Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի բնակիչների պատմելով` երեկ ժամը 14.00-ի սահմաններում իր անասուններին արոտավայր տարած Գարեգին Հակոբյանը կայծակահարվել ու տեղում մահացել է:
Նա կայծակից պատսպարվելու համար պառկել է սարի տակ գտնվող քարերի վրա ու հենց այդպես էլ մահացել է: Նրան գտել են մեջքի վրա պառկած, շորերն ու մարմնի որոշ հատվածներ ` այրված: Տնեցիները երկար ժամանակ սպասել են Գարեգին Հակոբյանին, սակայն տեսնելով, որ անասունները արոտավայրից հետ են եկել, իսկ տերը չկա, սկսել են փնտրտուքը: Գյուղի երիտասարդներից մեկը ձիով դուրս է եկել փնտրտուքի ու նրան գտել է դաշտում մահացած: Գյուղացիների ասելով, նա երեք երեխաներ ունի, երկուսը տղաներ են, ովքեր գնում են Ռուսաստան խոպան, իսկ աղջիկ դպրոցահասակ է: Ի դեպ, նա այդ օրը Ռուսաստան էր ճանապարհել իր որդիներից մեկին, ով ստիպված է եղել օդանավակայանից հետ վերադառնալ: Նոր կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանի ասելով, արտասովոր կայծակը զգացել են ամբողջ գյուղում: Գյուղում թաղում է եղել, և բնակիչները կանգնած տեղերը զգացել են բնության այդ անակնկալը: Գյուղապետի բնութագրելով, Գարեգին Հակոբյանը շնորհքով, աշխատասեր մարդ էր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև