Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ իմ արխիվից որոշների վերաբերյալ ունեցած օպերատիվ տվյալները հանձնեմ ուր հարկն է»

Հունիս 14,2012 16:30

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին եւ ըստ որոշ տեղեկությունների՝ նրան կասկածում են դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մեջ:

Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ էր Սամվել Հովհաննիսյանը «Հրապարակում» հանդես եկել հրապարարակմամբ, որտեղ մեղադրալից ակնարկներ կային իր երբեմնի առաջին տեղակալ, ՔԿՀ նախկին պետ Աշոտ Մարտիրոսյանի եւ նրա եղբոր` 2003 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Արարատ Մարտիրոսյանի հասցեին: Եվ մասնավորապես՝ Սամվել Հովհաննիսյանն ասել էր, որ նրանք « այսօր ձգտում են նոր պաշտոնների, կարծում են,  փորձելով  դիմացինին վարկաբեկել, կարող են իրենց համար ճանապարհ բացել: Կարծում եմ՝ ժամանակն է, որ իմ արխիվից որոշների վերաբերյալ ունեցած օպերատիվ տվյալները հանձնեմ ուր  հարկն է»:

Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր եւ մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ:

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից ստացված նամակի եւ քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի գրավոր հայտարարության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականի հունիսի 27-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Վիննիցկի փողոցում բռնության եւ սպանության սպառնալիքներով, շահադիտական դրդումներով իրականացվել է քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի առեւանգումը՝ որպես փրկագին պահանջելով նախ՝ 500.000, ապա՝ 300.000 ԱՄՆ դոլար: Փրկագինը ստանալու համար ՀՀ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանը Մոսկվա է ուղարկել իր ներկայացուցչին, ով 2007 թվականի հուլիսի 6-ին, հանդիպելով առեւանգվածի հարազատներին, ստացել է փրկագինը՝ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական ռուբլի, որից հետո Ռուբիկ Սիմոնյանն ազատ է արձակվել», – ասված էր Գլխավոր դատախազության այս առնչությամբ տարածած  հաղորդագրությունում: – «Հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար 31.07.07թ. որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Սամվել Հովհաննիսյանի բարեկամ Հ.Պողոսյանը»:

Հետագայում մեղադրանքը չհաստատվեց եւ Սամվել Հովհաննիսյանն ազատ արձակվեց հանցակազմի բացակայության հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930