Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայատառ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հունիսի 14-16-ը Երևանում կանցկացվի ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը: Համաժողովն իր աշխատանքը սկսեց այսօր Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում:
«Գրանշան» ամենամյա մրցույթներն անցկացվում են 2008 թվականից` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: 2010 թվականից մրցույթի կազմակերպիչ է նաև Մյունխենի տպագրական դիզայներների միությունը:
Նկատի ունենալով հայկական առաջին տպագիր գրքի 500-ամյակը և UNESCO-ի կողմից 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը` «Գրանշանի» կազմկոմիտեի հատուկ որոշմամբ, տառատեսակների 5-րդ միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում:
Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման բաժնի վարիչ և համանախագահ Էդիկ Ղաբուզյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մրցույթը սկսելուց առաջ խնդիր ունեինք բարելավել միմիայն հայկական տառատեսակների լուծման հարցը, բայց մրցույթը ցույց տվեց, որ խնդիրներն առկա են նաև արաբական, հնդկական և այլ ոչ լատինատառ այբուբեն կիրառող երկրների համար: Փորձում ենք գտնել այն ուղիները և վերհանել այն հայկական լեզվահամակարգի հարցերը, որոնցով մեր հայկական տառատեսակները կհասնեն լատինատառ այբուբենի օգտագործման մակարդակին»:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, տառարվեստը կարևոր փաստ համարելով, նշեց, որ դրա մեջ իրենց ավանդն են ներդրել հայ ազգի և օտարազգի բազմաթիվ ներկայացուցիչներ, և սա շատ գովելի է մշակութային կապերի առումով:
«Գրանշանի դերն ու նշանակությունը տարեցտարի ավելանում է,և յուրաքանչյուր համաժողով խնդիր ունի լուծելու տարբեր հարցեր: Այս օրը տպագիր ֆոնտերի տոն է: Խրախուսելի է այն փաստը, որ ամեն տարի այլ ազգի տառաստեղծների մասնակցության թիվն ավելանում է»,- հավելեց նախարարի տեղակալը:
Մյունխենի տպագրական դիզայներների միության նախագահ Բորիս Կոհանի կարծիքով, գիրը համընդհանուր առհավատչյա է և անկախ նրանից թե ինչ գործունեությամբ կզբաղվեք կյանքում, դերը միևնույն է, էական է:
«Մեր առաքելությունն է օգտվել այս կազմակերպության անցյալից և ընդլայնել նրա աշխատանքի շրջանակները: Կարդալն ամենուր է և միշտ է տեղի ունենում»,- վերջում կարևորեց Բորիս Կոհանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