Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործի մասին-2

Հունիս 15,2012 10:56

«Սիվիլիթաս» հիմնադրամի ու նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի բոլոր մանրամասներին այս պահին տեղյակ են միայն ԱԱԾ քննիչներն ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունը: Անգամ Վարդան Օսկանյանն ու նրա փաստաբանը չեն տիրապետում ամբողջ պատկերին եւ ընդամենը կարող են դատողություններ անել նախորդած մի քանի հարցաքննությունների ընթացքում իրենց հայտնի հարցուպատասխաններից: Ասվածի ապացույցներից է այն, որ ինչպես Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն է հայտնել, իրենք դիմել են Ազգային անվտանգության ծառայություն`ստանալու քրեական գործ հարուցելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ այն դեռեւս չունեն: Նրանք ակնկալում են ԱԱԾ-ից ստանալ հիշյալ որոշումը` այն բողոքարկելու ու վերացնելու նպատակով (https://www.panorama.am/am/law/2012/06/14/an-interview-lawyer/):

Ինչո՞ւ ԱԱԾ-ը

Ընդհանրապես, այս գործի կապակցությամբ առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ է դրանով զբաղվում Ազգային անվտանգության ծառայությունը: Որպես կանոն, պաշտոնատար անձանց հետ կապված կամ առնչվող հանցագործությունները քննում է Հատուկ քննչական ծառայությունը: Իհարկե, ՀՀ դատախազը կարող է իր հայեցողությամբ գործը ուղարկել այս կամ այն նախաքաննական մարմնին: Ըստ այդմ, աչքի է զարնում այն, թե ինչո՞ւ գործը չի քննվում ՀՔԾ-ում, այլ քննվում է ԱԱԾ-ում:  Այս հանգամանքի մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողին տված հարցազրույցում խոսել է նաեւ Վարդան Օսկանյանը` ասելով. «այստեղ անվտանգության ծառայությունները գործ չունեն, դա երեւի թե ամենամեծ, ակնհայտ նշանն է, որ սա քաղաքական պատվեր է: Եթե փողերի հետ կապված խնդիրներ կան, հարկային տարբեր մարմիններ լիազորված են գալ, հետաքննել «Սիվիլիթասի» գործունեութունը: այնպես որ այստեղ իմ մտքում երկու կարծիք լինել չի կարող: Ուղղակի` «փողերի լվացո՞ւմ», այս իշխանությունները «փողերի լվացումի՞ց» են խոսում» (https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DCM8uZgacnY#!):

Նախկինում այս հաստատության շրջանակներում քննված բոլոր գործերում անխտիր քաղաքական ենթատեքստեր կամ շարժառիթները տեսանելի են եղել: Հետեւաբար հենց միայն այդ արատավոր պրակտիկան հուշում է, մեղմ ասած, չհավատալ ԱԱԾ վարկածին: Ենթադրություններ կարելի է անել այն կապակցությամբ, թե ինչո՞ւ է բարձրագույն ղեկավարությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, ցանկացել, որ այն քննվի ԱԱԾ-ում եւ ոչ այլ մարմնում:

