Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կարիք լինի, Հանթսմանների ընտանիքը հանդես կգա հայտարարությամբ. Օսկանյանի փաստաբանի հարցազրույցը

Հունիս 14,2012 18:29

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը և նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել են Ազգային անվտանգության ծառայություն` ստանալու քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
«Եթե ստանանք, բողոքարկելու ենք, որպեսզի այդ որոշումը վերացվի», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` նկատելով, որ եթե ԱԱԾ-ն այդ որոշումը չտրամադրի, ապա դա օրենքի խախտում կլինի:

Փաստաբանն ասաց, որ պարոն Օսկանյանն արդեն մի քանի անգամ ցուցմունք է տվել ԱԱԾ-ում և պատմել ամեն ինչ ու պատասխանել հարցերին, սակայն նախօրեին հրաժարվել է այլևս ցուցմունքներ տալուց: Մեզ հետ զրույցում փաստաբան Աթանեսյանը հստակեցրեց, որ ցուցմունք չտալու որոշումը կապված չէ գործի հանգամանքները թաքցնելու կամ ինչ-որ բան չասելու հետ:

«Ցուցմունք տալուց հրաժարվելու որոշումը Օսկանյանինն է: Երբ պարզ է, որ քննչական մարմինը կասկածում է անձին ինչ-որ հանցանք կատարելու մեջ, ապա այդ պահից անկախ մեր ներպետական օրենսդրության սահմանումներից, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, անձը կարող է օգտվել կասկածյալի բոլոր իրավունքներից, նույնիսկ եթե նրան հրավիրում են որպես վկայի, սա իրավական հիմնավորում է», -բացատրեց պարոն Աթանեսյանը:

Նրա խոսքով, երբ ԱԱԾ-ն «կանխակալ վերաբերմունք» է դրսևորում, ապա ելքը ցուցմունք տալուց հրաժարվելն էր:
«Նա որոշեց օգտվել իր իրավունքից և այլևս չշփվել մի մարմնի հետ, որը կանխակալ վերաբերմունք ունի իր նկատմամբ և իրականացնում է քաղաքական հետապնդում` ստեղծելով հորինված պատմություններ, փորձում է անձին մեղադրել առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Նման կարգի վարքագիծ ունեցող քննչական մարմնի հետ բնականաբար, ոչ մի պարկեշտ մարդ, առավել ևս տվյալ գործի շրջանակներում, չի ցանկանա շփվել և առհասարակ համագործակցել», -հավելեց Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանի գնահատմամբ, իրենք ԱԱԾ-ի կողմից չեն տեսնում ձգտում` պարզելու իրավիճակը: Ավելին, ԱԱԾ պաշտոնական հաղորագրությունից հետո, մեր զրուցակցի խոսքով, իրենց համար պարզ է դարձել, որ խոսքը գնում է ոչ թե դեպքը պարզելու, այլ` «սարքելու մասին և շինծու մեղադրանք առաջադրելու մասին»:

Դա, ըստ փաստաբանի, հիմնավոր պատճառ էր, որ Օսկանյանը հրաժարվեր ցուցմունք տալուց: «Ներպետական օրենսդրության առումով նա դիտվում է որպես վկա, բայց Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, երբ անձը ունի ողջամիտ հիմքեր, որ իրեն մեղադրելու են, այդ դեպքում նա կարող է օգտվել իր լռության իրավունքից», -նկատեց փաստաբանը:

-Այսինքն, դուք չե՞ք բացառում, որ այնուամենայնիվ, Օսկանյանին մեղադրանք կներկայացվի:
-Հարցը ճիշտ հասցեատեր չունի, ես ասում եմ այն, ինչ որ կա. թե ԱԱԾ անքննելի ջրհորդաններում ինչեր են մոգոնվում, ինչեր են որոշվում, ես բացարձակ չեմ կարող պատասխանել:

-Պարոն Աթանեսյան, դուք և պարոն Օսկանյանը պնդում եք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, դա արդյոք չի՞ խանգարում իրավական գործընթացներին:
-Ես կարող եմ հայտարարել, որ մեր երկրում առհասարակ, իրավական գործընթացներ շատ քիչ են ընթանում: Սովորական գործերով տեղի է ունենում դատախազության պատվերների կատարում, և անվանել այս պրոցեսը իրավական գործընթաց, նույնն է, թե սևն ասես սպիտակ է:

-Այսինքն, դուք պնդում եք, որ սա քաղաքական հետապնդո՞ւմ է:
-Գիտեք, ես դա չեմ կարող պնդել, իմ ներկայությամբ որևէ մեկը չի ասել, թե պարոն Օսկանյանին պետք է անպայման դատել: Դա պարոն Օսկանյանի գնահատականն է, որ սա քաղաքական հետապնդում է: Ես, որպես փաստաբան, չեմ կարող նման հայտարարություն անել: Ես որպես անձ, իհարկե, իմ կարծիքներն ունեմ, բայց որպես փաստաբան կարող եմ ասել հետևյալը` սա ամբողջությամբ, անհիմն, սխալ քրեական գործ է և քրեական հետապնդում:

-Պարոն Աթանեսյան, ԱԱԾ հաղորդագրության մեջ խոսվում է հարկային պարտավորություններից խուսափելու մասին, դուք ծանո՞թ եք խոսքն ինչի մասին է:

-Ես շատ լավ ծանոթ եմ դրան, պարզապես, պարոն Օսկանյանին, իմ տեղեկությունների շրջանակներում, նման մեղադրանք առաջադրելը, ազգային իրավաբանական մտքի ողբերգությունն է և կատարյալ սնանկությունը:

-Այսի՞նքն
-Այսինքն, դա մի այլ կարգի սուտ է և որևէ կապ չունի օրենքի հետ, որևէ կապ չունի հարկային օրենսդրության հետ: Պարոն Օսկանյանը շատ հեռու է հարկային խախտումներից, դա բացարձակ իր հետ կապ չունի: Եվ եթե հարկային խախտում այնտեղ կա, ապա դա վերաբերում է լրիվ այլ անձանց:

-Դուք գիտե՞ք այդ անձանց
-Իհարկե: Իրենք էլ չունեն այդ հարկային խախտումները: Ուղղակի վերաբերում է այլ անձանց միջև փոխհարաբերություններին, որոնց հետ Օսկանյանը կապ չունի:

-Կմասնավորեցնե՞ք պարոն Աթանեսյան, ո՞ր անձանց, ի՞նչ շրջանակների, ինչքա՞ն գումարի մասին է խոսքը, որքանը չի վճարվել պետբյուջե:
-Չէ, չէ, իրավունք չունեմ, գործը նախաքննության փուլում է, և գաղտնիքներ չեն հրապարակվում: Ես ձեզանից ոչինչ չեմ թաքնում, եթե նախաքննությունն ավարտվի, ձեզ մանրամասն ամեն ինչ կներկայացնեմ, և այնքան ծիծաղելի ու պարզ է այս պատմությունը: Եթե խոսում ենք առհասարակ փողերի լվացման մասին, նախ և առաջ պետք է լինեն կեղտոտ փողեր, իսկ դրանք չկան, պարզապես չկան: Բոլոր գումարների ծագումնաբանությունը հստակ պարզ է և թափանցիկ:

