Հաջորդ տարի դոլարի գինը կտատանվի 460 դրամի շրջանակներում, իսկ 2013-ին` 520 դրամի: Սա Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանի կանխատեսումներն են, որոնք այսօր «Հայելի» ակումբում հիմնավորեց: Ըստ պարոն Մակարյանի, Հայաստանում մոտ ապագայում դոլարի դեֆիցիտ է լինելու, իսկ ցանկացած ապրանքի դեֆիցիտ բերում է թանկացման: Դոլարի դեֆիցիտն առաջանալու է մեր արտաքին պարտքի մարման պատճառով, քանի որ մեծ քանակությամբ դոլարի կարիք ենք ունենալու: Գագիկ Մակարյանը ներկայացրեց Հայաստանի դոլարային աղբյուրները եւ մանրամասնեց, թե ինչո՞ւ դոլարի դեֆիցիտ կառաջանա: պարոն Մակարյանի խոսքերով` դոլարի աղբյուրներ են` արտահանումը, որն անցյալ տարի կազմել է 1,3 միլիարդ դրամ, տրանսֆերտները, որը պաշտոնական տվյալներով մոտ 2 միլիարդ է, միջազգային դոնոր կազմակերպություններն ու իրական տուրիզմը, գրանտային կազմակերպությունները, որոնց միջոցով էլ Հայաստան դոլար է մտնում եւ երկրի պահուստային ֆոնդերը.«Այդ դոլարները օգտագործում են հիմնականում ներմուծողները, որոնք պետք է արտաքին առեւտուր իրականացնեն, եւ դրա շրջանակը, որ նայենք, 4.1 միլիարդ է, այդ վալյուտան այս փոխակերպումների արդյունքում, նա պետք է ձեռք բերի բանկերից: Այս թվի վրա գումարվել է նաեւ գալիք տարում 1 միլիարդ արտաքին պարտքի մարումը: Այսինքն, տարվա կտրվածքով 500 միլիոն դոլար է պետք լինելու. դա մենք չենք կարող ավելացնել տրանսֆերտների կամ արտահանման ծավալների հաշվին, որովհետեւ այդպիսի կտրուկ աճ տեղի չի ունենա: Հետեւաբար, իմ հաշվարկներով, այդ կես միլիարդը, որ բաժանում ենք դոլարի ընդհանուր պահանջարկի վրա, դոլարի պահանջարկը 10-11%-ով աճելու է: Դոլարի պահանջարկն աճում է, բայց զանգվածը չի ավելանում, ուրեմն թանկանալու է: Այսինքն եկող տարի դոլարի կուրսը կդառնա 460 դրամի շրջանակում, իսկ մյուս տարի` 520-ի»:
Գագիկ Մակարյանի համոզմամբ` կառավարությունը պետք է մի մարմին ստեղծի, որը գնաճի ուսումնասիրություններ եւ կանխատեսումներ կկատարի. «ԿԲ-ի կայքն այսօրվա վիճակով եթե նայեք. մարդիկ հարցեր են ուղղել, թե դոլար-դրամի այս տատանումներն ինչպես կանդրադառնան այս կամ այն խնդիրների վրա: Պատասխանները զուտ բանկային տերմիններ են եւ ոչ մի պրոգնոզներ չկան»: Իսկ մեր գործարարներին, ըստ պարոն Մակարյանի, անհրաժեշտ է իմանալ` եթե դոլարով վարկ է վերցրել, ապա հետագայում ինքը ինչ արժեքով է այն մարելու, եւ նման կանխատեսումները կօգնեն գործարարին ճիշտ իրականացնել իր բիզնես ծրագիրը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