  1. Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) գտնվում է անմիջապես ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի անմիջական ազդեցության ներքո (այդ «անկախ» մարմինը անգամ գտնվում է դատախազության շենքում): Վերջինս երբեք միարժեք Սերժ Սարգսյանի «մարդը» չի համարվել: Առավել եւս` իբրեւ դատախազ նա պետք է որ երանությամբ հիշի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը, երբ ինքը ՀՀ առանցքային ու ազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր: Նա թեպետ դատախազի պաշտոնում վերստին առաջադրվեց Սերժ Սարգսյանի կողմից ու ցանկությամբ, սակայն երկրի կյանքում դերակատարում ունենալու առումով այն նույն հնարավորությունները չստացավ, ինչ ուներ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ավելին, վերջին տարիներին մամուլում հաճախ ու ոչ պատահաբար էին հայտնվում լուրեր, թե նրան հանելու են աշխատանքից, կամ առաջարկում են այլ պաշտոնի գնալ (օրինակ ԱԱԾ պետ), ինչը նրան թոշակի ուղարկելու եւ նրանից ազատվելու եղանակ էր: Մամուլում նման լուրերի հայտնվելուն դատախազության անմիջական արձագանքը մամուլի խոսնակի կամ մամլո հաղորդագրության տեսքով վկայում էր այն մասին, թե որքան լուրջ էր ընդունում դրանք Աղվան Հովսեփյանը: ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անգամ պատրաստվում էր օրինագիծ շրջանառության մեջ դնել, որով կկարգավորվեր ԱԺ-ի կողմից 5 տարի ժամկետով ընտրվող ՀՀ դատախազին վաղաժամկետ պաշտոնից ետ կանչելու հարցը: Այս ամենը առնվազն վկայում էր Սերժ Սարգսյանի մոտ Աղվան Հովսեփյանի դիրքերի թուլացման մասին: Հետեւաբար, Սերժ Սարգսյանի համար այնպիսի կարեւորության գործը, ինչպիսին Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթասի» դեմ հարուցվածն է, չէր կարող վստահվել նրան կամ նրա անմիջական ազդեցության ներքո գտնվող քննչական մարմնին:
  1. ԱԱԾ-ը շարունակում է մնալ հանրության, քաղաքացիական հասարակության համար ամենափակ մարմինը: Իհարկե, իրավապահ մյուս մարմինները, որոնք եւս ունեն քննչական ծառայություններ, նույնպես վերահսկելի չեն քաղաքացիական հասարակության կողմից կամ հաշվետու չեն հանրությանը: Այդ բոլոր քննչական մարմինների ղեկավարներին նշանակում է ՀՀ նախագահը եւ բնական է, որ նրանք էլ հաշվետու են հենց նախագահին: Այդուհանդերձ, այդ բոլոր քննչական մարմինները իրենց փակությամբ ու անհաշվետվողականությամբ համեմատելի չեն ԱԱԾ-ի քննչական մարմնի հետ, ինչի հիմնական պատճառը ողջ ծառայության փակ ու ոչ փափանցիկ բնույթն է: Հետեւաբար այնտեղ գտործը «քննելը» ավելի հեշտ է: Այս ամենին պետք է նաեւ գումարել այն, որ Սերժ Սարգսյանը ժամանակին եղել է այդ հաստատության ղեկավարը եւ տակավին մեծ ազդեցություն ունի իրեն հավատարիմ ու իր աճեցրած կադրերի վրա:
  1. Եւս մեկ կարեւոր հանգամանքը, որի մասին պետք է որ իմանա նախկինում երկար ժամանակ իշխանության մեջ առանցքային դիրք զբաղեցրած Վարդան Օսկանյանը, որի ղեկավարած գերատեսչությունը` արտգործնախարարությունը ինստիտուցիոնալ առումով մշտապես սերտորեն համագործակցել եւ համագործակցում է ԱԱԾ-ի հետ: Բացի այն, որ ԱԱԾ-ը երբեք պատշաճ չի իրականացրել իր առաջնային գործառույթները եւ մշտապես տարբեր ձեւերով ներքաշված է եղել ՀՀ-ում քաղաքական, սեփականության ու կապիտալի վերաբաշխման գործընթացներում, այն  աչալրջորեն հետեւել է նաեւ տնտեսավարող սուբյեկտներին: ԱԱԾ-ը չէր կարող իր տեսադաշտից դուրս թողնել Հայաստանում Ջոն Հանթսմանի տնտեսական (շինարարական) եւ կրոնական գործունեությունը: Նրան պատկանող ամերիկյան հսկա կորպորացիայի հայաստանյան դուստր կազմակերպությունը` Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ն փոքր ու միջին բիզնեսի դաշտում չէր. վերջապես 2009թ. նրա 100 տոկոս բաժնետոմսերը արժեցել են 2 մլն ԱՄՆ դոլար: Հենց այդ փաստի ուժով է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովը պետք է ուսումնաիրեր եւ եզրակացություն տար, թե այդ ընկերության ու «Շեն-կոնցեռնի» վերամիավորումը, ավելի ստույգ` Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ-ի բաժնետոմսերի վաճառքը «Շեն-կոնցեռնին» արդյո՞ք շուկայում գերիշխող դիրք չի ապահովում վերջինիս համար: Նախկին ԱԳ նախարարը պետք է որ տեղյակ լինի, որ հենց Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ու նաեւ այժմ ԱԱԾ-ը ստուգումների անվան տակ մշտապես մուտք է գործել «հետաքրքրության առարկա» բոլոր, այդ թվում շինարարական ընկերություններ` այդ կազմակերպությունների համար պատճառելով դրանից բխող բոլոր հետեւանքներ…. Եթե դրան էլ հավելենք այն, որ ԱԱԾ-ը չէր կարող անտարբեր լինել Հայաստանում մորմոնների ծավալած բազմամյա բուռն գործունեության հանդեպ, ապա պատկերը ամբողջական կդառնա: Եւ Վարդան Օսկանյանից ավելի լավ ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե ԱԱԾ-ը այս ամենի վերաբերյալ ինչ տեղեկատվություններ կունենա, որոնք առանց դժվարությամբ կօգտագործվեն հենց ԱԱԾ-ի, քան որեւէ այլ մարմնի քննչական մարմնում իբրեւ գործի հետ կապված «անընդհատ ի հայտ եկող նորանոր հանգամանքներ»:
  1. Իհարկե, ցանկացած երկրի բանկային համակարգի միջոցով «հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը» կամ «փող լվանալը» ազգային անվտանգության խնդիր է, քանի որ երկրի բանկային ու կառավարման համակարգերը չեն կարողանում կանխել դա; Միայն այս առումով կարող է ինչ-որ հոդաբաշխ բացատրություն տրվել, թե ինչու է Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթասի» դեմ հարուցված գործը քննվում ԱԱԾ-ում; Բայց երբ վերստին ընթերցում ես ԱԱԾ-ի հաղորդագրությունը այս գործի վերաբերյալ, ակնհայտ է դառնում, որ մեղսագրվող արարքները ավելի շատ հարկային պարտավորություններից խուսափելու եւ նվիրաբերված գումարները «ըստ ցանկության», այլ ոչ թե ըստ կանոնադրական նպատակների ծախսելու մասին է: Միայն մեղադրանքի հիքում ընկած ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքն է կասկածներ հարուցում, որ կարող է խոսք լինել ոչ միայն պարզապես փողերի լվացման մասին, այլ նաեւ հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման մասին: Իսկ այս հանգամանքը առավել քան պետք է Վարդան Օսկանյանին հոգեբանորեն պատրաստ պահի լսելու նորանոր բաներ, որոնք ամենայն հավանականությամբ ԱԱԾ տնօրինության տակ են տարիներ ի վեր:

