Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ են մարդիկ անտեսվում

Հունիս 14,2012 15:04

Երևի բոլորս էլ ունենք ծանոթ մարդիկ, ու հատկապես երեխաներ, ովքեր ինչ – ինչ պատճառներով արժանանում են իրենց հասակակիցների անուշադրությանը: Նրանց առհամարհում են, որևէ հարցի շուրջ խոսելիս հաշվի չեն առնում նրանց կարծիքը, ցանկությունը… Դա հատկապես լինում է դպրոցական տարիքում, երբ երեխաները կուրորեն հավատում ու հետևում են իրենց ընկերների ու ընկերուհիների խոսքերին: Ցավալին այն է, որ այդ ամենը չի մնում միայն դպրոցական պատերի ներքո, այլ շարունակվում է նույնիսկ մեծ տարիքում:

«Ես դպրոցում այնքան էլ լավ չէի սովորում, ուղղակի ամաչում էի կանգնել դասարանի երեխաների մոտ ու դաս պատասխանել, նրանք ինձ վրա ծիծաղում էին», – պատմում է 18-ամյա Աստղիկը, վերջին շարքում էր նստում ու ինչպես ինքն է ասում՝ վերջին շարքում էր ոչ միայն դասարանում, այլև իր ընկերների համար. «Ավարտական դասարանում միայն ամեն ինչ փոխվեց, որ արդեն ավարտում էինք ավելի մտերմացանք միմյանց հետ, բայց էլի մի բան այն չէր», – անկեղծանում է Աստղիկն  ու ասում. «Հիմա նոր կյանք եմ սկսում, դպրոցական տխուր պահերը անցյալում թողնելով՝ առաջ եմ գնում, ես համոզված եմ համալսարանում այդպես չի լինի, հիմա ես էլ եմ փոխվել, առաջվանը չեմ, կայուն մարդ եմ դարձել»:

Հոգեբան Մարինա Գեւորգյանի խոսքով՝ անտեսելը կամ անտեսված լինելը մարդու տեսակից է գալիս, իսկ երեխաների դեպքում հատկապես մեծ դեր ունի դաստիարակությունը. «Անձի ձևավորման և զարգացման ընթացքում երեխան պետք է ճիշտ դաստիարակություն ստանա, քանի որ դրանից է կախված նրա ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, ինչպես նաև իր ու իր ընկերների հարաբերությունները: Կան ծնողներ, ովքեր անվստահ են լինում, վախենում են սխալ դաստիարակել, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և երեխան սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, ինչի հետևանքով էլ բացասական վարքագիծ է ձևավորվում»: Հոգեբանի խոսքով՝ պետք է երեխային սովորեցնել ունենալ սեփական կարծիք, ցանկություններ… դա հատկապես կարևոր է չափահաս տարիքում, երբ մարդն ունենա իր անհատականությունը և չտարվի այլ անձանց կարծիքներով: Վերջիվերջո պետք է երեխային հասկացնել, որ բոլոր երեխաներն էլ հավասար են, ոչ մեկը մյուսից առավել չէ, «Պետք է հասկանան, որ մի մատիտ ավել, կամ մի հագուստ պակաս ունենալը ամենևին էլ անտեսելու պատճառ չէ», – նշում է նա:

                                                                                                            Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930