Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ

Հունիս 15,2012 11:55

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասնչորսերորդ

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ

Եվ հիմա, երբ Հայկունու եւ իր քսանբալանոց սիստեմի մասին եմ գրում, ամեն անգամ իր անունը գրելիս տատանվում եմ՝ Հայկունի՞ գրեմ, թե՝ Հայկուն, բայց հընթացս նաեւ հասկանում եմ, որ ոնց էլ գրեմ՝ սխալ կլինի, որովհետեւ չնայած անձնագրայինն ու օրինականը Հայկունի ձեւն է, սրտամոտն ու բնականն, ընդհակառակը, Հայկունն է, բայց քանի որ էս երկու ձեւերն իրարից առանձնապես շատ չեն տարբերվում, պարտավորվում եմ այսուհետ միայն ու միայն իր անվան անձնագրային, օրինական ու չափազանց հայեցի տարբերակը կիրառել, մանավանդ որ՝ գրագետներից ոմանք դեռեւս համառորեն  շարունակում են ինձ լեզվազանցության մեջ մեղադրել, եւ գրական ու լեզվական էդ երդվյալ օրինապաշտներին ավելորդ առիթ չտալով՝ այսուհետ միմիայն իր անվան անձնագրային, օրինական ու հայեցի տարբերակը կկիրառեմ, մանավանդ որ՝ Հայկուն եւ Հայկունի տարբերակներն իրարից ընդամենը մի տառով են տարբերվում, եւ ինձ համար էդ տարբերությունն առանձնապես էական չի, որովհետեւ Հայկունու եւ իր քսանբալանոց սիստեմի մասին էսքան գրելով՝ էս ընթացքում արդեն իր անվան անձնագրային ու օրինական տարբերակին էլ վարժվեցի, եւ դա ինձ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ ինձ համար գեղարվեստական գրականության կարեւորագույն արժանիքն էն է, որ գեղարվեստական գրականության միջոցով մենք հնարավորություն ենք ստանում հանդիպել ու ճանաչել էնպիսի հազվագյուտ մարդկանց, որոնց հանդիպելու ու ճանաչելու բախտն իրական կյանքում չենք ունեցել, եւ Հայկունին հաստատ էդ հազվագյուտներից է, ինչպես նաեւ՝ Օրթախը, նույն ինքը՝ Օրթախ Աբոն, նույն ինքը՝ Ալբերտ Գուրգենիչը, որի շնորհիվ շատերի երեխեքն են գիտության գրանիտը կրծոտում, եւ հազվագյուտության իմաստով Շուրիկն էլ Հայկունուն ու Օրթախին առանձնապես չի զիջում՝ ոչ միայն գիտության, արվեստի ու գրականության գծով, այլեւ՝ որպես մեր սեղանների մշտական թամադա, եւ հազվագյուտության իմաստով Շուրիկին, Օրթախին ու Հայկունուն ամենեւին չի զիջում Վարոն, որը եւս գիտնական լինելով՝ անկախության  առաջին տարիներին Գորիսում փոխքաղաքապետ է աշխատել, բայց, այդուհանդերձ, իր հիմնական տարերքն էլ է արվեստն ու գրականությունը, եւ իր բացառիկությամբ Մաղաքյան Անանիան էլ թվարկվածներին չի զիջում, եւ Անանիայի բացառիկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ ինքն անցած շաբաթ եւս մի անգամ հաղթեց քաղծառայողների մրցույթում, եւ էս վերջինն իր հերթական՝ տասնութերորդ հաղթանակն էր, եւ տասնութերորդ անգամ հաղթելով ու տասնութերորդ անգամ աշխատանք չստանալով՝ հիմա արդեն տասնիններորդին է անխոնջ նախապատրաստվում, եւ երբ վերջերս իրեն ասացի, որ իզուր էլ էդքան չարչարվում է, Անանիան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա իզուր», եւ ես ասացի՝ «ամեն անգամ հաղթում ես, բայց աշխատանք չեն տալիս», եւ Անանիան թախծոտ ժպտալով հարցրեց՝ «բայց հաղթում եմ, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հաղթելը հաղթում ես, բայց աշխատանք չես ստանում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «փաստորեն, չարչարանքդ ջուրն ա ընկնում», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ ջուրն ա ընկնում», եւ ես ասացի՝ «ես եմ ասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզնից չէի սպասում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ չէիր սպասում», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «գոնե դու էդ բանը չպիտի ասեիր», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ եմ ասել», եւ Անանիան ասաց՝ «էդ որ ասում ես՝ չարչարանքս ջուրն ա ընկնում», եւ ես հարցրի՝ «սխալ ե՞մ ասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ընդամենը մի նախադասություն ասեցիր, բայց էրկու հատ կոպիտ  սխալ թույլ տվիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ կոպիտ սխալ», եւ Անանիան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «էդ քաղծառայողի մրցույթներում հաղթելն իմ համար ոչ թե չարչարանք ա, այլ՝ հաճույք», եւ ես հարցրի՝  «բայց էդ քննություններին ահագին նախապատրաստվում ես, չէ՞», եւ Անանիան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ի՞նչ չարչարանք, ի՞նչ նախապատրաստվել. որ քնածս տեղից հանեն՝ աչքերս փակ էդ քննություններում լյուբոյին կկրեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «բա երկրո՞րդ սխալս որն ա», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «երկրորդ սխալդ էլ էն ա, որ ասում ես՝ չարչարանքս  ջուրն ա ընկնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ էի առաջ քո պես մտածում. մտածում էի, որ չարչարանքս ջուրն ա ընկնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞ւր ա ընկնում»,  եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «համենայն դեպս՝ ո՛չ ջուրը» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «առաջ նույնիսկ մտածում էի՝ որեւէ թերթում հանրապետության նախագահին բաց նամակ գրեմ ու բողոքեմ, որ քաղծառայողի մրցույթում էդքան կրել եմ, բայց ոչ մի անգամ աշխատանք չեմ ստացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ ճիշտ ես մտածել», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «հիմի ավելի ուժեղ բան եմ մտածել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ես մտածել», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «որոշել եմ շարունակեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչը շարունակես», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «էս հաղթանակներս», եւ ես ժպտալով հարցրի՝ «մինչեւ ե՞րբ», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մինչեւ վերջ», եւ ես ժպտալով հարցրի՝ «պայքար, պայքար մինչեւ վե՞րջ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պայքար, պայքար մինչեւ Գինեսի գիրք», եւ ես զարմացած հարցրի՝  «Գինեսի գի՞րքն ինչ կապ ունի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշը  որ ինձ էդ հարցը տար, չէի զարմանա, բայց որ Գինեսի ռեկորդակիրն ա ինձ էդ հարցը տալիս, շատ եմ զարմանում», եւ ես զարմացած հարցրի՝ «Գինեսի  ռեկորդակիրն ո՞վ ա», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան Արմենը», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ո՞վ ասեց, որ Գինեսի ռեկորդակիր եմ», եւ Անանիան ներողամտորեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դու ես ասել», եւ ես ապշահար հարցրի՝ «ե՞րբ եմ ասել», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մի քանի ամիս առաջ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ զարմանալի ա,  որ ասածներդ չես հիշում», եւ ես ապշահար հարցրի՝ «ի՞նչ եմ ասել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասել ես, որ «Առավոտի» էդ վեպդ հեշտուհանգիստ կարա Գինեսի գիրք մտնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ծավալի իմաստով», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց չի մտել», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «որովհետեւ չես ներկայացրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ներկայացնելու եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ես ներկայացնելու», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քաղծառայողի  էդ հաղթանակներս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդեն տասնութ անգամ հաղթել եմ», եւ ես ասացի՝ «տասնութ անգամ հաղթել ես, բայց  ոչ մի անգամ աշխատանք չեն տվել», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Աստված տա՝ էլի չտան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ երեսուն անգամ քաղծառայողների էդ մրցույթում հաղթեմ ու ոչ մի անգամ աշխատանք չստանամ, հեշտուհանգիստ կարամ Գինեսի գիրք մտնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պատկերացնո՞ւմ ես. մարդը երեսուն անգամ հաղթում ա, բայց ոչ մի անգամ աշխատանք չի ստանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էս տասնութն էլ ա հերիք, որ Գինեսի գիրք մտնես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեսունը մի քիչ ուրիշ ա» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «երեսունը կլոր թիվ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «քսանն էլ ա կլոր թիվ», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «որոշել եմ երեսունը լրացնեմ՝ հետո նոր ներկայացնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա դո՞ւ ինչի գործերդ չես ներկայացնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «քաղծառայողի մրցույթի՞ն», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «Գինեսի մրցույթին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քսան հատոր որ գրեմ, կներկայացնեմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ էս տասներկուսն էլ ա հերիք», եւ ես ժպտալով ասացի՝ «քսանը  