Հունիսի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կանցկացվի Ազգային մանկական մրցանակաբաշխությունը: Մինչեւ 16 տարեկան երեխաները, անհատներն ու խմբերը կպարգեւատրվեն մշակույթի, սպորտի, կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար: Անցկացվելու է երկրորդ անգամ:
«Առաջինից գրեթե ոչնչով չի տարբերվելու: Փոխվել է միայն վերնագիրը` «Տաղանդավոր սերունդ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Տաղանդավոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային մանկական մրցանակաբաշխության կազմակերպիչ Միքայել Մարգարյանը:
Կազմակերպիչները հավաքելու են տեղեկություններ երեխաների մասին ու այն համալրելու են նախարարությունների կողմից տրված տվյալների հետ:
«Նրանք մեզ տալիս են ցուցակ: Կան երեխաներ, որ տաղանդավոր են, բայց հաջողություն չեն ունեցել, դրա համար էլ երկկողմանի ուսումնասիրություններ ենք կատարում, որպեսզի նրանք նույնպես աչքաթող չլինեն: Մարզերից երեխաներ կլինեն»,- ասում է կազմակերպիչը:
Անցյալ տարի իրականացված մրցանակաբաշխությունից սպասված ակնկալիքները արդարացել են, Մարգարյանն էլ զգացել է, որ այն սպասված էր:
Ուկրաինահայ երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Նոր ալիք-2011»-ի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանը հատուկ հյուր է լինելու Ազգային մանկական մրցանակաբաշխությանը: Երկրորդ անգամ է Երեւանում: Վերջին անգամ այստեղ եղել էր 11 տարի առաջ:
«Ամեն ինչ փոխվել է դեպի լավը,- ասում է նա ու ավելացնում,- ամենից շատ հավանում եմ քաղաքն ու հայկական խոհանոցը»:
5 տարեկանից է երգում: Դա բացահայտել է պատահական: «Մանկական նոր ալիք» մրցույթի հաղթանակը իր համար նույնպես անսպասելի է եղել: Ապագայի համար ծրագրերը շատ են` «Յուրմալաից» մինչեւ «Մանկական նոր ալիք»: 14-ամյա պատանին չի բացառում մենահամերգ ունենալ նաեւ Երեւանում:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