Քաղաքացիական հասարակություն նախաձեռնության անդամները Երեւանում պատմամշակութային նշանակության շինությունները պահպանելու կոչերով այսօր Աֆրիկյանների տնից մինչեւ Փակ շուկա երթ էին կազմակերպել: Երթին մասնակցում էր նաեւ Աֆրիկյանների ժառանգ Արմեն Աֆրիկյանը: Նա մտավախություն ունի, որ ապամոտաժման դեպքում քարերը կվնասվեն ու հետագայում նույն ձեւով հնարավոր չի լինի շինությունը վերականգնել: Առաքել Աֆրիկյանի ժառանգը նաեւ կասկածներ ունի, թե շինությունը քանդելուց հետո այն վերականգնելու նպատակ չունեն.«Որովհետեւ մինչեւ հիմա ոչ մի շենք, որ քանդվել է` չի վերականգնվել»:
«Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ օրենքի հոդվածներն ու կառավարության որոշումներն էր հիշեցնում. «Պատմամաշակութային հուշարձանները չի կարելի ապամոնտաժել, վերջ, օրենքով է ամրագրված: Բացի այդ կա կառավարության մեկ այլ որոշում, որն ասում է՝ կանգուն շենքը կարելի է ապամոնտաժել միայն այն դեպքում, եթե նրան փլուզում է սպառնում»:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ բարձրաձայնեց ԱՕՔՍ-ի շենքի հետեւի հատվածի ապօրինի քանդման հարցը.«Բազմաթիվ անօրինականություններ կան, եւ պետք է պատասխանատվություն կրեն քանդողները»:
Երթն ավարտվեց Փակ շուկայի մոտ: «Չի քանդվելու» կոչերով ցուցարարները հեռացան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