Մարդկությունը, դեռևս անհիշելի ժամանակներից, փորձում է հասկանալ բանականության ու մարդկային մտքի էությունը: Կենսաբան Աստղիկ Սաֆարյանն ասում է. «Աշխարհում գոյություն ունի մի նոր գիտություն, որ կոչվում է «Նոետիկա», հին հուն.` nous- հոգի, բանականություն, ասել է թէ՝ միտք, մտածողություն»:
Մարդուն տրված ամենահզոր զենքը` մտքի ուժն է: Մենք պատասխանատու ենք ինչպես մեր արածների, այնպես էլ` մտքերի համար: Ինչպես Էբներ Էշենբախն է ասել. «Մարդը պետք է իր կամքի ու մտքի միակ տիրակալն ու խղճի ստրուկը լինի` հատկապես, որ դրանք իրականություն դառնալու ուժ ունեն»:
Յուրաքանչյուր ոք, իր սեփական փորձից անգամ կարող է հավաստել սա. երբ մենք մի բան շատ ենք ուզում ու մեր մտքում անընդհատ կրկնում, տիեզերքն անգամ միանում է մեզ ու օգնում իրականացնել այն:
«Ցանկացած մարդ հայտնվում է քո կյանքում, բոլոր դեպքերը կատարվում են քեզ հետ, որովհետև դու նրանց դեպի քեզ ես ձգում: Ընտրությունը՝ ինչպե՞ս վարվես նրանց հետ՝ կախված է քեզնից»,- այսպես է ժամանակին ասել Ռիչարդ Բախ:
Հոգեբան Սոնա Մակիչյանը բացատրում է. «Մարդկային միտքն անչափ հզոր էներգետիկա ունի և միայն հավատի ու ինքնաներշնչման միջոցով հնարավոր է իրականություն դարձնել մեր ամենաանիրականանալի ու անհասանելի թվացող երազանքները: Հարկավոր է միայն կարողանալ վերահսկել սեփական մտքերը:
Մեր մտքերի ազդեցությամբ, մենք անգիտակցաբար պլանավորում ենք մեր ամբողջ օրվա ընթացքը, ինչը նշանակում է, որ մենք ենք պատասխանատու մեր հաջողության ու անհաջողության, լավ կամ վատ տրամադրության համար: Մարդիկ երբեմն միաժամանակ երջանիկ են ու դժբախտ, ուժեղ են, հզոր ու անզոր, նայած թէ երբ ինչպիսին են ուզում լինել: Շատ հաճախ մենք կարևորություն չենք տալիս մեր մտքերին, մտածելով, որ դե մտքեր են էլի, մեկ է, ոչ ոք չի իմանում, համել ով ինչ ուզում մտածում է, ես էլ կարող եմ, կարևորը ոչ մեկին չեմ խանգարում: Դա այդքան էլ այդպես չէ. միտքն ահռելի ձգողականություն ունի, ուստի դուք ձեզ եք ձգում այն, ինչի մասին մտածում եք: Կյանքը մեզ ոչ թէ տալիս, այլ ետ է վերադարձնում այն, ինչը մեզանից յուրաքանչյուրը տալիս է կյանքին»:
19- ամյա Լիան, կարծես ապացույց այս ամենի հավաստում է. «Կյանքում ամեն ինչի հասնում եմ ժպիտիս ու ինքնաներշնչման միջոցով: Երբ մի բան շատ եմ ուզում, անընդհատ երկինք եմ նայում ու կրկնում դա, որևէ բան անելուց առաջ, ինձ համոզում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու այդպես էլ լինում է: Ես երազելուց անգամ ժպտում եմ, չգիտեմ ինչո՞ւ, բայց հավատում եմ, որ այդպես օգնում եմ երազանքներիս ու ցանկություններիս իրականացմանը:
Հոգեբանները ևս խորհուրդ են տալիս. «Երազել, բայց, ոչ թէ փակ աչքերով` այլ ժպիտով ու հավատով…»:
Գոհար Մուշեղյան