Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցանկանում է ամեն գնով «կոտրել» ԲՀԿ-ին

Հունիս 15,2012 11:27

Անկախ այն բանից, թե իրականում Վարդան Օսկանյանը գործ ունեցել է «կեղտոտ փողերի» հետ, թե ոչ՝ակնհայտ է, որ նախկին արտգործնախարարի շուրջ զարգացող այս ողջ գործընթացը ունի հստակ քաղաքական ենթատեքստ, որի հիմնական նպատակը ԲՀԿ-ին սաստելն է։ Իհարկե, դրա համար իշխանությունները կարող էին կիրառել շատ ավելի հեշտ եղանակներ, օրինակ՝ կրկին պարզել, որ ԲՀԿ շարքերում կան բազմաթիվ թմրամոլներ, ապօրինի զենք կրողներ եւ այլն։ Էլ չասած՝ ԲՀԿ առաջնորդին պատկանող ձեռնարկություններում իրականացվող հարկային ստուգումների մասին: Սակայն ինչպես տեսնում ենք, իշխանություններն ընտրել են շատ ավելի բարդ եւ միջազգային հակազդեցության առումով գլխացավանքներով լի ճանապարհ՝ փողերի լվացման մեջ մեղադրելով արեւմուտքում բավական մեծ կապեր ունեցող նախկին արտգործնախարարին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի համար առաջնային է դիտվում Վարդան Օսկանյանին՝ որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածուի, չեզոքացնելը։ Իրականում, սակայն, այստեղ խնդիրը Օսկանյանը չէ։ Խնդիրը հենց ԲՀԿ-ն է, որին Սերժ Սարգսյանը ցանկանում է ամեն գնով «կոտրել»։ Ընդ որում, դա անել այնպես, որ ԲՀԿ-ն, ի վերջո, այլ ելք չունենալով, ոչ թե դառնա արմատական ընդդիմություն, այլեւ «խիստ կառուցողական» դաշտից տեղափոխվի «առավել խիստ կառուցողական» դաշտ։ Իրականում «Սիվիլիթաս»-ի շուրջ այս գործով իշխանությունները ուզում են ԲՀԿ-ի առաջնորդին հասկացնել, որ եթե իրենք կարող են քրեական գործ հարուցել այնպիսի, թվում է, մաքուր գործչի նկատմամբ, ինչպես Վարդան Օսկանյանն է, ապա բազմաթիվ բիզնեսներ ունեցող եւ մշտապես հարկերից խուսափող ԲՀԿ-ական գործարարների հարցերը լուծելն ընդամենը ժամերի հարց է։ Հետեւաբար՝ «կո՛ւժ քեզ եմ ասում, կուլա դո՛ւ լսի» սկզբունքը կիրառելով՝ Սերժ Սարգսյանը եւս մեկ, գուցե վերջին հնարավորություն է տալիս ԲՀԿ-ին՝ «ճիշտ գնահատելու» իրավիճակն ու սեփական կարողությունները եւ բռնելու «անառակ որդու» ճանապարհը։ Եվ հիմա Գագիկ Ծառուկյանը կանգնած է թերեւս էլ ավելի վճռորոշ երկընտրանքի առջեւ, քան ընտրություններից հետո, երբ որոշում էր կոալիցիա մտնել-չմտնելու հարցը։ Եվ այն, որ շուրջ 10 օր շարունակ ԲՀԿ-ից այդպես էլ պաշտոնապես չեն արձագանքում իրենց ցուցակի երկրորդ դեմքին առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածելու փաստին, ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանն առայժմ որոշում չունի։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին դրել է քաղաքական ցուգցվանգի մեջ։ Ցանկացած քայլ կատարելով՝ ԲՀԿ առաջնորդը կորուստներ է ունենալու. եթե դեմ դուրս գա իշխանություններին, ապա կվտանգի սեփական բիզնեսները, եթե շարունակի լռել՝ ապա կվտանգի ԲՀԿ-ի հեղինակությունը։ Թե ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը, պարզ կդառնա կարճ առաջիկայում, երբ նա վերադառնա արտերկրից, որտեղ, ըստ ամենայնի, քննարկումներ է անցկացնում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իսկ առայժմ ԲՀԿ-ն բավարարվում է անհատական մակարդակով հնչեցվող «մտահոգություններով»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930