ուկրաինային։ 2012 թվականին կատարված հարցումների համաձայն, մանավորապես, Ուկրաինային թշնամի համարող ռուսների թիվը երկու անգամ ավելի շատ է, քան` Աֆղանստանին, Իրաքին եւ Իրանին։

«Լեւադա»-ն հետաքրքրվել է նաեւ, թե ինչպես են ռուսները վերաբերվում սեփական երկրի եւ Արեւմուտքի հարաբերություններին։

Արդյունքում, ռուսաստանցիների գերակշիռ մեծամասնությունը` 76 տոկոսը պնդել է, թե իշխանությունները պետք է ամրապնդեն հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Ընդ որում, այս տեսակետը պաշտպանող ռուսների թիվը վերջին տարիներին շարունակաբար աճել է` 46 տոկոսից հասնելով 76-ի։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930