Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 6-րդ. Ով եմ ես եւ ինչ եմ ուզում այս կյանքից

Հունիս 14,2012 17:37

Սիրելի «Մտերմիկ զրույց», ես այս օրերին ավարտում եմ դպրոցը, քննություններ եմ հանձնում, շատ խառը եւ լարված շրջան է ինձ համար, իմ համադասարանցիների համար, սակայն, մի բանի մասին ուզում եմ զրուցել ձեզ հետ: Բանն այն է, որ ես թեպետ ավարտում եմ դպրոցը եւ պետք է հասունության վկայական ստանամ, սակայն, դեռ չեմ պատկերացնում, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ունենալ: Իհարկե` ես արդեն մեկ տարի լրացուցիչ պարապում եմ մի քանի առարկա, որոնք ինձ պետք են գալու ընդունելության քննությունների համար, սակայն, կոնկրետ մասնագիտական հարցերում չեմ կարողանում կողմնորոշվել, պատկերացրեք` կարող եմ դիմումի մեջ գրել մի քանի մասնագիտություն եւ ըստ միավորների ընդունվել դրանցից մեկի ֆակուլտետ, բայց դա ինձ քիչ է ուրախացնում, քանի որ ինքս ինձ համար դեռ չեմ պարզել թե ով եմ ես եւ ինչ եմ ուզում այս կյանքից»:

Այս նամակի հեղինակը մեզ է ներկայացել իր անուն-ազգանունով, նշել է, թե որ դպրոցն է ավարտում, եւ այս բովանդակությամբ նամակներ մենք շատ ենք ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում; Ներկայացնելով այս նամակը, որոշեցինք մեր ընթերցողների հետ զրուցել մասնագիտական կողմնորոշում կոչվածի մասին:

Ցավոք, մասնագիտական կողմնորոշման դասընթաց, կամ նման աշխատանք մեզանում չի կատարվում, երեխաները մեծանում են գրեթե իներցիայի ուժով եւ շրջապատի, ընկերների, ծնողների հետ զրույցների կամ կյանքում իրենց տեսածի հիման վրա են ընտրություն կատարում, հաճախ` առանց ընտրություն կատարելու էլ  ընդունելության դիմում-հայտերում նշում են մի քանի մասնագիտություն, ֆակուլտետ, կախված այն հանգամանքից, թե քանի առարկա են լրացուցիչ պարապել եւ քանի առարկայով են պատրաստ հանձնել քննություններ:

Հաճախ ընտրությունը կատարվում է ծնողների հորդորով, իսկ ծնողները ավելի շատ ձգտում են, որ իրենց երեխաները դառնան իրավաբան /հույսով, որ մի օր դատավոր կդառնան, դրանից բխող բոլոր «յուղալի» սպասելիքներով/, կամ` կդառնան ֆինանսիստ`նույն տրամաբանությամբ, առանց լսելու կամ հաշվի առնելու իրենց երեխաների ցանկությունները եւ ձգտումները:

Մեզանում չափազանց ցածր մակարդակի է մասնագիտական կողմնորոշման հարցը, չկան, կամ քիչ են մասնագիտական ուսումնարանները, քոլեջները, իսկ որոշումները կայացվում են հիմնականում ծնողի ֆինանսական հնարավորությունների շրջանակում:

Սակայն, հուսահատվել պետք չէ, սիրելի շրջանավարտներ, ամենալավ խորհրդատուն ձեզ համար թող լինի ձեր ներքին ձայնը, ինքներդ ձեզ շատ ավելի լավ եք ճանաչում, քան ուրիշները, ուստի, մի պահ լսեք ձեզ, հարցրեք ինքներդ ձեզ` ինչպես ե ք պատկերացնում ձեր ապագան, ձեր կյանքը` բժշկի ճերմակ խալաթով, թե խառատի սեղանի առջեւ, լրագրողի դերում, թե` ուսուցչի: Իհարկե` խորհրդակցեք նաեւ ծնողների, ավագ ընկերների, հարազատների հետ:Ինչպես ժողովուրդն է ասում` մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ:

Իսկ մինչ այս որոշման առջեւ կանգնելը եւ ընտրություն կատարելը, ինչպես ասում էր նախկին մի առաջնորդ, որին դուք ոչ տեսել եք եւ ոչ էլ լսել, հարկավոր է սովորել, սովորել, սովորել: Այդ առաջնորդի ոչ բոլոր ասածներն էին լսելու արժանի, բայց այս մեկը արժե ոչ միայն լսել այլեւ՝ իրականացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930