Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞րն է Վաշինգտոնի շահը Կովկասում

Հունիս 14,2012 15:25

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով

Վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, ԱՄՆ-ը Կովկասի խնդիրներն ընկալում է ընդարձակ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։

Վաշինգտոնում տեղակայված ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը National Interest հանդեսում հրապարակած վերլուծությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` վերջերս Կովկաս կատարած այցին։

Պետական դեպարտամենտը հաղորդել էր, որ «այցի նպատակն է տեղում քննարկել ժողովրդավարությանը, տարածաշրջանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը եւ հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր»։

«Մի կողմ դնելով այդ ձեւակերպումը, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է Կովկասը հետաքրքիր պաշտոնական Վաշինգտոնի համար եւ ի՞նչ սկզբունքային տարաձայնություններ ունեն Վաշինգտոնն ու Մոսկվան այդ տարածաշրջանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումներում», – գրել է Մարկեդոնովը։

Նա նշում է, որ ի տարբերություն տարածաշրջանային տերություններ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի` Ամերիկայի Միացյալ Նահանգները բավական հեռու է Կովկասից։

Հյուսիսային Կովկասն առանց այն էլ անկայուն վիճակում է։ Ռուսաստանին մտահոգում է Հարավային Կովկասի հնարավոր անկայունությունը, քանի որ դա է’լ ավելի կշիկացնի հյուսիսկովկասյան խնդիրը։ Եվ Մոսկվայի համար հրատապը դա է, այլ ոչ թե տարածաշրջանում իր կայսերական գերակայությունը վերականգնելու ձգտումը։

Թուրքիան տարածաշրջանում ցանկանում է ստանձնել հզոր դերակատարություն եւ այլեւս չդիտվել որպես «ՆԱՏՕ-ի ընտանիքի կրտսեր անդամ»։

Թեհրանը տարածաշրջանի խնդիրները դիտում է որպես խոչընդոտ տարածաշրջանային տերություն դառնալու ճանապարհին։

Միացյալ Նահանգներն ունի այլ ձգտումներ։ Տարածաշրջանը մեկուսացված վիճակում արժեզրկվելու է։ Այն հետաքրքրություն է ներկայացնում անվտանգության եւ միջազգային քաղաքական զարգացումների միայն մեծ խորապատկերում, որտեղ Վրաստանը ընկալվում է իբրեւ նախկին ԽՍՀՄ թույլ օղակ, որը Մոսկվան կարող է օգտագործել Եվրասիայում ազդեցությունը վերականգնելու նպատակով։

Ո՞րն է ԱՄՆ-ի համար Հայաստանի ու Ադրբեջանի նշանակությունը։ Մարկեդոնովի կարծիքով, այն կարելի է տեսնել Ամերիկայի մերձավորարեւելյան քաղաքականության ասպարեզում։

ԱՄՆ-ը մահմեդական աշխարհում ունի շատ ցածր վարկանիշ եւ կցանկանար լավ կապեր հաստատել Ադրբեջանի աշխարհիկ վարչակազմի հետ։ Ադրբեջանը չի փոխարինի Թուրքիային, սակայն կարող է հակակշիռ լինել Իրանի դեմ։ Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտն արծարծում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեման, սակայն գերակայությունը տալիս են առավել կարեւոր գործոններին` էներգետիկ պաշարներին եւ ռազմատեխնիկական համագործակցությանը։

Հայաստանը, ըստ Մարկեդոնովի, ԱՄՆ-ի համար այլ կարեւորություն է ներկայացնում։ Այն ճնշում բանեցնելու գործիք է, որը կիրառվում է Անկարայի նկատմամբ, երբ Թուրքիան երես է թեքում ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ Եվ այդ համատեքստում բնավ պատահական չէ, որ Հիլարի Քլինթոնը 2010 թվականին մեկնելով Հայաստան, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հոշահամալիր։

Ի տարբերություն Վրաստանի հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Վաշինգտոնը տեսնում է Մոսկվայի հետ համագործակցության հեռանկար։

Մարկեդոնովը եզրակացնում է, որ Վաշինգթոնի շահը Կովկասում պարզ է, սակայն այն անմիջականորեն չի առնչվում նշված առանձին խնդիրներից եւ ոչ մեկին։

Այդ շահը կարելի է համարել աշխարհաքաղաքական առավել ընդարձակ ծրագրերի մի բաղադրիչ, որը կարող է նպաստել ռուս-ամերիկյան կապերի վերականգմնանը, Մերձավոր Արեւելքի, Իրանի եւ Թուրքիայի հարցերի կարգավորմանը։

Այսպիսով, ըստ Մարկեդոնովի, մի կողմից կա Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի կովկասյան ընկալում, մյուս կողմից` Վաշինգտոնի։

«Եվ Կովկասի հարցերի կարգավորման գործընթացում հաջողություն գրանցելու համար, եվրասիական տերություններն ու Ռուսաստանը նույնպես պետք է հաղթահարեն կարճատեսությունն ու սովորեն Կովկասը դիտել ավելի ընդարձակ` աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում», – National Interest հանդեսում հրապարակած հոդվածում եզրակացնում է վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930