Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի սակավության պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է (Տեսանյութ)

Հունիս 14,2012 14:22

Այս տարի Հայաստանում արձանագրվել է սակավաջրության բարձր մակարդակ: Այսօր կառավարության նիստում այս մասին ահազանգեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Որ գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրի պակաս չունենան, պարոն Անդրեասյանն առաջարկեց փոփոխություններ կատարել Սեւանա լճի ու լճի էկոհամակարգի տարեկան համալիր ծրագրեր հաստատելու մասին օրենքներում: Նա առաջարկեց, Սեւանա Լճի բացթողումների չափաքանակը 170 միլիոն խ/մ-ից 320 միլիոնի հասցնել. «Տրադիցիոն համակարգերը, որոնք փոխարինում էին Սեւանա լճին, այսպես կոչված, Սեւան-Հրազդանյան համակարգում ունենք ջրի մեծ դեֆիցիտ : Խոշոր ջրաղբյուրներից, ինչպիսին Ապարանի ջրամբարն էր, անցյալ տարվա համեմատ, 91 միլիոնի լցվածության դեպքում, այսօր 31 միլիոն լցվածություն ունենք: Ազատի ջրամբարում մոտ 10 միլիոն դեֆիցիտ ունենք, Հրազդան գետի կանխատեսումներով էլ 20-30 միլիոն դեֆիցիտ ենք ունենալու»:

Պարոն Անդրեասյանի խոսքերով, անցած տարվա համեմատ, եթե Սեւանա լճի ջրօգտագործումը սկսվել էր հունիսի 2-րդ տասնօրյակին, այսօրվա դրությամբ, արդեն մոտ 80 միլիոն խմ ջուր են վերցրել. «Այս բոլոր փաստերի վերլուծությունը բերել է նրան, որ 2012-ը Սեւան- Հրազդանյան համակարգում անհրաժեշտ քանակի ոռոգման ջուր մատակարարելու համար խիստ անհրաժեշտություն կա դիմել Ազգային ժողովին, խնդրել չափաքանակների փոփոխություն կատարել, որի հետեւանքով կարողանանք մոտ 40.000 հեկտարի վրա իրականացնել նորմալ ջրամատակարարում: Լարվածություն կա նաեւ Ախուրյան-Արաքս համակարգում, որտեղ տրադիցիոն Ախուրյան ջրամբարում, անցած տարվա համեմատ, մոտ 120 միլիոն խմ պակաս ջրաքանակ ունենք: Այնտեղ ալտերնատիվ ռեսուրսների հնարավորություն չկա, եւ մենք պետք է անցնենք բացարձակ խնայողական կոշտ ռեժիմների»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հավելեց, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով , ու վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը. «Այն առումով, որ ջրի պահանջարկի մեկ հեկտարի համար հաշվարկներ են իրականացվել, եւ պարզվում է, որ այն ջրային ռեսուրսները, որ այս պահի դրությամբ ունենք, շատ արագ սպառվելու են, եւ եթե ուզում ենք ապահովել նորմալ ոռոգման ջրի մատակարարում, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ եւ լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր վերցնել Սեւանա լճից, որ գյուղատնտեսությունում չունենանք խնդիրներ»:

Վարչապետը նաեւ ասաց, որ երեկ հանդիպել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ . պարզվում է նրա ու ջրային կոմիտեի նախագահի ներկայացրած թվերի ու հաշվարկների միջեւ տարբերություն կա: Պարոն Սարգսյանը հանձնարարեց թվային տարբերությունների ու մեթոդաբանության հարցը քննարկել միասին ու գալ համաձայնության :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930