Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյան. առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու բարձրագույն կրթության ոլորտի համար

Հունիս 14,2012 15:41

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք հարցեր: Ներկայացնելով հանդիպման օրակարգը` Արմեն Աշոտյանը նշել է, որ հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը, և այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` գործընթացի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովի  և Բոլոնիայի հետամուտ խմբի հանդիպումների ընթացքում ներկայացվել են առաջիկա երեք տարիների համար եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գերակայությունները, որոնց իրագործման նպատակով յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաև Հայաստանում, կստեղծվեն համապատասխան աշխատանքային խմբեր: Այդ նպատակով նախարարի պաշտոնակատարը ռեկտորներին առաջարկել է ազգային խմբում ներգրավելու համար ներկայացնել մեկական թեկնածու: Ա. Աշոտյանը ևս մեկ անգամ ռեկտորներին հիշեցրել է, որ առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի համար, և մինչև 2015 թվականը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հայաստանյան բուհերը պարտավոր են ի կատար ածել  այդ ուղղությամբ իրականացվող նվազագույն  ծրագիրը, մասնավորապես, որակի ապահովման, որակավորումների ազգային շրջանակի, ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում: Բացի այդ, Արմեն Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը. ոչ պետական բուհերում վերահսկողությունն իրականացվելու է “Լիցենզավորման մասին” ՀՀ նոր օրենքի դրույթներին համապատասխան, իսկ պետական բուհերում` նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով: Ա. Աշոտյանը հավելել է, որ ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը և համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների և ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է բուհերին տրամադրել ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը և ժամանակացույցը: Միաժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարգապահական խստացումներին զուգահեռ` պետությունը պատրաստ է ավելացնել բուհերի ազատությունները` հաշվետվողականության, կարգապահության և պատասխանատվության բարձրացմամբ: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ պետական բուհերից մեկին` ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը: Ըստ Արմեն Աշոտյանի` վերոնշյալ փորձնական ծրագրով կորոշվի` որքանով է նման կարգավիճակն առավել նպաստավոր կրթական ծառայությունների մատուցման համար, և փորձարկման արդյուքներից է կախված մյուս բուհերի կարգավիճակի փոփոխության խնդիրը;
Հանդիպման օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված ծրագրի կրթական բաղադրիչին, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս-Մունդուս ծրագրերի մասնակցության ընդլայնման, Եվրոպական մի շարք երկրներում շարժունության, երկկողմանի հարաբերությունների միջոցով միջբուհական համագործակցության, կրկնակի դիպլոմների, կրթական քաղաքականության մշակման և ներդրման համատեքստում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախանշված մի շարք գերակա ուղղությունների` “Լավագույն ուսանող” հանրապետական մրցույթի, առնվազն երեք մասնագիտությունների գծով կրկնակի դիպլոմների ծրագրի իրականացում, բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգի ներդրում, որի շրջանակում նախատեսվում է բոլոր պետական նմուշի դիպլոմները մուտքագրել հատուկ ծրագրի մեջ, որը հասանելի կլինի նաև հասարակությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև պետական ավարտական քննություններին, ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությանը, բանակից զորացրվածների ընդունելության կազմակերպմանը, ինչպես նաև համապատասխան վարկային ծրագրի շրջանակում հավատարմագրման և որակի ապահովման գործընթացին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն առաջարկել է ռեկտորների խորհրդի արտագնա նիստի օրակարգում ընդգրկել և քննարկել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Եվրամիություն–Հայաստան համագործակցության ընդլայնման ծրագիրը և ազգային զեկույցը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930