Մի կողմ թողնելով հարցը, թե որքա՞ն հիմնավոր է Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքը, ինչպես նաեւ հնարավորություն չունենալով գնահատել ԱԱԾ-ի տնօրինության տակ գտնվող փաստերը, մի բան ակնհայտ է. Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի արդյունքում ակնկալվում է իշխանության համար ցանկալի քաղաքական հետեւանք, նրանց եւ ԲՀԿ-ի որոշակի քաղաքական դիրքորոշում եւ վարքագիծ: Միայն այդքանով հարուցված գործը, այո, քաղաքական ենթատեքստեր ու շարժառիթներ ունի:
Ի՞նչ է ակնկալում իշխանությունը Վարդան Օսկանյանից եւ ԲՀԿ-ից
Նպատակ 1. Գնալով տպավորություն է ձեւավորվում, որ ըստ երեւույթին ՀՀԿ-ում ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու մեղավոր են մատնանշում Վարդան Օսկանյանին ու նրա կողմնակիցներին: Իհարկե, միամտություն է նման կերպ մտածելը, այդուհանդերձ Վարդան Օսկանյանն էր, որ հրապարակավ անընդունելի էր համարում ԲՀԿ-ի կոալիցիա մտնելը եւ անգամ ակնարկում էր ԲՀԿ-ից իր հեռանալու մասին, եթե վերջինս համաձայնվեր մնալ ՀՀԿ-ի հետ ու հավատարիմ մնալ 2011թ, փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի հիմնական պարտավորությանը. 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Իհարկե, ՀՀԿ որոշ շրջանակներ այդպես մտածելու հիմքեր կարող են ունենալ, քանի որ մինչեւ մայիսի 24-ը ոչ հրապարակային դաշտում ԲՀԿ եւ ՀՀԿ ղեկավարները այդուհանդերձ հանդիպում եւ քննարկում էին իշխանությունը կիսելու, համատեղ կառավարելու կամ երկրի փրկության կառավարություն ձեւավորելու (ով ինչպես որ կցանկանա, թող որակի նրանց հանդիպումներն ու հետապնդած նպատակները, միեւնույնն է, տվյալ պարագայում կարեւորը հանդիպումների փաստն է, որ նշանակում է երկուստեք ցանկություն)  հարցեր: Եւ ՀՀԿ-ականները կարող են համարել, որ եթե չլիներ ԲՀԿ-ի օսկանյանական թեւը, ապա ԲՀԿ-ը չէր մերժի կոալիցիայի մեջ մնալը, հատկապես երբ բանակցում էր:

