Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն իմ զենքն է

Հունիս 15,2012 10:17

Ընդհանրապես, Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները կարմիր թելով անցնում են գրեթե բոլոր ներքաղաքական իրադարձությունների միջով: Ասենք` երբ ԲՀԿ-ն 2011թ. փետրվարին ստորագրում էր կոալիցիոն հուշագիրը, ուրեմն Քոչարյանն էր վերադառնում, երբ իշխանությունն ու Կոնգրեսը որոշեցին երկխոսել, նորից համառորեն խոսվում էր Քոչարյանի վերադարձի մասին, երբ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակտիվացում է նախանշվում, ուրեմն Քոչարյանը վերադառնում է: Հիմա էլ ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելու ողջ պատասխանատվությունը կրկին բարդվում է Քոչարյանի վրա և այդպես շարունակ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանն ինքը, որ անկասկած գեներացնում է իր վերադարձի մասին խոսակցությունները, արդեն հոգնել է դրանցից, որովհետև ինչքան շատ են խոսում, բայց վերադարձ չկա, այդքան ավելի է մարում վերադարձի հավանականությունը:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակը կարող է հիշեցնել հովվի հայտնի պատմությունը, որը գյուղացիների հոգու հետ էր խաղում՝ սարից անընդհատ գոռալով «օգնություն», իբր գայլերը վրա են տվել: Երբ գյուղացիները հևիհև գյուղից հասնում էին սար, տեսնում էին, որ ոչ մի գայլ էլ չկա, իսկ եղածն ընդամենը կատակ է: Այդպես՝ մի քանի անգամ: Իսկ մի օր էլ, երբ գայլն իսկապես հարձակվեց հովվի վրա, նրա օգնության բոլոր կանչերը մնացին անպատասխան, քանի որ գյուղացիները համոզված էին, որ նա հերթական անգամ խաղում է իրենց հոգու հետ: Հիմա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններն են: Դրանք շատ են, բայց մեջտեղում ոչ մի գործնական բան չկա: Սակայն մի օր էլ, եթե լինի գործնական բան, ապա հասարակությունը և անգամ ներկայիս իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, կարող է կանգնել փաստի առջև՝ չհավատալով, որ վերադարձի մասին խոսակցությունը վեր է ածվել գործի:

Բայց արդյոք Ռոբերտ Քոչարյանն ունի՞ այդ հնարավորությունը: Այսինքն` արդյոք նա կարող է իր վերադարձի ուղղությամբ կատարել կոնկրետ քայլեր, որոնք փաստի առջև կանգնեցնեն Սերժ Սարգսյանին: Թվում է, թե Ռոբերտ Քոչարյանը զրկված է այդ հնարավորությունից, քանի որ անգամ խիստ կառուցողական «Բարգավաճ Հայաստանին» ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չեն տեսնում ընդդիմադիր դաշտում, ուստի ևս երկու Civilitas-ի նման կեղտոտ փողերի նման բացահայտում և մի երկու խիստ ստուգումներ Ծառուկյանի բազմամիլիոնանոց հիմնարկներից երկուսում, Գագիկ Ծառուկյանը առյուծից կատու դարձած անցնելու է Սերժ Սարգսյանի տակ:

Ստացվում է, որ ԲՀԿ համար ամենավերջին հույսը դարձած Քոչարյանը չի կարող լինել նույն Քոչարյանի վերադարձի համար հուսալի քաղաքական հենարան: Հասարակական հենարան ունենալու մասին մտածելն անգամ ավելորդ է: Արտաքին առումով էլ կարծես թե որևէ մեկն այդքան էլ դժգոհ չէ Սերժ Սարգսյանի պահվածքից, առավել ևս, որ նա կարծես թե դեռևս կարողանում է հավասարակշռություն պահել բոլորի՝ Ռուսաստանի, Արևմուտքի, Եվրոպայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և նույնիսկ անուղղակի՝ Ադրբեջանի միջև:

Ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում, որ վերադարձի տեղ ունենա: Իհարկե, ասֆալտ է արել՝ Քըրք Քըրքորյանի փողերով, իհարկե տնտեսություն է վերականգնել՝ սեփականաշնորհելով, իհարկե չի հանձնել Ղարաբաղը, որովհետև երևի թե չեն տվել պահանջված գինը՝ երրորդ ժամկետ կամ վարչապետություն: Իսկ ներքին և արտաքին քաղաքականության մյուս բոլոր ուղղություններով Ռոբերտ Քոչարյանը փաստացի չի արել հիմնարար և հիշարժան ոչինչ, որ ինչ-որ հարթության վրա ունենա վերադարձի տեղ: Ու այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի համար կշարունակի առաջիկա ամիսներին ևս արտաքին աշխարհի առջև մնալ «զենք»` իր վերադարձի մասին անվերջ խոսակցություններով:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930