կլոր թիվ ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կարող ա վաբշե Գինեսի գրքից ձեռ քաշեմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի մտածում ես, որ ինչ-որ մեկն էս վեպիցդ մեծ վեպ գրած կըլնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար թե աշխարհում որեւէ մեկը դրանից մեծ վեպ գրած ըլնի», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ չես ուզում Գինեսի գիրք մտնես», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզել եմ, որ Գինեսի գիրք մտնելու համար փող չեն տալիս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ չպիտի փող տաս», եւ ես ժպտալով ասացի՝ «առաջ կարծում էի, որ Գինեսի գիրք մտնողներին են փող տալիս», եւ Անանիան մտահոգ հարցրեց՝ «չեն տալի՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Անանիան  անհանգիստ հարցրեց՝ «հաստատ ե՞ս ճշտել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ ժպտալով ավելացրի՝ «որ մեջը փող չկա, էլ ո՞ւմ ա պետք», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «փողը շատ կարեւոր հանգամանք ա, ճիշտ ա, բայց փառքն էլ պակաս կարեւոր չի», եւ ես ժպտալով  հարցրի՝ «ի՞նչ փառք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում, Գինեսի գիրք մտնելը շատ մեծ պատիվ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշը կարող ա ինքը փող տա, որ Գինեսի գիրք մտնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մարդ կա՝ էնքան փող ունի, որ ձեռը կրակն ա ընկել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ լիքը փող ունի, բայց ուզում ա պատիվ էլ ունենա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեր ժամանակներում փող ունեցողը պատիվ էլ ունի», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «էնքան էլ ըտենց չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես մարդ գիտեմ, որ լիքը փող ունի, բայց ոչ մի ձեւով չի կարում պատիվ ձեռք բերի», եւ ես հարցրի՝ «ես էդ մարդուն ճանաչո՞ւմ եմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ պատիվ ու հարգանք չունի, ո՞նց կարող ա ճանաչես», եւ ես հարցրի՝ «մեր շրջապատից չի՞», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր շրջապատում էդ աստիճանի փողատեր չկա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իզուր ես էդ մարդու համար էդքան դարդ անում», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց եմ դարդ անում», եւ ես ժպտալով ասացի՝ «դարդ ես անում, որ էդ խեղճ մարդը պատիվ ու հարգանք չունի», եւ Անանիան մի  քիչ մտածեց ու գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «էդ մարդը լիքը փող ունի, բայց շատ խեղճ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե խեղճ ա, այլ՝ խղճուկ», եւ ես մի քիչ մտածեցի ու նորից ասացի՝ «իզուր ես էդ մարդու համար էդքան դարդ անում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ թե դարդ եմ անում, այլ փաստն եմ արձանագրում», եւ ես մի քիչ  մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մի օր էլ կարձանագրես, որ էդ մարդը համ պատիվ ունի, համ էլ՝ հարգանք», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ էդքան փող ունի, կամաց-կամաց պատիվ ու հարգանք էլ ձեռք կբերի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատիվն ու հարգանքը ձեռքբերովի բաներ չեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պատիվն ու հարգանքը մարդն էն գլխից կամ ունենում ա, կամ էլ չի ունենում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քո ասածը փողն ա. փողն ա ձեռքբերովի», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «որ փողը ձեռքբերովի ա, բա մենք ինչի՞ չենք կարում ձեռք բերենք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էդ ուղղությամբ չենք մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ուղղությամբ համարյա չենք մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի շատ պատվի ու հարգանքի մասին ենք մտածում, քան՝ փողի», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի շատ Գինեսի գրքի մասին ենք մտածում, քան՝ փողի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էլ ա շնորհքի հարց. ամեն մարդ չի կարա Գինեսի գիրք մտնելու մասին մտածի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օրինակ, իմ ասած էդ փողատերը չի կարա Գինեսի գիրք մտնի», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց իմ ու քո պես ինքն է՛լ կարա էդ ուղղությամբ մտածի», եւ Անանիան զարմացած  հարցրեց՝ «ո՞ր