Վարդան Օսկանյանի նկատմամբ այս օրերին ավելի շատ մաղձ ու չարախնդություն է արտահայտվում, քան անաչառություն կամ ըմբռնում:«Ուրիշի համար փոս փորողի» հայտնի ժողովրդական ասացվածքը դարձել է «մատի փաթաթան», եւ Օսկանյանին անընդհատ նրա իշխանավարման տարիներին տիրող բարքերն են հիշեցնում ու արդարացնում նրան մենակ թողնելու իրենց կեցվածքը: Սա ոչ միայն մարդկային չէ, այլև ոչ մի տեղ տանող տրամաբանություն: Որովհետև նույն հաջողությամբ կարելի էր Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալություններն արդարացնել նրանով, որ ժամանակին հենց տերպետրոսյանականներն էին մարդկանց քաղաքական հայացքների համար հալածում, ընտրություններ կեղծում, կուսակցություններ ու լրատվամիջոցներ փակում: Ի վերջո, այսկերպ կարելի է մեղադրել բոլորին, որովհետև հանդուրժել ենք երեք նախագահների չփոխված մեթոդները:
Նման մոտեցումը, բացի ուրիշի ձեռքով վրեժխնդիր լինելուց, սիրտ հովացնելու, հոգեկան հրճվանք ապրելու` կոմպլեքսավորված թույլին բնորոշ ստորին բնազդներին տրվելը, ոչինչ չի տալիս, ընդհակառակը` էլ ավելի է աղտոտում մթնոլորտը, մարդուն էլ ավելի է անպաշտպան թողնում: Մինչդեռ հենց մարդը ու նրա իրավունքներն են իրական արժեքները, ինչի համար կարելի է ու պետք է պայքարել առանց նախապաշարմունքների: Հենց դա են հիմա ուրանում մերօրյա երդվյալ «հումանիստները»:
«Երկիր»