Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծառայողական մեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը

Հունիս 15,2012 11:02

Այս տարվա հունիսի 2-ին ուժի մեջ մտավ փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այդ փոփոխություններով ճանապարհային երթեւեկության բազմաթիվ խախտումների համար նախատեսված տուգանքներն ավելացվեցին, եւ բացի այդ՝ «սահմանվեցին» նոր խախտումներ։ Դրանցից էր տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելու պարտադրանքը։ Նախկինում դա պարտադիր չէր, իսկ հունիսի 2-ից տեխզննման կտրոնը դիմապակուն չփակցնելու համար սահմանվեց տուգանք՝ 20 հազար դրամի չափով։ Սովորական, այսպես ասենք, շարքային վարորդները շտապեցին կատարել օրենքի այդ պահանջը՝ տուգանքից խուսափելու նկատառումներով, քանի որ պետավտոտեսուչները ձեռքներից բաց չեն թողնում վարորդ տուգանելու ցանկացած հնարավորություն։ Բայց Հայաստանում, ինչպես հայտնի է, կան մարդիկ, որոնց խախտումները պետավտոտեսչությունը գերադասում է չնկատել։ Օրինակ, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծառայողական մեքենայի դիմապակուց բացակայող տեխզննման կտրոնը ոչ մի պետավտոտեսուչ, բնականաբար, չի նկատել։ Կամ էլ նկատել է, բայց համոզված է, որ տեխզննման կտրոնը փակում է ԱԱԾ պետի տեսադաշտը եւ խանգարում է նրան տեսնել մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, ու որոշել է չնկատելու տալ։ Կամ էլ՝ ԱԱԾ-ում փողերի լվացման դեմ պայքարին զուգընթաց, տանում են տեխզննման կտրոնների լվացման դեմ պայքարի պրոֆիլակտիկ աշխատանքներ, եւ այդ նպատակով, որպես դիդակտիկ նյութ, որոշել են օգտագործել հենց իրենց պետի ավտոմեքենայի տեխզննման կտրոնը։ Երեւի նմանատիպ նկատառումներով պետավտոտեսուչները «չեն նկատել» նաեւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ծառայողական մեքենաների դիտապակիներից բացակայող կտրոնները։ Փոխարենը, դա նկատել է մեր թղթակիցը երեկ՝ կառավարության շենքի մոտ, բայց չպատկերացնելով տվյալ անձանց մեքենաների դիմապակուն տեխզննման կտրոնը փակցնելու ծանր ու անդառնալի հետեւանքները, միամտաբար լուսանկարել է դրանք։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930