Ֆուտբոլային յուրաքանչյուր խոշոր միջոցառում, այդ թվում` նաեւ Եվրոպայի առաջնությունը, իսկական տոն է միլիոնավոր ֆուտբոլասերների համար: Տղամարդկանց հետ հավասարապես իրենց կուռքերին երկրպագում են նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները , որոնք նաեւ չեն խորշում իրենք կանգնել ֆոտոխցիկների առջեւ կամ հարցազրույցներ տալ:
Հայաստանում էլ ֆուտբոլասերները քիչ չեն: Ամեն երեկո նրանք, հատկապես Երեւանի բացօթյա սրճարաններում, խմբերով հետեւում են Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի խաղերին:
Երեկ Aravot.am-ը որոշել էր լուսանկարների ռեպորտաժ պատրաստել մայրաքաղաքի բացօթյա սրճարաններում Դանիա-Պորտուգալիա եւ Հոլանդիա-Գերմանիա հանդիպումներին հեռուստաէկրանների առջեւ հետեւող հայ ֆուտբոլասերների մասին: Բայց… Մասսայականության պակաս, կարծես թե, չկար: Սակայն զարմանալիորեն գրեթե բոլոր հեռուստատեսային երկրպագուները, չգիտես ինչու հրաժարվում էին լուսանկարվել: Էլ չենք խոսում մեր մի քանի ֆուտբոլային անմեղ հարցերին պատասխանելուց կտրականապես հրաժարվելու մասին: Ավելին, Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարաններից մեկի անվտանգությունն ապահովող համազգեստավորներն էլ իրենց հերթին հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, թե այս ընթացքում կարգուկանոնի խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ: «Մեզ կտրականապես արգելված է խոսել այդ թեմաներով: Բոլոր հարցերի պատասխանը կարող եք ստանալ մեր համակարգի լրատվական ծառայությունից», – պատասխանեցին բարեհամբույր աշխատակիցները` չմոռանալով նաեւ սուրճ հյուրասիրելու առաջարկ անել: Մենք այդպես էլ չկարողացանք նրանց հասկացնել, որ ընդամենը տեղից ռեպորտաժ էինք ուզում անել, այլ ոչ թե պաշտոնական հաղորդագրություն ստանալ:
Բարեբախտաբար, գտնվեցին ֆուտբոլասերներ, որոնք չմերժեցին իրենց լուսանկարելու մեր առաջարկը: Իսկ «Բարսելոնա» ակումբ-սրճարանում «Համազգային թատրոնի» դերասան Վարշամ Գեւորգյանը սիրով պատասխանեց մեր հարցերին:
Կարդացեք նաև
– Ո՞ւմ եք երկրպագում:
– «Բարսելոնային»
– Իսկ Եվրոպայի առաջնությունո՞ւմ:
– Բնականաբար, Իսպանիային:
– Իսկ ո՞ր հավաքականին եք ամենից քիչ հավանում:
– Որպես այդպիսին ինձ համար չկա: Ես ֆուտբոլ եմ նայում ու դրանից բավականություն եմ ստանում:
– Իսկ Իռլանդիայի հավաքականի մասին բան չունե՞ք ասելու:
– Հասկանում եմ Ձեր ակնարկը: Նրանց հետ խաղից հետո մեր ազգային հավաքականը դուրս մնաց ընտրական մրցաշարից: Բայց Իռլանդիայի ֆուտբոլիստները դրանում մեղավորություն չունեն. մեղքը իսպանացի մրցավարինն է: Այդուհանդերձ, գուցե թե ամենից ավելի անտարբեր եմ հենց նրանց հանդեպ:
– Ո՞ւմ կուզենայիք տեսնել Եվրոպայի նոր չեմպիոնի դերում:
– Ամենաարժանավորին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