Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է սկեսուրի կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանի դատական նիստը՝ ընդդեմ իրեն «պատառաքաղով ծակծկած, արդուկով եփած, կրծքերն ու ներքին օրգաններն այրած» սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի:
Զիրոյանների ընտանիքը, որտեղ հարս է գնացել Մարիամը, դատարանի առաջ Մարիամի լուսանկարներով ակցիա է անցկացրել, թե Մարիամի ծնողները իրենց աղջկան ամուսնացնելիս չեն ասել, որ Մարիամն ալերգիկ հիվանդ է եղել: Մարիամը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Ես ներսում եմ եղել, ցուցապաստառները չեմ տեսել, բարեկամներս են այնտեղ եղել ու պատմում էին, թե ոնց են ներկայացրել, որ դեմքս դուրս է տալիս, հոտ է գալիս ու նման բաներ»: Թե դա ի՞նչ կապ ունի գործի հետ, ծեծելու հետ՝ Մարիամը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, իրանք մենակ մի բան, մի պատճառաբանություն կարող էին ասել, որովհետեւ ուրիշ ոչ մի բան իմ դեմ չկա: Հիվանդ մարդուն, համենայնդեպս չեն ծեծում, ավելի լավ պիտի վերաբերվեին: Ես իրենց ասածներին ուշադրութուն չեմ դարձնում, ինձ ինչ անելու էին՝ արդեն արել են»: Դատական նիստն անցել է դռնփակ: Հայկանուշը դատարանի դահլիճ է մտել՝ Մարիամի պատմելով՝ «ֆորմայի» մեջ, կարծես ոչինչ չի եղել: Փոխարենը՝ նրան տեսնելով ու վերապրելով իր հետ կատարվածը՝ Մարիամն է վատացել դատարանի դահլիճում, դատավորը 10 րոպե ընդմիջում է տվել, որ Մարիամը ուշքի գա ու ամրապնդվի:
Դատարանի դահլիճում Մարիամը նկատել է, թե ինչպես է նախկին սկեսուրը՝ Հայկանուշը, ձեռքը բռունցք արած, պարզած մոտեցել է դատախազ Արսենյանին. «Ես չգիտեմ ինչ էր ուզում փոխանցել, քանի որ չտեսա, թե բռունցքի մեջ ինչ է, նրան ուղեկցող դատարանի աշխատակիցը Հայկանուշի ձեռքը բռնեց ու ասեց, որ կմոտենաք հետո»:
Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ առնչությամբ իրենք բացարկ են հայտնել դատախազին, սակայն այն մերժվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ամսի 28-ին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