Կրկնում եմ, որքան էլ հիմնավոր չլինի այս տրամաբանությունը, միեւնույնն է այն գոյություն ունի: Հետեւաբար նման դատողությունը Վարդան Օսկանյանին ու իր կողմնակիցներին դարձնում է կոալիցիայի անդորրը, շարունակականությունը, պայմանավորվածությունները խաթարած մի խումբ, որի հարցերը պետք է լուծվեն: Իսկ դրա ամենակարճ ուղին Վարդան Օսկանյանին թիրախի տակ պահելն ու նրա «ճամբարը» վերացնելն է: Եթե այդ խնդիրը հաջողությամբ լուծվի, ապա ԲՀԿ դիմադրության օջախը կվերանա եւ նա կվերադառնա կոալիցիա ու կիրացնի իր հանձնառությունը նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ:

Պատահական չէ, որ օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԲՀԿ-ական նախկին նախարարների հետ: Ինչպես պատմել են «Ժողովուրդ» թերթի իրազեկ աղբյուրները, այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը «ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, եւ նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալ են, լավ են աշխատել: Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն: «Ես միշտ հասանելի եմ լինելու ձեզ համար»,-ասել է նա» (https://news.am/arm/reviews/3838.html): Ասել է թե` կոալիցիայի ու իշխանության դռները միշտ բաց են ԲՀԿ-ի, նրա անդամների համար` երբ ցանկանան:

 

 

Նպատակ 2. ՀՀԿ-ի համար սարսափելին ոչ այնքան ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալն է, որքան որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու հեռանկարը, հատկապես երբ վերջին շրջանում իբրեւ այդպիսին ակնարկվում էր հենց Վարդան Օսկանյանի անունը, ում քաղաքական գործունեության հետեւում ՀՀԿ-ականները (եւ ոչ միայն նրանք) տեսնում են Ռոբերտ Քոչարյանին:

Վերջին ամիսներին ինքը` Վարդան Օսկանյանը ոչ հաստատեց, ոչ էլ բացառեց իր թեկնածությունը դնելու հեռանկարը: Անգամ թուրք լրագրողներին տված հարցազրույցներում այնպիսի երկիմաստություններ էին պահպանված, որ ոմանք ենթադրել էին, թե նա հաստատ առաջադրվելու է, իսկ մյուսները եզրակացրել էին, թե` չի առաջադրվելու: Իբրեւ իր եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ իջեցված քաղաքական պատվերի հիմնավորում, Վարդան Օսկանյանը օրերս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշատակեց իշխանությունների կողմից քաղաքական դաշտի ամայացումն ու այլընտրանքի վերացումը. «Իշխանություններն իրենց գործունեության ցանկացած մրցակից հնարավորություն միշտ էլ փորձում են վերացնել, ուզում են դաշտը ամայացնել, ուզում են, որ ազատ լինի: Անպես որ, իշխանությունները ոչինչի առաջ չեն կանգնում եւ գնում են նման քայլերի: Ես այլ մեկնաբանության այս եղածին, իսկապես, չեմ կարող տալ» (https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DCM8uZgacnY#!): Անշուշտ, Վարդան Օսկանյանը «իշխանության գործունեության ցանկացած մրցակից հնարավորության» ներքո ակնարկում է նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածության այլընտրանքային, մրցակից թեկնածությունը եւ խոսում է հենց այդ թեկնածությունը բացառելուն ուղղված «դաշտի ամայացման», «դաշտը ազատելու» մասին: Թեպետ նկատելի է, որ անգամ այս պահին Վարդան Օսկանյանը չի հանձնվում եւ չի հայտարարում, թե իր թեկնածությունը չի դնելու:

Այս խնդրի կապակցությամբ ՀՀԿ-ի համապատասխան ակնկալիքը օրերս լավագույնը ձեւակերպեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով, ինչպես եւ սպասելի էր, նախ բացառեց Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քաղաքական ենթատեքստը. «Չեմ կարծում, որ Օսկանյանի հանդեպ քաղաքական ենթատեքստեր կան, պարզապես բոլոր նման կազմակերպություններն էլ ուշադրության կենտրոնում են լինում, ԱԱԾ-ն էլ խնդիրները լուծում է»: Նման մեթոդներով Վարդան Օսկանյանին իբրեւ քաղքական մրցակից չեզոքացնելու կապակցությամբ հարցին էլ նա պատասխանում է, թե` «բայց Օսկանյանն ի՞նչ է անում, կամ ի՞նչ մեծ, ընդգծված քաղաքական թիկնոց ունի, որ Օսկանյանին ոչնչացնենք»: Իհարկե, նա սպասելի կերպով նաեւ բացառում է ԱԱԾ-ի կողմից հենց այս պահին քրեական գործ հարուցելու փաստի համընկնումը նախագահական նախամրցավազքի հետ` նշելով, թե «լիազորված մարմինն իր խնդիրներն ունի, հիմա է նկատել` հիմա է նայում»: Առավել ուշագրավ է, որ հարցազրույցի վերջում Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե այս պահի դրությամբ որեւէ քաղաքական հանգամանք չկա` մտածելու, որ նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն թեկնածու պետք է առաջադրի (https://www.yerkir.am/am/news/26974.htm):

Ահա եւ ՀՀԿ անկնկալիքը` նմանատիպ ճնշումների տակ ԲՀԿ-ը Սերժ Սարգսյանի դեմ թեկնածություն չի առաջադրի: Իսկ եթե առաջադրի, ապա դժվար չէ պատկերացնել զարգացումների ուղղվածությունը. ԱԱԾ-ը ամիսներով կշարունակի գործի քննությունը, անհրաժեշտ պահին միջնորդությունը կտան ՀՀ դատախազի ձեռքը` պարտադրելով, որ նա Ազգային ժողով մտնի պատգամավորական անձեռնախելիությունից Վարդան Օսկանյանին զրկելու հարցով: Այնուհետեւ`  անկախ նրանից, թե ինչ խափանման միջոց կընտրի դատարանը Վարդան Օսկանյանի նկատմամբ եւ եթե նա անգամ այգ իրավիճակում առաջադրվի իբրեւ նախագահի թեկնածու, քարոզարշավի փոխարեն կամ անազատության մեջ կլինի, կամ էլ ստիպված կլինի պաշտպանվել նորանոր մեղադրանքներից ու գործի վերաբերյալ ԱԱԾ ինֆորմացիոն թողարկումներից: Մի խոսքով` կատարյալ մղձավանջ, եթե այս ամենից Վարդան Օսկանյանի պաշտպանությունը վիճակ չփոխի ու չկանխի նման զարգացումները:

Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նույնպես շեշտում է Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ քրեական գործ հարուցելու պահը, ինչի մասին հունիսի 14-ին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին. «Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է», նաեւ հավելելով, որ տեղյակ չէ՝ «ի՞նչ փողեր են, ո՞ւր են գնացել եւ ով ում ինչ է արել» (https://www.azatutyun.am/content/article/24614400.html

 

Նպատակ 3. Իր իշխանության վերարտադրության առումով ՀՀԿ-ին ոչ պակաս չափով մտահոգում է նաեւ ՀՀ քաղաքական դաշտում հիմնական ուժերի դասավորությունը արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով: Առանց հավելյալ փաստարկների էլ նկատելի է, որ Սերժ Սարգսյանի ու ռուսական իշխանությունների հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է: Մինչդեռ ԲՀԿ հարաբերությունները Ռուսաստանի իշխող կուսակցության ու նախագահի հետ անհամեմատ ավելի լավ են: Եւ ահա, ԲՀԿ քաղաքական դեմքի, նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուի դեմ նման գործի հարուցումն ու ամերիկյան կորպորացիայի եւ փողերի հետ նրա կապի բացահայտումը կարող են նաեւ խնդիրներ հարուցել հենց ԲՀԿ-ռուսական իշխանություններ առանցքով: Չէ որ ԱԱԾ հաղորդագրությամբ ասվում է, որ ռուսամետի համբավով քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչը այնքան էլ ռուսամետ չէ…

Մյուս կողմից ոչ անտեղի հարց է առաջացել որոշ վերլուծական նյութերում, թե ինչո՞ւ  այս ամենը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի` Հայաստան այցից հետո, հատկապես երբ Հանթսման կորպորացիան ամերիկյան է եւ թվում է, թե Սերժ Սարգսյանի ու Հայաստանի իշխանությունների խիզախությունը չպետք է բավականացներ անգամ շոշափելու այդ ընկերության անունը: Բացառել չի կարելի, որ նախագահականից ինչ-որ մի «խելոք քաղտեխնոլոգի» մտքով հնարավոր է եւ անցած լինի, որ ամերիկյան բիզնեսում, քաղաքականության մեջ ամուր դիրքեր ունեցող, Հանրապետական կուսակցությունում ոչ երկրորդական նշանակություն ունեցող Ջոն Հանթսմանին «թիրախի»  տակ պահելն ու նրա անունը «փողերի լվացման» հետ կապելը կարող է հրաշալի նվեր լինել Դեմոկրատական կուսակցությանը, հատկապես երբ  ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը իր ու Բարաք Օբամայի անունից Երեւանում պատրաստակամություն էր հայտնել համագործակցել Սերժ Սարգսյանի «հրաշալի առաջնորդության» շարունակականության պարագայում: Իշխանական կուլիսներում կեղտոտ տեխնոլոգիաների սիրահարները միանգամայն հնարավոր է, որ մտածած լինեն, թե այս գործը հրաշալի նվեր կլինի նաեւ նախագահի թեկնածու Բարաք Օբամային, ում հիմնական մրցակիցը հանրապետական կուսակցությունից մորմոն Միթ Ռոմնին  է, ասել է թե` Ջոն Հանթսմանի գաղափարական զինակիցը…

Պարզապես իշխանական քաղտեխնոլոգները հավանաբար վրիպել են` մտածելով, թե Հայաստանի նման ԱՄՆ-ի դեսպանություններն էլ են ներկայացնում այս կամ այն  կուսակցության շահերը եւ ուրախ կլինեն. եթե իշխող դեմոկարտական կուսակցության թեկնածուին, ով նաեւ ԱՄՆ գործող նախագահն է, նման նվեր մատուցվի, եւ  այդ դեպքում դեսպանները չեն պաշտպանի ամերիկյան կապիտալի շահերը` տեսակավորելով, թե այն կամ դրա հետ կապված պատմությունը որ կուսակցությանը հարող ԱՄՆ քաղաքացուն հետ է առնչվում: Իսկ որ նման վարքագիծ լինել չի կարող, հաստատեց ԱՄն դեսպանն ինքը:

