Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առանց Բաղրամյան 26-ի, Օսկանյանին անգամ անմեղ զրույցի չէին կարող հրավիրել»

Հունիս 14,2012 15:12

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանի մեկնաբանությունները՝ Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ

– Համամի°տ եք այն կարծիքին, որ Վարդան Օսկանյանի գործերով ԱԱԾի հետաքրքրված լինելն ունի քաղաքական ենթատեքստ, մանավանդ այն ֆոնի վրա, որ քննարկվում է, թե Վ. Օսկանյանը կարող է առաջիկա նախագահական ընտրություններում լինել ԲՀԿի թեկնածուն:

– Ես չգիտեմ, կլինի՞ Վարդան Օսկանյանը ԲՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու, թե ոչ: Այս պահին սա էական էլ չէ: Բայց համոզված եմ, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ: Էականն արդեն առաջադրված մեղադրանքի բնույթը չէ: Վերջին տարիներին ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու կամ պատժելու նպատակով գործող իշխանությունները խնդիր չեն ունեցել քրեական օրենսգրքից այդ պահին իրենց հարմար թվացող հոդված ընտրելու հարցում: Եղել է եւ փողերի լվացում, եւ իշխանության ներկայացուցչին դիմադրության ցուցաբերում, եւ խուլիգանություն, եւ զրպարտություն, եւ սահմանադրական կարգի սպառնալիք: Ամեն ինչ էլ եղել է: Որեւէ նորություն չկա: Բավական է, որ քաղաքական գործիչը հանդես գա ընդդիմադիր դիրքերից՝  նրա համար համապատասխան հոդված քր. օրենսգրքում անպայման կգտնվի: Բայց այստեղ  նշանակալի է ապագա մեղադրյալի ով լինելը: Օսկանյանը երկար տարիներ եղել է ՀՀ արտգործնախարար: Սա լուրջ հանգամանք է:

Նույն հոդվածով ժամանակին մեղադրվեց մեկ այլ ՀՀ արտգործնախարար՝ Ալեքսանդր Արզումանյանը: Արզումանյանի դեպքում ակնհայտ էր ստացված գումարի աղբյուրը: Ավելին՝ մարդը, որ ուղարկել էր այդ գումարը՝ մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ինքն է այն ուղարկել: Կար գումարը, կար գումարի մաքուր ու բացահայտ աղբյուրը, բայց խոսք էր գնում փողերի լվացման մասին միայն այն պատճառով, որ Արզումանյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ էր եւ հրահանգվել էր նրան պատժել: Ցավալի է, որ այն տարիներին նույն Օսկանյանը գտնվելով իշխանության մեջ չարտահայտվեց այս գործի ակնհայտ շինծու լինելու կապակցությամբ: Դատելով Օսկանյանի հրապարակային արտահայտություններից, իր մոտ այսօր նույն վիճակն է, ինչ էր Արզումանյանի դեպքում: Այստեղ դժվար է կրկին չմտաբերել  Մարտին Նիմյոլերի խոսքերը այն մասին, որ վտանգավոր է լռել, երբ հալածում են քեզ հետ առնչություն չունեցող մարդկանց միայն այն պատճառով, ոչ նրանք քեզ հետ կապ չունեն: Նրանց հետ հաշիվները մաքրելուց հետո գալու են նաեւ քո հետեւից: Օսկանյանի այս նոր սկսվող գործը պետք է ազդակ լինի բոլոր լռողների համար: Անկասկած գալու է լռողներից յուրաքանչյուրի հետեւից գալու ժամանակը:

Ինչպե°ս եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այն գնահատականը, թե ինքը չի զարմանա, որ բացահայտվի, թե Օսկանյանը խառն է փողերի լվացման մեջ, քանի որ «հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի նման գործերում»:

– Այստեղ զարմանալու կամ չզարմանալու խնդիր չկա: Օսկանյանը եղել է այդ համակարգի մասը: Լուրջ ու ծանրակշիռ մասը: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանդուրժել այն հանգամանքր, որ այսօր նրա նկատմամբ քաղաքական նկատառումներից ելնելով քրեական հետապնդում են նախաձեռնում: Սա չի կարող վրեժխնդրության կամ չարախնդության առիթ հանդիսանալ: Թե ինչ եւ ինչպես է արել Օսկանյանը իշխանության մեջ լինելու տարիներին՝ բոլորովին այլ խնդիր է: Դրա համար նրանից, ինչպես եւ հին ու նոր շատ իշխանավորներից, հաշիվ կպահանջվի, բայց անգամ այդ հաշիվը չպետք է իր մեջ վրեժխնդրություն կամ քաղաքական ենթատեքստ պարունակի: Այո, ակնհայտ է, որ իշխանության մաս կազմող ուժերին ու գործիչներին Հայաստանում ամեն ինչ էլ թույլատրվում է: Նրանք ազատորեն կարող են փողեր լվանալ, կարող են անթաքույց կաշառք վերցնել, կարող են ակնթարթորեն հարստանալ, խախտել գրված ու չգրված օրենքներն ու մնալ անպատիժ: Սա նորություն չէ: Բայց Օսկանյանն այսօր հալածվում է դրսեւորած քաղաքական կեցվածքի համար ու այս պահին հարկ է խոսել հենց այս հանգամանքից: Եթե չլիներ նրա այս կեցվածքը, նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր իրականացվի, եթե անգամ փողերի լվացման փաստ արձանագրվեր:

Կարծիքներ կան, որ Վարդան Օսկանյանի գործով ԱԱԾի զբաղվելու սցենարը մշակված է Բաղրամյան 26-ում և ավելի հարմար պահ չէր կարող գտնվել նման գործ բացելու համար, որպեսզի ԲՀԿի կողմից էլ հայտարարություններ հնչեին, թե իշխանությունները իբր փորձում են ճնշել «ընդդիմադիր դարձած ուժին»: Դուք հավանական համարո՞ւմ եք այս սցենարը:

– Առանց Բաղրամյան 26-ի՝ Օսկանյանի նկատմամբ ոչ միայն քրգործ, անգամ անմեղ զրույցի հրավեր լինել չէր կարող: Եվ ուժային կառույցները, եւ դատարանները, եւ հարկային մարմինները գտնվում են նախագահականի անվերապահ ու աչալուրջ հսկողության ներքո: Նրանք անում են միայն այն, ինչ հրահանգվում է: Հուսալ, որ Օսկանյանը կամ որեւէ մեկը կկարողանա դատական կարգով կամ նախաքննության փուլում ապացուցել իր անմեղությունը՝ միամտություն է: Իսկ ԲՀԿ եւ իշխանություններ փոխհարաբերությունների դաշտը դասական քաղաքականությունից դուրս է: Ընդհանրապես, հայաստանյան քաղաքականությունը կազմակերպվում ու տարվում է քրեական աշխարհին յուրահատուկ պարզաբանումների, հաշվեհարդարների ու տղայականության մակարդակներում: Այս մակարդակներում ես, որպես կանոն, ասելիք չեմ ունենում: Միայն կցանկանայի, որ ձեր նշած Բաղրամյան 26-ում նստած մարդիկ սթափվեին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930