Ջերմ ու տաք ամառը ստիպում է իգական սեռի ներկայացուցիչներին կերպարանափոխվել հագուստի ընտրությունից մինչեւ վարսերի գույն: Վարսահարդար Կարինե Սարգսյանի խոսքով՝ հայ կանայք եւ աղջիկների մեծ մասը անուշադրության են մատնում իրենց վարսերին հատկապես ձմռանը. «Վարսերը կարող են լինել չոր, յուղոտ, թեփոտ կախված անհատի գլխամաշկից: Եվ որքան էլ պնդենք, թե մեր մազերին ոչինչ էլ չի եղել, միեւնուն է, դրանց խնամք է հարկավոր: Միայն օդում առկա տարատեսակ քիմիական նյութերը բավարար են վնասելու այն»,-ասում է նա: Վարսերի խնամք մեծամասամբ կախված է ոչ թե հաճախակի կտրվածքներից կամ գունափոխությունից, այլ առաջնահերթ գլխամաշկի «որակից». «Նախ պետք է հասկանալ, թե մաշկը որ կարգին է դասվում. անհրաժեշտության եւ հաճախորդի ցանկության դեպքում անցնել որոշակի շրջան մաշկը վերականգնելու համար: Երբ կարգավորվում է գլխամաշկը, մազերն ակամայից քիչ թե շատ վերականգնում են իրենց երբեմնի փայլը: Այնուհետեւ անցում կատարում արտաքին փոփոխմանը »,-ասում է մաշկաբան Արեւիկ Գրիգորյանը:
Գարնան սկզբնական ամիսները ամենալավ ժամանակաշրջանն են զբաղվելու վարսերի խնամքով, իսկ ամռանը ավելի հակված են հետեւել նորաձեւությանը եւ ունենալ սպասված արդյունքները:
«Ամռան յուրաքանչյուր ամիս մազերս ներկում եմ այնպես, որ փոփոխությունն ակնհայտ է դառնում: Ասես ինչ-որ վարակ լինի. հենց գալիս է ամառը ցանկություն է առաջանում անընդհատ փոփոխելու եւ մի քանի փորձարկումներ անելով վերջնական ընտրել մի երանգ ամբողջ տարվա համար: Շատ չեմ հետեւում նորաձեւությանը եւ մեծ տեղ չեմ տալիս դրան: Վարվում եմ այնպես, ինպես ճիշտ եմ համարում»,-ասում է 28-ամյա Սուսաննա Ավետիսյանը:
Այս տարի, հատկապես ամռանը, 2012-ի մազերի գույնի նորաձևության հիմնական տենդենց է համարվում շագանակագույնի նրբերանգները: Նորաձեւ են համարվում նաեւ շիկակարմիրը, բլոնդը եւ շոկոլադի բաց եւ մուգ երանգները. «Վերջին շրջանում նկատել եմ, որ հայ աղջիկներն իրենց գերապատվությունը տալիս են մուգ կամ կաթնային շոկոլադե վարսերին»,-ասում է վարսահարդարը:
Այնուամենայնիվ, մասնագետները խորհուդ են տալիս որոշակի փոփոխություններ ու թարմություններ անելիս լինել բնականին մոտ: Չստեղծել մի կերպար, որը ներդաշնակ չէ Ձեր ներաշխարհին:
Քրիստինա Միրզոյան