Մասնավորապես հունիսի 14-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը խոսել է թե մինչեւ այժմ Հայաստանում ամերիկյան ներդրումներից, թե դրանց պաշտպանվածությունից ու ռիսկերից, ու մի բան էլ ավել` քար է ներտել իշխանության բոստանը երկրում անկանխատեսելիություն ստեղծելու համար: Նա նշել է, թե բազմաթիվ ամերիկացիներ Հայաստանում օգնության լուրջ ծրագրեր են իրականացրել, հուշարձաններ ու եկեղեցիներ են վերանորոգել, սակայն ներդրումային ակտիվությունը մեծ չէ: Ըստ նրա` հիմնական խոչընդոտը անկանխատեսելիությունն է, անհստակությունը, հատկապես մաքսային ու հարկային ոլորտներում: Նա նաեւ ակնարկել է, որ ամերիկյան ընկերությունները կարեւորում են օրենքի գերակայությունը, իսկ մաքսային ոլորտում անկանխատեսելիությունը ամերիկյան գործարարներին չի քաջալերում ներդրումներ կատարել Հայաստանում:

Ինչ վերաբերում է բուն Սիվիլիթասին ու նրա հիմնադրին, նույն օրը ԱՄՆ դեսպանը իր ու իր երկրի անուղղակի քաղաքական աջակցությունը հայտնեց նրանց` ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին այցելելով հիմնադրամ ու հայտարարելով, որ այն իրենց համար արժեք է ու կարեւոր. ««Սիվիլիթասը» շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար քաղաքական առումով, նաեւ` զանգվածային լրատվամիջոցների համար: Հետեւաբար մենք շատ հետաքրքրված ենք այս գործով եւ հետեւում ենք դրան մեծ ուշադրությամբ»https://www.azatutyun.am/content/article/24614400.html:

Իսկ թե ԱՄՆ նախընտրական մրցավազքում արդյո՞ք կշահարկվի Հանրապետական կուսակցության թեկնածուի կուսակցական ու գաղափարական զինակցի անվան հետ կապված «փողերի լվացման» թեման, ականատես կլինենք առաջիկայում: Արդյո՞ք հենց այդ վտանգի հետ չէ կապված այն, որ Վարդան Օսկանյանի փաստաբանը Պանորամա կայքին տրված հարցազրույցի վերջում համոզմունք է հայտնում, որ «եթե կարիքն էլ լինի, Հանթսմանների ընտանիքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ» (https://www.panorama.am/am/law/2012/06/14/an-interview-lawyer/):

 

Ստեփան Սաֆարյան
Քաղաքագետ

 

Հետգրություն 1. Նյութի արտատպման դեպքում հղումը անձնական բլոգիս  պարտադիր է: Կանխավ շնորհակալություն:

Հետգրություն 2: Անձնական բլոգիս վերլուծությունները ընթերցող որոշ “վերլուծաբանների” /որոնց անվանապես գիտեմ/ համար եւս մեկ անգամ հատուկ շեշտում եմ. փորձագետի ու վերլուծաբանի առաքելությունը ոչ թե դիմակայության կողմերից մեկին ծառայելն է, այլ կոնֆլիկտի զարգացման հնարավոր դիպաշարերը նշելն է, դրանց ընթացքում կողմերի համար ստեղծվող ռիսկերն ու հնարավորությունները մատնանշելը, պրոբլեմին տարբեր դիտանկյուններից նայելը; Պետք չէ ավելորդ հիստերիաներ բարձրացնել, ինչպես նաեւ` տողատակեր կամ պատվեր փնտրել: Բոլորս նույնը չենք, առավել եւս` նույն արժեքները, բարոյականությունն  ու դաստիրակարությունը չենք կրում: Սա միշտ հիշեք:  

Ստեփան Սաֆարյան բլոգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930