-Իսկ տեղյա՞կ եք նշված շուրջ 2 մլն ԱՄն դոլարը որտեղ և ի՞նչ նպատակներով է ծախսվել, կա՞ էդպիսի հաշվետվություն:
-Ամեն ինչ արվել է բաց, թափանցիկ և մինչև վերջին ցենտը կարող են տեսնել: Շատ ծիծաղելի է, երբ խոսում են հարկերի մասին, անգամ իրենք խոսում են և չգիտեն` ով պետք է այդ հարկերը վճարի, չեն կարդացել շահութահարկի մասին օրենքը և չգիտեն, թե ով պետք է այդ հարկը վճարի: Ես անձամբ հարցրել եմ, թե ձեր նկարագրած դեպքում ով պետք է հարկը վճարեր և սխալ են ասում: Պարոն Օսկանյանը, որպես ֆիզիկական անձ, շահութահարկ չի կարող վճարել: Դա վճարում են իրավաբանական անձ առևտրային կազմակերպությունները:

-Այս պահին գործով մեղադրյալ կա՞
-Ես չունեմ այդպիսի տեղեկություն:

-Ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ ճակատագիր կունենա այս գործը
-Կարող եմ մի բան ասել` այս երկրում կա մեկ դատավոր, մեկ դատախազ, մեկ քննիչ առհասարակ այս երկրում որոշում կայացնում է մեկ անձ, որը կայացնում է բոլոր մակարդակների որոշումները: Քանի որ տվյալ դեպքի համար դատական-դատախազական համակարգը հստակ վերահսկվում են և ենթարկվում են մեկ անձի, ապա ինչ էլ անունը դնեն` կլինի դա փողերի լվացում, մանկահասակ աղջկա բռնաբարություն, ահաբեկչություն և մեղադրանքը որևէ կապ չունենա իրականության հետ, հավատացած եղեք, մեր դատավորները իրենց երեխաներին մատաղ կանեն, բայց անպայման կստորագրեն այդ դատավճիռը: Արդարադատություն չունենք մեր երկրում:

-Վերջին հարցազրույցներից մեկում Օսկանյանը մոտավորապես հայտարարեց, որ թող հարկային մարմինները գան ստուգեն, եթե ապացուցեն, որ կա խախտում, կուղղենք մեր սխալը: Դուք տեղյա՞կ եք, եղե՞լ է նման ստուգում:
-Ոչ, հարկային մարմինն առհասարակ որևէ կերպ իմ աչքով չի ընկել այս պատմության մեջ: Եթե սա քաղաքական պատվեր է, ապա դրա հետևում կանգնած մարդիկ շատ հստակ հաշվարկ են արել. Եթե պայմանական ընդունենք, որ պարոն Օսկանյանը մի իրավիճակում է, երբ հարկեր չեն վճարվել: Նա իրավաբան չի, հաշվապահ չի, բնականաբար մարդուն սխալ խորհուրդ են տվել, որը շատ հեշտ է ուղղել` գործը վարչական վարույթով կավարտվեր, պարտքը կմարվեր: Բայց փողերի լվացում են որակում, որը աշխարհով մեկ մարդուն սևացնելու միջոց է: Հանթսմանը մորմոն է, դե պատկերացրեք` Օսկանյանը մորմոնների փողերը լվանում է Հայաստանում, ինչ տգեղ հաշվարկ է: Ես համոզված եմ, որ այս հաշվարկը չի աշխատելու:

Մեր դիտարկմանը թե պարոն Օսկանյանն իր վերջին հարցազրույցներում նպատակաուղղված շրջանառության մեջ է դնում բարերար Հանթսմանի անունը, Աթանեսյանն ասաց, որ Օսկանյանն ամենևին էլ միտումնավոր «չի շահարկում Հանթսմանի անունը»:

«Այդպիսի բան չկա և չի կարող լինել: Պարոն Օսկանյանն ինչ արել է, ապա միմիայն արվել է Հանթսմանի համաձայնությամբ, օժանդակությամբ, կամեցողությամբ: Այսինքն, ոչ մի շահարկում չկա: Պարոն Հանթսմանի անունը շահարկում է Ազգային անվտանգության ծառայությունը: Ես համոզված եմ, որ եթե կարիքն էլ լինի, Հանթսմանների ընտանիքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»-, -հավելեց փաստաբանը:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930