Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նոր ծրագիր, որը վաղուց հայտնի հեքիաթի է նման

Հունիս 15,2012 10:52

Կառավարության ծրագրի դրական կողմերից մեկն այն է, որ այնտեղ կան ինքնախոստովանության բացառիկ դրսեւորումներ։ Դրանցից մեկն էլ հետեւյալն է. «Աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների առկայության եւ արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ ճանապարհ»։ Այսպիսով, կառավարությունն ընդունում է, որ քաղաքացիները երկիրը լքում են ինքնաիրացման պայմանների բացակայության եւ, որ ավելի կարեւոր է, արդարության բացակայության պատճառով։ Հետաքրքիր է նաեւ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում ապահովել արդարություն։ «Ապահովել դատական իշխանության եւ դատախազության կադրերի համալրման օբյեկտիվ ու թափանցիկ ընթացակարգեր՝ անձի ոչ միայն մասնագիտական գիտելիքների գնահատման, այլեւ որպես դատավոր կամ դատախազ գործելու ունակության եւ բարոյական հատկանիշների հաշվառման հիման վրա»։ Թե ինչպես են հաշվառելու բարոյական հատկանիշները, դեռեւս հայտնի չէ. հնարավոր է նոր ներդրվող ինովացիոն կամ նորարարական տեխնոլոգիաների հիման վրա։

Ծրագրում կան նաեւ վաղուց ծեծված եւ եգիպտական փարավոնների ժամանակներից հնչեցվող կետեր։ Օրինակ, խոսվում է հասարակության մեջ արմատացած արատի՝ կոռուպցիան ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում՝ շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի «կանխարգելիչ» մոտեցման գերակայությունը «պատժիչ» մոտեցման նկատմամբ։ Կամ հերթական անգամ խոսք է տրվում գործուն քայլեր կատարել «բիզնեսը եւ քաղաքականությունը սահմանազատելու, պետական կառավարման ապարատը բիզնեսից տարանջատելու ուղղությամբ»։ Կրկին անգամ խոսվում է Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության մասին, բայց այլեւս խոսք չկա Իրան- Հայաստան երկաթգծի շինարարության վերաբերյալ։

Հին, ծեծված ու չիրականացվող խոստումների կողքին կան նաեւ նոր խոստումներ, օրինակ, յուրաքանչյուր առաջին դասարանցու ապահովել անվճար համակարգչով, կամ երաշխավորել սրտի անհետաձգելի վիրահատություն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եթե համակարգչի դեպքում «անվճար» բառը ծրագրում ֆիքսված է, ապա սրտի մասով ամեն ինչ անկանխատեսելի է։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930