Կարո՞ղ ենք մեզ «Կոմիտասի հետևորդներ» անվանել… Հետևորդներ, որոնք աչքի լույսի պես ենք պահում այն ժառանգությունը, որում Սողոմոն Սողոմոնյանի սիրտն է բաբախում:
Սողոմոն անունը կարծես իմաստություն բառի հոմանիշը լինի: Այս անունը կրող հայ ազգի զավակ Կոմիտասը, ևս իմաստության սերմեր ցանեց իր ճանապարհին, ակնկալելով, որ գալիք սերունդները կքաղեն իմաստության տված պտուղներն ու աշխարհին կապացուցեն, որ, իրո°ք ապրում է այն գործը, որի համար նա մեռավ… Կոմիտասի թողած հսկայական ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն նրա տասը պատվիրանները երգչին:
1.«Երգելուց առաջ մարմինը կարծես մեռած (մարզանքը կմեռցնե մարմինը, բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)»:
Կարծում եմ այս պատվիրանով Կոմիտասը ցանկացել է նախազգուշացնել երգչին, որ պարապմունքների ընթացքում, առավելևս` բեմում, արգելվում են ավելորդ զսպվածությունն ու նյարդային դրսևորումները: Մարմինը, սիրտն ու հոգին պետք է խաղաղ լինեն, որ ձայնն էլ այդպիսի երանգ ստանա: Բայց գլուխը պետք է ակտիվ աշխատի, որ ստեղծագործությունը դատարկ ու անիմաստ չթվա: Ինչքան էլ ձայնը գեղեցիկ լինի, այն արժեզրկվում է, եթե ուղեղն անջատվում է. դատարկ գլխով երաժիշտը ոչ ոքի պետք չէ :
2«ՙՁայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո-պիասնիսիմո, դեռ կիսաստիճաններով բարձրանալ և կամաց-կամաց լայնացնել ձայնաշարը»: Մեր օրերում տարօիրնակ երևույթ է ձևավորվել. երգիչն ինչքան forte է երգում, այնքան պրոֆեսիոնալ է: Բայց վարպետությունը ոչ թե fortssimo-ների, այլ pianissimo-ների տիրապետման մեջ է, դա վերաբերվում է արդեն կայացած կատարողներին: Բայց չէ՞ որ երգեցողական դաստիարակությունը մեզանում ուսուցման ընթացքում է ձևավորվում:
3«Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից»: Երգելու ժամանակ մարդու ներաշխարհը պետք է գոնե ձգտի կատարյալ ներդաշնակ լինել, քանի որ կատարումը ունկնդրին ոչ թե պետք է նյարդանացնի, այլ գեղագիտական հաճույք պատճառի ու ստիպի որոշ հարցերի շուրջ խորհել:
4«Ամեն ջանք թափել ձայնը ներս չպահելու, այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու»: Պետք է ձայնն իր ամբողջ գեղեցկությամբ ու հյութալիությամբ և հոգու հարուստ պաշարները դուՐս հորդացնել, քանի որ ոչ թե քեզ, այլ քեզ լսելու համար համերգասրահ եկած ունկնդրի համար ես երգում:
5.«Ձայնը առաջ մղել. ինչպես մի նետ և այնքան հեռու, որքան շունչը թույլ է տալիս»: Ձայնը պետք է թռիչք ունենա, որ հասնի դահլիճի վերջին շարքում նստած ունկնդրին:
6. «Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաստիճանները և կամաց-կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները, և միայն այն պարագայում, երբ նախընթաց աստիճանը կատարյալ է երևում, քիչ-քիչ ձայնի ուժը ավելացնել՝ պահպանելով ամենայն հանգստություն՝ առանց որևէ հուզմունքի»: Ձայնավարժությունները ինքնահոսի չթողնել, այլ հասնել յուրաքանչյուր նոտայի ճշգրիտ հնչեցման ու նոր անցնել հաջորդին: Դրանք ինքնանպատակ գործողություն չեն. օգնում են ստեղծագործությունները վարպետորեն կատարել:
7«Շատ աշախատանք (երգելու) կատարել շատ քիչ շունչ գործադրելով»: Վոկալ արվեստը շատ աշխատանք է պահանջում: Երգիչը ջանք ու եռանդ չպետք է խնայի հասնելու գեղեցիկ ու իմաստուն ձայնի: Անհրաժեշտ է մարզել շնչառությունը:Դրան նպաստում են ինչպես երգեցողության դասերը, այնպես էլ մարմնի մարզվելը, որը հսկայական օգուտ է տալիս երգչին: Պետք է շունչը հավասարաչափ բաշխել: Ընդհանարապես պետք է մտածել ոչ թե շնչի, այլ ստեղծագործական ամբողջ ջերմությունը ունկնդրին փոխանցելու մասին:
8«Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտտել, որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր` իբրև զգացմունքի արտահայտություն, զորօրինակ` գարուն, աշուն, ձմեռ, երկինք, արև, լուսին, ամպ: Երգել աստիճանաբար ձայնաշարով: Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը»:
Այսօր աշխարհը դիտվում է որպես զանազան էներգիաների ազդեցության դաշտ, իսկ բառերը` խտացված էներգիաներ: Այդ պատճառով ձայնը մարզելիս պետք է ընտրել գեղեցիկ, լավ ու բարի էներգիաներ կրող բառեր, որ դրանք ինչպես կատարողի, այնպես էլ լսողի վրա դրական ազդեցություն ունենաՆ:
9«Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը, crescedo և decresendo և ընդհատումներով երգել (staccato)»:
10. «Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի` ավելի բարձր կամ ավելի ցածր, և շունչը մեջ լցնելով, ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը»: Վերջին երկու պատվիրանները վերաբերում են նյուանսներին, որոնց տիրապետումը սկսում է խոսել կատարողի` վարպետության հասնելու մասին, դա այն վիճակն է, երբ ձայնային ապարատը լիովին ենթարկվում է երգչին:
ԵՊԿ մագիստրանտ Նելլի Գասպարյան