ուղղությամբ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Գինեսի գիրք մտնելու ուղղությամբ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ավելի զարմացած հարցրեց՝ «էդ խղճուկն ի՞նչ նոմինացիայով պիտի Գինեսի գիրք սողոսկի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որպես մեծահարուստ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու արհամահանքով ասաց՝ «աշխարհում իրա մակարդակի մեծահարուստները շնից շատ են», եւ ես ասացի՝ «որ աշխարհի ամենահարուստ մարդը դառնա, ինքն էլ կարա Գինեսի գիրք մտնի», եւ Անանիան արհամարհանքով ասաց՝ «ղալաթ կանի» եւ բավական երկար մտածեց ու ավելացրեց՝ «ամենահարուստ մարդը դառնալու համար էլ ա պատիվ ու հարգանք հարկավոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «յա տակ դումայու», եւ ես ժպտալով ասացի՝ «յա տոժե տակ դումայու», եւ Մաղաքյան Անանիայի մասին առայժմ էսքանով սահմանափակվելով՝ պիտի ավելացնեմ, որ էս պահի դրությամբ ինքը ոչ միայն քաղծառայողի էդ քննություններն է հաջողությամբ շարունակում, այլեւ վերջերս մեր համալսարաններից մեկում մաթեմատիկայի  գծով հայցվոր է ձեւակերպվել եւ հիսունհինգ տարեկան հասակում մտադիր է մի տարվա մեջ թեկնածուական թեզը շուտափույթ գրել ու պաշտպանել, եւ Մաղաքյան Անանիայի մասին առայժմ էսքանով սահմանափակվելով՝ ուզում եմ անցնել մեր շրջապատի  հաջորդ զարմանալի ներկայացուցչին՝ Մանուկյան Ջոնին, որն իր արտառոցությամբ առանձնապես չի զիջում վերը թվարկվածներին, եւ Ջոնը վերը թվարկվածներից էապես տարբերվելով՝ նույնպես գեղարվեստական գրականության հանդեպ առանձնակի սեր ու թուլություն ունի, եւ մի պահ Մաղաքյան Անանիային վերադառնալով՝ պիտի լրացնեմ ու ասեմ, որ Անանիան էլ մյուսների պես ճշգրիտ գիտության ներկայացուցիչ լինելով՝ գեղարվեստական գրականության հանդեպ ոչ միայն սեր ու թուլություն ունի, այլեւ հարկ եղած դեպքերում ինքն էլ է բանաստեղծություններ եւ պատմվածքներ գրում ու տպագրում, իսկ ինչ վերաբերում է Մանուկյան Ջոնին, Ջոնն իր անունին համապատասխան ֆիրմա բաներ է նախընտրում՝ հագուստից սկսած եւ արվեստի երեւույթներով վերջացրած, իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը, Ջոնն էդ բնագավառում ժամանակ առ ժամանակ  չափազանց ազգային դրսեւորումներ է հանդես բերում, որովհետեւ ժամանակին մի քանի անգամ շատ մոտիկից Համո Սահյանին է տեսել, իսկ Շիրազին էլ մի քանի անգամ շատ մոտիկից տեսել ու հետն ահագին զրուցել է, եւ Սեւակի հետ էլ մի քանի անգամ Չանախչիում  սեղան է նստել, եւ, էս ամենից էլ բացի, Ջոնը ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի ընկերն է, բայց, Սոս Սարգսյանի ընկերը լինելով, Ֆրունզիկ Մկրտչյանին ու հատկապես Խորեն Աբրահամյանին Սոս Սարգսյանից ցածր չի համարում, մանավանդ՝ Խորեն Աբրահամյանի կարապի երգն է հավանում՝ «Ես իմ անուշ Հայաստանին», եւ չնայած մեր շրջապատում ոմանք Խորեն Աբրահամյանի էդ ամենավերջին ասմունքը չեն հավանում, այդուհանդերձ, նախընտրում են էդ թեմայով Ջոնի  հետ չվիճել, որովհետեւ, եթե Ջոնը մի բանում համոզված է, ավելի շուտ ինքը քեզ հակառակը կապացուցի, քան դու՝ իրեն, ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլիստ Սեմերջյան Մանուկի հետ կապված է էդ անում, եւ լուսահոգի Սեմերջյան Մանուկի ու Ջոնի առնչությանն ավելի շուտ պիտի անդրադարձած  լինեի, որովհետեւ տղերքն ինձ ժամանակ առ ժամանակ հորդորում էին էդ անել, եւ նմանապես Ջոնն էլ էր ժամանակ առ ժամանակ ինձ հորդորում անդրադառնալ իր ու Սեմերջյան Մանուկի հետ կապված էդ, ուրեմն, պատմությանը, բայց երկար ժամանակ Ջոնի ու Սեմերջյան Մանուկի էդ պատմությանը  չէի անդրադառնում, որովհետեւ լուսահոգի Սեմերջյան Մանուկի հետ կապված Ջոնի պատմությունը կարող ես գրի վերածել միայն ու միայն էն դեպքում, եթե ընթերցողդ գոնե որոշ չափով ճանաչում է Ջոնին, բայց եթե ընթերցողդ բախտ չի ունեցել էս երկրային կյանքում հանդիպել ու գոնե որոշ չափով ճանաչել Ջոնին, ուրեմն՝ քեզնից կախված ամեն ինչ պիտի անես, որ ընթերցողդ գոնե գրածովդ որոշ չափով պատկերացում կազմի Ջոնի մասին, առավել եւս՝ Ջոնի ու Սեմերջյան Մանուկի էդ պատմության, ավելի ճիշտ՝ էդ պատմության նախապատմության մասին, բայց Ջոնը սովորական մարդ ու սովորական անձնավորություն չի, որ մի քանի բառով ու մի քանի շտրիխով նկարագրես ու առաջ անցնես, եւ ոչ էլ լուսահոգի Մանուկ Սեմերջյանի հետ կապված Ջոնի էդ պատմությունն է սովորական պատմություն, որ մի քանի բառով պատմես ու անցնես առաջ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930