Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները նման են նախապատերազմյան իրավիճակի, գտնում է Վաշինգտոնում գործող Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին։ ԱՄՆ-ի արտգործնախարարության նախկին պաշտոնյան, պատասխանելով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցերին, ասում է, որ եթե պատերազմ սկսվի, այն լիովին կտարբերվի առաջին պատերազմից, որտեղ հայկական կողմը կընդունի ամրոցային դիրքեր, ադրբեջանականը կկիրառի իր ռազմական ամբողջ կարողությունները, նորագույն տեխնիկան եւ օդուժը։ ՝՝Այս պատերազմը կլինի ավելի կատաղի ու ավելի կործանիչ ու նշանառության տակ կառնի երկու կողմերի քաղաքացիական թիրախներ՛՛, ասում է նա։
Պատերազմի վտանգը, նրա կարծիքով, փոքր չէ, որ հակամարտությունն այլեւս սառած չէ, այլ վերակենդանանում է հրադարարից 15 տարի անց, երբ միջազգային միջնորդությունը կողմերին չկարողացավ հասցնել լուրջ բանակցությունների։
՝՝Միջնորդները միջնորդում են, այլ ոչ՝ բանակցում։ Հայաստանն ու Ադրբեջանն են, որ պիտի բանակցեն, սակայն այսքան ժամանակ կողմերն արտաքին միջնորդությունն օգտագործել են լուրջ բանակցություններից խուսափելու նպատակով՛՛։
Կարդացեք նաև
Պատերազմից խուսափելու համար, ըստ վերլուծաբանի, կողմերը պիտի պատրաստ լինեն նշանակալի փոխզիջման ու դա կարողանան ներկայացնել իրենց ժողովուրդներին։ Փոխզիջումը Հայաստանի դեպքում՝ տարածքների վերադարձն է։
՝՝Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն պետք է ընդունի, որ ժամացույցն ու քարտեզը նախկին տեսքի բերելն անհնար է։ Բաքուն պիտի ճանաչի Լեռնային Ղարաբաղը, որպես Հայաստանի անբաժան մասնիկ, քանի որ, լինելով շատ փոքր, ունենալով քիչ ազգաբնակչություն, ու առանց Հայաստանի ու Սփյուռքի հատկացումների, Լեռնային Ղարաբաղը չի կարող գոյատեւել որպես անկախ պետություն՛՛, ասում է Ուեյն Մերին ու ավելացնում, որ սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա հարց չէ, այլ հարց է նաեւ Հայաստանի ու տարածաշրջանում կարեւոր գործոնի վերածված Թուրքիայի միջեւ։
Իսկ միթե՞ մի երկիր, որը չի կարողանում հաշվի նստել իր իսկ անցյալի ու սխալների հետ, կարող է նպաստել ներկա լուծումներին։ ՝՝Ամերիկայի Ձայն՝՝-ի այս հարցին ի պատասխան Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբանը պատասխանում է, որ դիվանագիտության մեջ երկրներին ընդգրկումը պատմական թշնամանքը հարթելու ուղիներից մեկն է։
Նրա կարծիքով, եթե դիվանագիտությունը ներկա վիճակով չի կարողանում հարթել այս խնդիրը, հարկավոր է միջնորդությունը փոխարինել միջազգային պարտադիր իրագործելի որոշումներով, որպեսզի միջազգային համայնքը կազմի խաղաղության հաստատման նախագիծ ու պարտադրի կողմերին ընդունել պայմանները։
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ավագ վերլուծաբան Ուեյն Մերիի խոսքերով, նոր պատերազմում հաղթանակ տանելու մասին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում խոսելն անգամ վտանգավոր է։
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»