Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Պետք է ուղիղ կապ ստեղծել իրանական փողի եւ հայկական դրամի միջեւ

Հունիս 14,2012 15:17

 Անշարժ գույքի շուկան կայուն ծանր վիճակում է: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Հակոբ Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ, այս շուկայում պահանջարկի անկում կա, որը սակայն գների վրա էական ազդեցություն չի թողել, ընդամենը 0.5-1%-են տատանումները: Ըստ պարոն Բաղդասարյանի, այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ նախ կառուցապատման ծավալների ավելացում չկա, աշխատուժի եւ շինանյութի գների նվազում էլ չի արձանագրվել, նույնիսկ որոշ տեսակներ թանկացել են եւ այլն:

Ասուլիսին ներկա Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ անշարժ գույքի շուկան բաժանեց 2 խմբի, մեկը` ուղղված է քաղաքացիների բնակության համար, մյուսը` բիզնեսի զարգացման համար. «Դրանք տարածքներն են, գործարաններ, հողակտորներ եւ այլն: Եթե անշարժ գույքի շուկան կայուն ծանր է, ուրեմն այդ մասով չունենք էական փոփոխություններ: Այսինքն, չնայած, նշվում է համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության աճ կա 1%-ով… դա նշանակում է անշարժ գույքի շուկայում էլ պետք է աճ գրանցվեր: Որովհետեւ արդունաբերության զարգացումը պատրաստի տեղում հենց այնպես զարգացում չէ»:

Պարոն Մակարյանի խոսքերով, կառավարության նշած արդյունաբերության ոլորտում 14-16 ոլորտների զարգացումը մենք հիմա արդեն պիտի սկսեինք զգալ, որը սակայն չենք զգում` դատելով անշարժ գույքի շուկայում եղած լճացումից: Այսինքն արտադրություն ծավալելու համար նոր տարածքներ կամ գույք ձեռք համարյա ձեռք չեն բերվում:

Իսկ Հայաստանում անշարժ գույք ձեռք են բերում հիմնականում Ռուսաստանի հայերը, իրանցիներ ու մի փոքր թիվ են կազմում նաեւ սիրիահայերը, որոնց մեծ մասը նախընտրում է ԱՄՆ-ն եւ Եվրոպան:

Իսկ որպեսզի իրանցիների մուտքը Հայաստան ավելի արդյունավետ լինի ու շահեկան մեր տնտեսության համար, Գագիկ Մակարյանի գլխում, հենց ասուլիսի ժամանակ, մի փայլուն միտք ծագեց, որն առաջարկեց կառավարությանը կիրառել: Պարոն Մակարյանն առաջարկում է մեր Կենտրոնական բանկին՝ իրանական «Մելաթ» բանկի հետ մեխանիզմ մշակել, որպեսզի հայկական դրամի եւ իրանական փողի միջեւ ուղիղ կապ ստեղծվի, այլ ոչ թե իրանցիները Հայաստան գալու համար ստիպված լինեն միջնորդ արտարժույթ գնել, բերել այստեղ փոխակերպել դրամի. «Քանի որ մենք Իրանի հետ ունենք արտաքին առեւտուր, ապա այդ երկու կողմերն էլ` արտաքին առեւտուր իրականացնողները, կարող են միանգամից ստանալ դրամ կամ իրանական փող, այլ ոչ թե դոլար: Դա կազդի անշարժ գույքի, տուրիզմի զարգացմանը»:

«Ակցեռն» ընկերության ղեկավար Հակոբ Բաղդասարյանի կարծիքով էլ` հիփոթեքային վարկերի բարձր տոկոսներն ու տրամադրման խիստ պայմաններն էլ վատ ազդեցություն են թողնում անշարժ գույքի շուկայի վրա: Ըստ պարոն Բաղդասարյանի, հիփոթեքային վարկ տալուց, եթե կանխավճարը 30% կամ 50%-է, եւ եթե մարդը այդ գումարը կարողացել է վճարել, ապա ավելորդ է աշխատավարձի ծավալի բարձր լինելու պահանջը եւ մնացած բոլոր պահանջները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930